HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբեք ուշ չէ նկարելու համար...

Նարեկացի արվեստի միության ցուցասրահում դարձյալ ցուցահանդես է: Այս անգամ Նարեկացիում իր աշխատանքներն է ներկայացնում գեղանկարիչ Սերգեյ Շաշիկյանը:

Սա նկարչի երկրորդ անհատական ցուցահանդեսն է:

Ներկայացված աշխատանքները բոլորն էլ պաստելով են արված, սակայն առաջին հայացքից նյութը տարբերելը դժվար է, հեռվից այն կարելի է նույնիսկ յուղաներկի տեղ ընդունել:

Գեղանկարիչը ներկայացրել է իր տպավորությունները, որ ստացել է տարբեր կտավներ դիտելիս:

Հետաքրքրական են հատկապես Վերածննդի շրջանի գեղանկարիչների աշխատանքների իր տպավորությունները. Գոյա, Վերմեր, Վերոկքիո, Կառավաջո...

Նարեկացի ցուցասրահի մի կողմից դիտողին է  նայում Վերմերի մարգարտի օղով աղջիկը, մի կողմից՝ Վերոկքիոյի տիրամայրը….  

«Կարծում եմ՝ պետք է ձեւեր գտնել Վերածննդիի աշխատանքները ներկայացնելու համար: Այո, թեեւ դրանց մասին շատ է խոսվել, շատ են պատմում, սակայն մարդիկ կան՝ Վերածննդի մեծերին չգիտեն: Սա էլ ճանաչողության մի ձեւ է»,-ասում է Սերգեյ Շաշիկյանը: Նրա խոսքերով սա իր տպավորությունն է այն աշխատանքներից, որոնցից նա արտանկարում է:

Ս. Շաշիկյանն սկսել է նկարել բավականին ուշ՝ արդեն հասուն տարիքում: Ցուցադրվելու համար համարձակություն այնքան էլ չի ունեցել.  ՆԱՄ հիմնադիրի՝ Նարեկի համառ պնդումներից հետո միայն համաձայնել է ցուցադրել իր աշխատանքները:

«Ես չեմ նկարում ուրիշների համար, բայց մյուս կողմից էլ, երբ  նկարում ես, պետք է նաեւ ցուցադրվես, ներկայացնես աշխատանքներդ, որ ուրիշներն էլ տեսնեն»,-ասում է գեղանկարիչը:

Սերգեյ Շաշիկյանի խոսքերով ինքը ցանկացել է նկարչության ուղղությամբ շարունակել իր կրթությունը, սակայն միջադեպ է եղել, որ լիովին փոխել է իր ստեղծագործական կյանքը:

Երիտասարդ տարիներին ցանկացել է ընդունվել գեղարվեստի ԲՈՒՀ, եւ երբ տարել է իր աշխատանքները, որ ցույց տա, ներկա երիտասարդներից մեկը այդ աշխատանքներից մեկի թղթից մի կտոր է պատռել՝ վրան ինչ-որ բան գրելու: Այս քայլը խիստ ազդեցություն է թողել նկարչի վրա. «Կարծեցի՝ ուրեմն ինչքան վատն են այդ աշխատանքները, որ նա այդպես վարվեց դրանց հետ: Մտածեցի՝ շատ վատ եմ  նկարել…. Այդպես բոլորովին այլ մասնագիտություն ընտրեցի…»,-պատմում է Ս. Շաշիկյանը: 

Տարիներ անց Ս. Շաշիկյանը  վերադարձել է գեղանկարչությանը, հիմա վերականգնում է բաց թողածը:

«Ես շատ ժամանակ եմ կորցրել... Հիմա նկարում եմ եւ փորձում իզուր ժամանակ չկորցնել ու այլեւս չհեռանալ գեղանկարչությունից…. Հիմա էլ ուշ չէ, երբեք էլ ուշ չէ»: 

ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարթունյանն էլ նկարչին հանձնեց ՆԱՄ խորհրդանշական նվերները՝ հույս հայտնելով տեսնել նկարչի նորանոր աշխատանքներ: 

Սերգեյ Շաշիկյանի աշխատանքները կարող եք դիտել մինչեւ օգոստոսի 6-ը: 

Մարիամ Մուղդուսյան

Նարեկացի արվեստի միություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter