
Ավտոկայանատեղի՝ կանաչ գոտու փոխարեն. ինչպես է մայթը դարձել «Ավանգարդ մոթորսի» սեփականությունը
Նոր Նորքի Գայի պողոտա-Սաֆարյան խաչմերուկի սկզբնամասում արդեն 3 ամսից ավել է քաղաքացիները չունեն մայթով քայլելու հնարավորություն։ 2024 թվականի նոյեմբերից «Ավանգարդ մոթորս» ընկերությունը շինարարական աշխատանքներ է իրականացնում այս հատվածում։ Ավտոկայանատեղի և գրասենյակ-ցուցասրահ կառուցելու նպատակով ընկերությունը շինհրապարակը առանձնացրել է երկաթյա թիթեղներով։ Շինհրապարակը ներառում է նաև հետիոտների համար նախատեսված մայթը, որը, պարզվում է, «Ավանգարդ մոթորս» ընկերության սեփականությունն է։
«Հետքն» ուսումնասիրել է շինհրապարակի տարածքի սեփականաշնորհման պատմությունը, քաղաքաշինական փաստաթղթերը և պարզել, որ հանգստի գոտի ստեղծելու նպատակով առանձնացված տարածքը տարիներ անց վերածվել է կայանատեղիի։ Ավելին՝ Ազգային արխիվում եղած փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հողատարածքի սեփականաշնորհման մասին որոշում չկա։
Հասկանալու համար, թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում է տարածքը սեփականաշնորհվել, դիմել ենք Կադաստրի կոմիտե։ Կոմիտեից հայտնել են, որ ներկայում «Վոլվո» և «Մերսեդես բենս» ապրանքանիշի մեքենաների վաճառակետերի զբաղեցրած տարածքի հողամասերը սեփականաշնորհվել են դեռևս 1995 թ․-ին՝ Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի (ներկայում՝ քաղաքապետարան) 1995 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունած 45/22 որոշմամբ։ Քաղաքային խորհրդի գործկոմի նախագահն այդ ժամանակ Վահագն Խաչատուրյան է եղել՝ ՀՀ ներկայիս նախագահը։
Ազգային արխիվում պահպանվել է հողահատկացման մասին վերոնշյալ որոշումը, դրան կից հատակագիծ և զեկուցագիր։ Այդ փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի 1995 թ․-ի որոշմամբ «Լուսխաչ» ՍՊԸ-ին, առևտրի կենտրոն կառուցելու նպատակով, հատկացվել է 0,63 հա հողամաս (6300 քմ)։ Իսկ որոշմանը նախորդած զեկուցագրում նշված է, որ հողամասը տրամադրվում է առևտրի կենտրոն և հանգստյան գոտի կառուցելու նպատակով։ Կցված քարտեզում էլ առանձնացված են 2 հատվածներ, որոնցից մեկում հիմա «Մերսեդես բենս» ապրանքնանիշի մեքենաների վաճառակետն է, իսկ մյուս հատվածը վաճառակետի մայթին գտնվող տարածք է։ «Մերսեդես բենսի» վաճառակետ-ցուցասրահի դիմացի մայթի վերաբերյալ, որտեղ հիմա շինարարական աշխատանքներ են իրականացվում, որևէ տվյալ այս փաստաթղթերում չկա։
Վերևի քարտեզում եւ ներքևի հատակագծում կարմիրով ընդգծված հատվածն այն հողատարածքներն են, որոնք տրվել են «Լուսխաչ» ՍՊԸ-ին։ Շինաշխատանքներն ընթանում են կանաչով նշված հատվածում։
Եթե Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նույն որոշմանը կցված քարտեզում Գայի պողոտա-Սաֆարյան խաչմերուկի վերոնշյալ հատվածը առկա չէ, հարց է առաջանում, ի՞նչ հիմքով է այդ տարածքը դարձել ընկերության սեփականությունը։
«Լուսխաչ» ՍՊԸ-ն 1999 թվականի մարտի 24-ին վերոնշյալ հողատարածքը վաճառել է Մարտին Հովհաննիսյանին, որը նույն ընկերության տնօրենն է եղել։ 1999 թվականի դեկտեմբերի 17-ին հողատարածքի սեփականության իրավունքը փոխանցվել է Մարտին Հովհաննիսյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Ինթերմոթոր Արմենիա» ՓԲԸ-ին, որի լուծարումից հետո` 2005 թվականի մարտի 15-ին, գույքի սեփականատերը դարձել է «Ավանգարդ մոթորս» ՓԲԸ-ն, որը նշված ընկերությունների իրավահաջորդն է։
Հասկանալու համար՝ կան արդյոք այլ փաստաթղթեր կամ քարտեզ, որը կհիմնավորի, թե ի՞նչ հիմքով են մայթն ու դրա հարակից տարածքը դարձել ընկերության սեփականությունը, գրավոր դիմեցինք «Ավանգարդ մոթորս» ՓԲԸ-ի տնօրեն Սերգեյ Ավետիսյանին, որը մեր գրավոր հարցմանը չպատասխանեց։
Ինչպես արդեն նշել էինք, Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված զեկուցագրի համաձայն՝ «Լուսխաչ» բարեգործական հիմնադրամին հողատարածքը հատկացվում էր առևտրի կենտրոն և հանգստի գոտի կառուցելու նպատակով։ Զեկուցագրին կից ներկայացվող արձանագրությամբ էլ հողահատկացումների մշտական հանձնաժողովի անդամները իրենց դրական կարծիքն էին հայտնել այն պայմանով, որ պահպանվեն այդ տարածքում առկա կանաչ գոտիները։
Երևանի արխիվային լուսանկարներ հրապարակող հարթակում՝ hinyerevan.com-ում, կա մի լուսանկար, որը թվագրված է 1984 թ․-ի։ Լուսանկարի դիրքը հարավ-արևելքից է (նկարահանվել է Նանսենի փողոցի կողմից, հավանաբար, ուղղաթիռից)։ Լուսանկարի կենտրոնական մասի մուգ շագանակագույն տանիքով և վիտրաժային պատուհաններով շինությունը Նոր Նորքի նախկին Ծածկած շուկան է, որի տեղում հետագայում կառուցվել է ներկայիս «Մեգամոլ» առևտրի կենտրոնը։ Լուսանկարի ձախ մասից սկիզբ առնող լայն ճանապարհը Գայի պողոտան է։ Ճանապարհի աջակողմյան մասում պատկերված բաց դարչնագույն շինությունը Նոր Նորքի նախկին ունիվերսամի շենք է, որը նույնությամբ պահպանվել է մինչ օրս։ Ունիվերսամի ներքևի կանաչ տարածքի մի մասը ներկայում «Մերսեդես բենսի», մի փոքր ավելի ներևք «Վոլվոյի» վաճառասրահն է, որտեղ էլ այժմ շինարարություն է ընթանում։ Լուսանկարի աջ մասում պատկերված կայանատեղիի տարածքում հետագայում կառուցվել են «Պալաս» առևտրի կենտրոնն ու դրա կայանատեղին։
Հատկացված հողատարածքներից և ոչ մեկում հանգստի գոտի երբևէ չի կառուցվել, իսկ «Google earth» ծրագրի միջոցով տեսնում ենք, որ այս տարածքում եղած բոլոր ծառերը տարիների ընթացքում հատվել են։
2017 թվականին «Ավանգարդ մոթորս» ՍՊԸ-ին ավտոկայանատեղիի կառուցման համար Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է շինարարության թույլտվություն։ Ընկերությունը 2017-ին մայթ է կառուցել։ Մայթի կառուցում նախատեսված է նաև 2024 թվականին հաստատված նախագծով. ընկերությունը պետք է 3մ լայնությամբ հետիոտնի տեղաշարժի համար նախատեսված մայթ կառուցի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս անդրադարձել է զավթված մայթերին, որոնք քաղաքացիները վերածում են շինհրապարակների կամ ավտոկայանատեղիների և նշել, որ «քաղաքացին ինքը իր մայթը պետք է ապահովի»։ Վարչապետը հորդորել էր քաղաքացիներին մայթն ու փողոցը չխլել ինքներս մեզնից։ Բայց այս պարագայում մայթի վրա շինարարական աշխատանքների թույլտվությունները տրվել են վարչապետի թիմակիցների կողմից։
ՀՀ քննչական կոմիտեում քաղաքացի Սուրեն Սեմերջյանի հաղորդման հիման վրա 2024 թվականի դեկտեմբերի 11-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշով (պաշտոնական անփութություն)։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ նախաքննության ներկա փուլում որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ: Նախաքննությունը շարունակվում է։
Մեկնաբանել