HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը կարող են շատ ավելին անել»․ Ռուբեն Վարդանյանի փաստաբան

Արցախի նախկին պետնախարար, Բաքվի բանտում հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարություն է հրապարակել, որում պնդում է, որ Հայաստանի իշխանությունները կարող են շատ ավելին անել Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալների և գերիների ազատության համար։

«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, որ բարձրաձայնեց իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանում գտնվող մյուս հայ քրիստոնյա քաղբանտարկյալների ու ռազմագերիների ազատության հարցը: Սա մեծ նշանակություն ունեցող քայլ էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է դրանից շատ ավելին անել՝ դա [գերիների ազատումը] իրականություն դարձնելու համար: Մենք աղոթում ենք և խնդրում ենք նրա օգնությունն ու աջակցությունը»,-գրել է Գենսերը X-ի իր միկրոբլոգում։

Ստորև ներկայացնում ենք փաստաբանի առաջարկների հայերեն թարգմանությունը։

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, ի՞նչ կարող է անել Հայաստանը Ադրբեջանում գտնվող հայ քրիստոնյա քաղբանտարկյալների և ռազմագերիների ազատման համար:

Շատերն են հարցնում, թե ինչպես կարող է Հայաստանը նպաստել Ադրբեջանում կալանավորված հայ քրիստոնյա քաղբանտարկյալների ազատ արձակմանը, հաշվի առնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն: Իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարող են անել շատ ավելին։

  • Հանրային հայտարարություններ և հանրային դիվանագիտություն

Վարչապետ Փաշինյանը կարող է հիմնվել արտգործնախարարի և արտգործնախարարության հայտարարությունների վրա և հրապարակային հայտարարություն անել՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների և ռազմագերիների ազատ արձակումն առաջնահերթ խնդիր է, որ նրանց կալանավորել են քաղաքական դրդապատճառներով և որ նրանք պետք է անհապաղ և անպայման ազատ արձակվեն: Վարչապետը կարող է մամուլի ասուլիս հրավիրել՝ քննարկելու այս հարցերը, հոդված հրապարակել հեղինակավոր թերթում և կարևոր իրադարձություններին զուգահեռ բարձրաձայնել խնդրի մասին:

  • Աջակցել ընտանիքներին

Ե՛վ վարչապետը, և՛ արտգործնախարարը կարող են հանդիպել քաղբանտարկյալների և ռազմագերիների ընտանիքների հետ՝ իրենց համերաշխությունն արտահայտելու համար: Նրանք կարող են նաև խնդրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) դիտորդներ ուղարկել Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատավարություններին: Նրանք կարող են նաև խնդրել իրենց բոլոր այն դաշնակից երկրներին, որոնք դեսպանատներ ունեն Բաքվում, ուղարկել դատական դիտորդներ: Նրանք կարող են նույնիսկ խնդրել Ադրբեջանին, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, թույլ տալ Հայաստանի կառավարության դիտորդներին մասնակցել դատավարություններին:

  • Համագործակցել Ադրբեջանի հետ

Վարչապետ Փաշինյանը կարող է Բաքու ուղարկել գաղտնի ներկայացուցիչ՝ մարդասիրական հաղորդակցության կապուղի բացելու և քաղբանտարկյալների ու ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ բանակցություններ սկսելու համար: Բացի այդ, նա կարող է համագործակցել համախոհ կառավարության հետ, օրինակ՝ Շվեյցարիայի հետ, Բաքվում իրենց դեսպանատանը Հայաստանի շահերի բաժին ստեղծելու և Հայաստանի շահերը Ադրբեջանում ներկայացնելու համար: Նույնիսկ եթե քաղբանտարկյալների և ռազմագերիների հարցը չմտնի խաղաղության պայմանագրի մեջ, վարչապետը կարող է գաղտնի պայմանավորվել, որ նրանց ազատ արձակումը պետք է տեղի ունենա համաձայնագրի վերջնականացումից առաջ կամ դրան զուգահեռ:

  • Խնդրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրոպական միության աջակցությունը

Վարչապետ Փաշինյանը կարող է օգնություն խնդրել նախագահ Թրամփից և պետքարտուղար Ռուբիոյից, Ֆրանսիայի նախագահ Մակրոնից և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասից հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների ազատ արձակման հարցում:

  • Շարունակել և ընդլայնել իրավական գործընթացները

Կառավարությունը կարող է շարունակել իրավական գործընթացները Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: ՀՀ կառավարությունը կարող է նաև խնդրել Միջազգային քրեական դատարանի դատախազին սկսել նախնական քննություն՝ Լեռնային Ղարաբաղի 120,000 հայ քրիստոնյա բնակիչների բռնի տեղահանման վերաբերյալ:

  • Համագործակցել համաշխարհային կրոնական համայնքի հետ

Նախագահ Թրամփի արած հայտարարությանը համահունչ՝ ՀՀ կառավարությունը կարող է կոչ անել, որ կրոնական համայնքն անդրադառնա հայ քրիստոնյա համայնքի՝ ինչպես Լեռնային Ղարաբաղից արտաքսված 120,000 հայերի, այնպես էլ Բաքվում իրենց ազգային և կրոնական պատկանելիության համար կալանավորված հայ քաղբանտարկյալների հստակ հետապնդումներին:

  • Բազմակողմ համագործակցություն

Վարչապետ Փաշինյանը կարող է նշանակել հատուկ ներկայացուցիչ, որը կաշխատի ամբողջ աշխարհում հալածվող քրիստոնյաների ազատ արձակման համար՝ հատուկ շեշտ դնելով քաղբանտարկյալների և ռազմագերիների ազատ արձակման վրա: Նա կարող է միանալ աշխարհի 80 երկրներին և ստորագրել Կանադայի կողմից առաջարկված Պետություն-պետություն հարաբերություններում կամայական կալանքի դեմ հռչակագրին: Վարչապետ Փաշինյանը կարող է խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին՝ մարդասիրական նկատառումներով օգնել բանտարկյալների և ռազմագերիների ազատ արձակման հարցում:

Գլխավոր լուսանկարը՝ jta.org

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter