HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանը երրորդ անգամ ընկերական խաղ կանցկացնի Կոսովոյի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հայտնեց, որ ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի 6-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Կոսովոյի ընտրանու հետ վերջինիս դաշտում՝ Պրիշտինայում: Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 21:00-ին: 

Սա կլինի 3-րդ ընկերական հանդիպումը Կոսովոյի հետ: Պաշտոնական խաղեր թիմերը չեն անցկացրել:

Առաջին անգամ մեր ընտրանին բալկանյան այս հավաքականին հանդիպել է 2022 թ. նոյեմբերի 16-ին Պրիշտինայում: Չնայած Հայաստանի հավաքականը երկու անգամ առջեւում էր հաշվի մեջ, այդուհանդերձ, խաղն ավարտվեց 2-2: Մեր թիմից գոլերը խփեցին Ժիրայր Շաղոյանն ու Կամո Հովհաննիսյանը: Երկրորդ ընկերական մրցավեճը կայացել է 2024-ի մարտի 22-ին Երեւանում եւ ավարտվել հյուրերի 1-0 հաշվով հաղթանակով: 

Այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հայաստանն ու Կոսովոն անմիջական հարեւաններ են: Մեր ընտրանին 1219,15 վարկանիշային միավորով 100-րդն է, իսկ Կոսովոն՝ 1219,82 միավորով 99-րդը: 

Հիշեցնենք, որ մինչեւ Կոսովոյի հետ խաղը՝ մարտի 20-ին ու 23-ին, մեր թիմը Ազգերի լիգայի փլեյ-օֆ փուլի շրջանակներում 2 հանդիպում կանցկացնի Վրաստանի ընտրանու հետ: Մարտի 20-ի խաղը կկայանա Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի 21:00-ին, իսկ պատասխան հանդիպումը կմեկնարկի ամսի 23-ին՝ 18:00-ին, Թբիլիսիի Բորիս Պայճաձեի անվան մարզադաշտում: Երկու խաղերի վերջնարդյունքով հաղթողն իրավունք կունենա Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկությանը հանդես գալ B լիգայում, իսկ պարտվողը կխաղա C լիգայում: Եթե այս պահին Հայաստանը ՖԻՖԱ-ի վարկանիշով 100-րդն է, ապա Վրաստանը 68-րդ հորիզոնականում է:  

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter