
«Պատերազմի ավարտից հետո որդուս փնտրել ենք տարբեր վայրերում՝ հիվանդանոցներում և դիահերձարաններում». զոհվածի ծնողի ցուցմունքը
Արմինե Ալավերդյանի որդին՝ Սուրեն Դեմիրճյանը, Հադրութի Այգեստան գյուղում զոհված 73 զինծառայողներից մեկն է։
Որդու հետ վերջին անգամ Արմինեն խոսել է 2020թ. հոկտեմբերի 10-ին։ Դրանից միայն 3 ամիս հետո՝ 2021թ. հունվարի 14-ին են ԴՆԹ փորձաքննության արդյունքները հաստատվել, հունվարի 17-ին Սուրենին հուղարկավորել են։
2020թ. հոկտեմբերի 11-ին Հադրութի Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով Մարտունի 3 զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի 73 հոգանոց անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։ Զոհվածների ծնողների խոսքով՝ զինծառայողներին հրաման է տրվել գնալ արդեն իսկ գրավված Հադրութ։
Մեղադրյալի աթոռին երկու հրամանատար է՝ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նրանք մեղադրվում են անփույթ վերաբերմունքի հետևանքով ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
«Ինչ համարով որ զանգել էր, մենք էդ համարով հետ էինք զանգում, երեխեքը պատասխանում էին, որ հանձնարարության է գնացել, երբ գա, կասենք։ Հետո տեսանք, որ արդեն ձգձգվում ա 3 ամիս, վաշտի հրամանատարի հետ խոսեցինք, ասեց՝ գնացել են, բայց տեղյակ չենք՝ ուր են, լուր չունենք։
Արդյուքնում պարզվեց, որ «9-րդ կմ-ում» պետք է դիմավորեին, ոչ ոք չէր դիմավորել, դիմավորել էր թուրքը»,- այսօր դատարանին հայտնեց տուժող ճանաչված Արմինե Ալավերդյանը։
Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը հարցրեց տուժողին՝ արդյո՞ք ինքն ասել է, որ «Գոռ Իշխանյանն է էրեխեքին հասցրել մահվան դուռը»։
-Ես տենց բան չեմ ասել, ինձ քննիչն ասեց, որ Գոռ Իշխանյանն ու ևս մեկ հոգի է երեխեքին ուղարկել, իրենց ձերբակալել են,- պատասխանեց տուժողը։
Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը տուժողի նախաքննական ցուցմունքից հատված հրապարակելու միջնորդություն ներկայացրեց։
Պաշտպան Դավիթ Կարապետյանն էլ հայտնեց, որ տուժողին մի քանի հարց էլ ունի, քանի որ հակասություններ կան։
-Դուք տեղյակ եք՝ քանի՞ մեքենայով են և ի՞նչ հանձնարարությամբ են գնացել,- հարցրեց պաշտպանը։
-Չգիտեմ՝ ինչ հանձնարարությամբ են գնացել, բայց գիտեմ, որ 3 մեքենայով են գնացել, 76 հոգի են եղել,- պատասխանեց Արմինե Ալավերդյանը։
Ըստ տուժողի՝ զինծառայողները պետք է գնային «9-րդ կմ» կոչվող խաչմերուկ։
-Ո՞վ էր տվել հրամանը։
-Եթե չեմ սխալվում, իրենց վաշտի հրամանատարը,- նշեց տուժողը։
-Իսկ Ջալալ Հարությունյանի մասին ի՞նչ գիտեք,- հարցրեց Գոռ Իշխանյանի պաշտպանը։
-Գիտեմ, որ ինքն իր զինվորներին պահող արտակարգ անձնավորություն է եղել։
-Իսկ տե՞ղյակ եք, որ Ջալալ Հարությունյանն է հրաման տվել, որ ուղարկեն «9-րդ կմ»։
-Չէ։
-Ուղեկցող սպաներն ովքե՞ր են եղել։
-Գիտեմ որ եղել է, բայց անուն չգիտեմ։
-Սլավիկ Ավագյան, Գևորգ Գևորգյան, լսե՞լ եք։ Էդպիսի տվյալներ քննիչին ասե՞լ եք,- հարցրեց պաշտպանը։
-Չէ։
Դատարանը բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը։ Տուժող Արմինե Ալավերդյանի՝ քննիչի մոտ 2021թ. նոյեմբերի 17-ի տված ցուցմունքից հատված հրապարակվեց։
«Վերջին անգամ ես որդուս հետ խոսել եմ հոկտեմբերի 10-ին՝ առավոտից գրեթե մինչև երեկո։ Որդիս այդ օրն ինձ ոչինչ չի հայտնել, ասաց, որ ծառայությանը մնաց 100 օր, չանհանգստանամ։ Դրանից հետո որդուս հետ կապ չեմ կարողացել հաստատել, իսկ պատերազմի ավարտից՝ 2020թ. նոյեմբերի 10-ից հետո, որդուս փնտրել ենք տարբեր վայրերում՝ Գորիսի, Ստեփանակերտի հիվանդանոցներում և դիահերձարաններում։ Նոյեմբերից որդուս համածառայակից ընկերների ծնողներից, ովքեր նույնպես փնտրում էին իրենց երեխաներին, տեղեկացել եմ, որ նրանք գնացել են Արցախ, որտեղ տեղեկացել են, որ Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը հրաման է տվել որդուս, վաշտի անձնակազմին 3 մեքենայով տեղափոխվել և շարունակել մարտական գործողությունները Ֆիզուլիից (հայկական անվանումը՝ Վարանդա, հեղ.) Հադրութ ուղղությամբ «9-րդ կմ» կոչվող խաչմերուկում։
Ըստ մեր տեղեկությունների՝ իմացել ենք, որ դեռևս հոկտեմբերի 10-ին Հադրութը գրավված է եղել, և այն ճանապարհը, որով տարել են մեր երեխաներին, պաշտպանված չի եղել, և ճանապարհը վերահսկվել է ադրբեջանցիների կողմից։
Հետագայում պարզեցինք, որ մեր երեխաներին ոչ ոք չի դիմավորել, օգնության չեն եկել, և ըստ շրջանառվող տեղեկությունների, Գոռ Իշխանյանի և Կարեն Առստամյանի ոչ ճիշտ գործողությունների հետևանքով երեխաներն ընկել են շրջափակման մեջ, և կռիվ տալով՝ զոհվել են։
Ներկա դրությամբ տեղյակ եմ, որ անձնակազմի ԴՆԹ նմուշներով, ինչպես նաև դիակներով, հայտնաբերվել է 73 հոգի։ Որպես ծնող՝ ինձ համար մինչ օրս էլ անհասկանալի է մնացել՝ ինչպես կարելի է անձնակազմ ուղարկել ինչ-որ հատված, և նման ճակատագրի արժանանալ։ Ես գտնում եմ՝ ինչպես զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը, այնպես էլ մյուս պատասխանատու վերադաս հրամանատարները ճիշտ չեն ղեկավարել այդ անձնակազմի տեղափոխման գործողությունները, որի հետևանքով անձնակազմը ենթարկվել է հրետակոծության և դիվերսիոն հարձակման։
Անձնակազմի մեծ մասի դիակները հայտնաբերվել և հանվել է «9-րդ կմ» կոչվող խաչմերուկից դեպի Հադրութ տանող ճանապարհի հատվածում, որը Այգեստան գյուղն է։ Ինչ ճանապարհով է անձնակազմը հասել այդտեղ՝ մեզ մինչ օրս անհայտ է։
Անձնակազմին ոչ ոք չի դիմավորել, իսկ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը, առանց ճշտումներ կատարելու, անձնակազմն ուղարկել է մահվան դուռը։ Այս ամենը մեր՝ ծնողներիս, վերլուծություններն են։
Իմ միակ պահանջն այն է, որ բոլոր այն անձինք, ովքեր մեղավորություն ունեն որդուս և նրա համածառայակիցների մահվան մեջ, պատասխան տան օրենքի առջև, ամենայն խստությամբ»,- նախաքննական ցուցմունքում նշել է տուժող Արմինե Ալավերդյանը։
Քննիչի մոտ տված ցուցմունքում տուժողը նաև անձնակազմի հետ եղած սպաներ Գևորգ Գևորգյանի և Սլավիկ Ավագյանի անուններն էր նշել։
Հանրային մեղադրողը խնդրեց տուժողին մոտենալ և նայել արդյոք ցուցմունքի տակ իր ստորագրությունն է։
Վերջինս հաստատեց, որ իր ստորագրությունն է, սակայն նշեց, որ տեքստը չի կարդացել ստորագրելուց առաջ։
-Վերջում չե՞ք կարդացել,- հարցրեց հանրային մեղադրողը։
-Չէ, չեմ կարդացել,- պատասխանեց տուժողը։
-Բա ինչի՞ համար եք գրել, որ կարդացել եք։
- Քննիչն ասեց՝ գրի, գրեցի։
Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հարցրեց տուժողին՝ արդյոք քննիչը նրան ուղղորդել է։
Արմինե Ալավերդյանն ասաց, որ ուղղորդում չի եղել, բայց կան մտքեր, որ իրենը չեն։ Օրինակ այն, որ Գոռ Իշխանյանն է անձնակազմին հրաման տվել գնալ «9-րդ կմ»։
Հանրային մեղադրողը նորից ընթերցեց այդ հատվածը, որից հետո տուժողը հաստատեց, որ ասել է նման բան։
-Հարգելի տուժող, լարվա՞ծ եք էս պահին,- հարցրեց հանրային մեղադրողը։
-Շատ,- պատասխանեց զոհվածի մայրը։
Հանրային մեղադրողը հորդորեց նրան հանգստալ, որ ճիշտ պատասխանի հարցերին։
-Հակասությունը հնարավո՞ր է պայմանավորված լինի չհիշելով,- հարցրեց Արշակ Մարտիրոսյանը։
-Այո,- ասաց տուժողը։
Այս ընթացքում դատարանում 33 զոհվածի ծնող, քույր կամ եղբայր է հարցաքննվել։ Նրանց մեծամասնությունը պնդում է՝ զինծառայողներին ուղարկել են արդեն իսկ գրավված տարածք։
Տուժողներից երկուսն այսօր այլ ծնողների միջոցով դատարանին դիմումներ էին փոխանցել։ Տուժողներ Գուրգեն Գևորգյանը և Վեներա Ղարայանը դատարանին բժշկական փաստաթղթեր էին ներկայացրել՝ նշելով, որ առողջական խնդիրների պատճառով չեն կարող ներկայանալ և խնդրել հիմք ընդունել իրենց նախաքննական ցուցմունքը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին:
Գլխավոր լուսանկարում՝ Արմինե Ալավերդյանը
Մեկնաբանել