
Հայտնի է Վարդան Ղուկասյանի ձերբակալման պատճառը. նրան արտաքսում է սպառնում
ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանին արտաքսում է սպառնում։
«Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան` ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանությունից (ICE) մանրամասներ են հայտնել։
«47-ամյա Վարդան Յուրիկի Ղուկասյանը, ով Հայաստանի քաղաքացի է, գտնվում է ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանությունում (ICE) կալանքի տակ՝ Լաս Վեգասում, Նևադա նահանգում: Նա ձերբակալվել է ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության աշխատակիցների կողմից փետրվարի 20-ին և տեղափոխվել կալանքի՝ միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ղուկասյանը 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում չի լքել երկիրը»,- ասել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային վարչության Հյուսիսարևմտյան տարածաշրջանի հաղորդակցության տնօրեն Ալաթեա Սմոքը։
Ըստ ԱՄՆ օրենսդրության` միգրացիայի կանոնների խախտումների դեպքում նախատեսվում է վարչական և դատական կարգով հարցի լուծում, իսկ որոշ դեպքերում՝ արտաքսման ընթացակարգ։
ԴՕԿ կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Վարդան Ղուկասյանի դատական նիստը հետաձգվել է, և հաջորդ նիստը տեղի է ունենալու մարտի 10-ին։ Կուսակցության էջում հրապարակվել է դատարանի ներսից տեսանյութ։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին «Հետքը» պարզել էր, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է և պահվում է Լաս Վեգասում ՝ Հենդերսոն ձերբակալվածների պահման վայրում: Վարդան Ղուկասյանի փաստաբանը նույն օրը հերքել էր այս փաստը։
Կարդացեք նաև
Մեկնաբանել