HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անմեղ մարդկանց պիտակավորում են հանցագործի պիտակով»

Ես դեռեւս 2012թ. ապրիլի 27-ին 9 թերթանոց ծավալուն դիմումով ինչպես ՀՀ նախագահին, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ ոստիկանության ծառայության պետին, հանգամանորեն ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության, քրեադատավարական եւ նյութական քրեական օրենսդրությունների առկայության պայմաններում, իրենց նշված օրենքներից վեր դրած, արդարադատության ֆունկցիա իրականացնելու համար կոչված, սակայն իրենք իրենց գավառական իշխանիկներ հայտարարած եւ «Միկադո» կոչվող ճապոնական կայսրից ավելի լիազորություններով օժտված, Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Հայկ Կարապետյանի, նույն մարզի ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննիչ Արման Նշանյանի և քննչական բաժանմունքի քննիչ Արա Ջավադյանի անօրինական և ապօրինի գործողություններn իմ նկատմամբ՝ նշելով, որ դատախազ Կարապետյան Հայկն իմ նկատմամբ ունեցած անձնական հակակրանքի պատճառով դեռեւս 2009թ. քրեական մի գործ թխեց, որով ինձ մեղադրեց խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հասնող միջոցների հափշտակության մեջ: 

Այդ գործի քննության ժամանակ քննչական գործողությունների ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ նկատմամբ հսկողություն իրականացնող ԴԱՏԱԽԱԶ Հայկ Կարապետյանը Սիսիանի ոստիկանության բաժնում, որտեղ նաեւ նրա աշխատասենյակն է գտնվում, գործով վկաներ Վրեժ Հարությունյանի եւ Սերգեյ Պողոսյանի ներկայությամբ պահանջեց, որ ես ինձ մեղադրող սուտ, շինծու ցուցմունք տամ` նույնը պահանջելով գործով վկա Վրեժ Հարությունյանից, սակայն մեզանից մերժում ստանալով` Սերգեյ Պողոսյանի ներկայությամբ անմիջապես ծեծի ենթարկեց ինչպես ինձ, այնպես էլ վկա Վրեժ Հարությունյանին, որի պատճառով կոտրվեց իմ մեկ ատամը, ապա անօրինական կարգով երկուսիս էլ կալանավորեց ոստիկանության բաժնի ժամանակավոր պահման մեկուսարանում, որի արդյունքում, վկան, վախենալով դատախազի սպառնալիքներից, որ իրեն էլ կնստեցնի, իմ նկատմամբ սուտ, մեղադրող ցուցմունք տվեց, որի արդյունքում այդ քրեական գործով դատարանն իմ նկատմամբ, դատախազ Կարապետյանի միջնորդության համաձայն, 4 տարի ժամկետով ազատազրկման դատավճիռ կայացրեց: 

Վերաքննիչ դատարանն ազատազրկումը փոխարինեց 2 տարվա պայմանական դատապարտությամբ, թեեւ ես ինձ մեղավոր չեմ ճանաչել մեղսագրվող հանցանքում: 

Իմ նկատմամբ սուտ ցուցմունք տալուց եւ դրա համար ինձանից ներողություն խնդրելուց հետո վկա Վրեժ Հարությունյանը, դատախազ Կարապետյանի ահից, փախավ Հայաստանից, չներկայացավ դատարան եւ ճիշտ ցուցմունք չտվեց: 

Նա Հայաստան վերադարձավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի եւ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատաքննություններն ավարտվելուց հետո: 

Դեռեւս ինձ ոստիկանության բաժնում ծեծի ենթարկելու եւ ատամս կոտրելու օրը` 2009թ. նոյեմբերի 19-ին, դատախազ Կարապետյանը ոստիկանության բաժնի միջանցքում, երբ արդեն միջանցքով գնում էի` շենքից դուրս գալու համար, նշված անձանց ներկայությամբ հետեւիցս բղավեց. «Ես քեզ նստացնելու եմ, դու մի օր էլա պետք ա նստես, ով քեզ չնստացնի, բ…ի տղայա»: 

2010թ. մարտի 13-ին, ես` որպես գործով մեղադրյալ, միջնորդություն եմ ներկայացրել դատախազ Կարապետյանին` նախ պատասխանելու 2009թ. նոյեմբերի  19-ին իր թույլ տված դիրքի չարաշահման վերաբերյալ պարզաբանում տալու վերաբերյալ, ինչպես նաեւ քրեական գործով կարեւոր հարցերի կապակցությամբ օբյեկտիվ նախաքննություն ապահովելու պահանջով, որն ուղարկել եմ փոստային ծառայության միջոցով, եւ որին Կարապետյանը պատասխանել էր, թե այդպիսի բան չի եղել: 

Դատախազ Կարապետյանն ինձ յուրաքանչյուր առիթով հիշեցրել է, որ ես «մեկ օր էլ ա պետք ա նստեմ»: 

Վերջապես Կարապետյանն իր երազանքն իրականացնելու մի ձեւ գտավ: 

Կինս` Գայանե Դավթյանը որպես «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի հետ պայմանագրային կարգով անհատ ձեռնարկատիրական ապահովագրական գործունեություն ծավալող գործակալ, 2011թ. փետրվարի 20-ին Երեւան քաղաքում տաքսի ավտոմեքենայի մեջ կորցրեց ապահովագրական գործունեության ընթացքում հավաքված եւ Սիսիան քաղաքից Ընկերության գանձարկղ մուծելու նպատակով բերված շուրջ 8 000 000 (ութ միլիոն) դրամ գումարը: 

Ես եւ կինս անմիջապես զբաղվել ենք նրա կորցրած գումարի չափով պարտքը մարելու հարցով, բանակցել ենք «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի ղեկավարության հետ, առաջարկել եմ իմ տաքսոմոտորային ՍՊԸ-ի եւ իմ անձնական սեփականություն հանդիսացող 2 արտասահմանյան ավտոմեքենաները, առաջարկել ենք, որ ռեալ, տրամաբանական ժամկետներով ժամանակացույց սահմանեն` պարտքը մարելու համար, առաջարկեցինք, որ կինս աշխատի, սակայն աշխատավարձը մուծի ԱՓԲԸ-ի հաշվին, իրենց առաջարկությամբ 2011թ. ապրիլին մեկ ավտոմեքենայիս գրավադրմամբ գրավատանից ստացած գումարով կանխիկ մուծեցինք 1 000 000 (մեկ միլիոն) դրամ գումար` դրա արդյունքում կորցնելով 4 մլն դրամ շուկայական արժողության ավտոմեքենաս, այսինքն` մեզանից կախված ամեն ինչ արել եւ անում ենք` կորցրած գումարը վերականգնելու համար: 

Այ հենց այդտեղ էլ հայտնվեց օրենքների ճիշտ կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար կոչված դատախազ Կարապետյանն ու «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի կողմից գումարի պարտքի վերաբերյալ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն, իսկ այնտեղից էլ` Սիսիանի ոստիկանության բաժին ուղարկված հաղորդումը քրեական գործի հարուցման հիմք դարձնելով, ինքը մշտապես մնալով վարագույրի հետեւում` ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի քննչական բաժանմունքի քննիչ Ջավադյանին կարգադրեց քրեական գործ հարուցել կնոջս կողմից իբր այդ գումարը յուրացնելու հիմքով: 

Ես չեմ կարող պնդել, թե դատախազ Կարապետյանը կամ քննիչ Ջավադյանը չեն հասկանում, որ գումար կորցնելը չի կարող իրեն վստահված միջոցի յուրացում համարվել, իսկ եթե այդքան են հասկանում, ուրեմն նրանցից պետք է օր առաջ ազատվել: 

Ինչպես վերը նշեցի, ես դեռեւս 2012թ. ապրիլի 27-ին ՀՀ նախագահին հղած դիմումով հայտնել էի ողջ իրականությունը` մտածելով, թե նրան ժամանակին տեղեկացրած կլինեն այս բացառիկ անօրինականության մասին, սակայն տեսա, որ Կարապետյանն ու քննիչն առանց հաշվի առնելու Սահմանադրության եւ օրենքների պահանջները, ինչպես ցանկանում, այնպես էլ անպատիժ ոտնահարում են դրանք` ուստի վախենալով, որ դիմումս ՀՀ նախագահին չի ներկայացվել, այլապես դրանք այդ աստիճանի հանդգնություն չէին ունենա, որ ընդհանրապես առանց ապացույցների, դեռ ավելին` քննիչի կողմից իր դիրքը չարաշահելու եւ գործում եղած` կնոջս կամայական կերպով մեղսագրվող հանցանքը բացառող, օրինական, արդարացնող ապացույցները դատարանից թաքցնելով, երկու մանկահասակ երեխաների մայր կնոջս կալանավորելու նպատակով չորս օրում երեք անգամ Սիսիան քաղաքից Սյունիքի մարզի Գորիսի դատարան տարան: 

Կնոջս կալանավորելու պրոցեսն սկսվեց այն բանից հետո, երբ՝ նախ հետաքննիչ Նշանյանը ինձ ու կնոջս, ապա քննիչ Ջավադյանն ինձ, կնոջս, մեր երկու կողմի ծնողներին, ազգականներին ամիսներ շարունակ աղերսում էր, թե ցանկանում է կնոջս դատվելուց փրկել, քանի որ նրան 5-ից 10 տարի կալանք է հասնում, իսկ դրա համար ես պետք է ցուցմունք տայի, որ գումարը ոչ թե կինս կորցրել է, այլ ես այն յուրացրել եմ, ինքս կալնավորվեի ու դատվեի: 

Բայց երբ տեսան, որ ես չընկա Կարապետյանի սարքած ծուղակը, առանց որեւէ ապացույցի, արդեն որպես խափանման միջոց, չհեռանալու մասին ստորագրություն ընտրված` կնոջս նկատմամբ իրականացրին իրենց վերջին ստորությունը, որոշեցին կնոջս կալանավորելու համար դատարան տանել, կրկին` «ինձ մի օր էլա, նստեցնելու համար»: 

Նրանց առաջարկն այնքան ցինիկ էր, որ կարծում էին, թե իրենցից բացի էլ ոչ ոք չի հասկանում, որ նույնիսկ այդ դեպքում կինս եւ ես պետք է միասին դատվեինք` նախնական համաձայնությամբ հափշտակություն կատարելու համար: 

Փառք Աստծո, որ դատավոր Դավթյանը, պետական մտածելակերպի տեր անձնավորություն լինելով, երկու անգամ մերժեց Սյունիքի դատախազի տեղակալ, իմ անձնական թշնամի Հայկ Կարապետյանի կողմից ուղղորդվող քննիչ Ջավադյանի քստմնելի միջնորդությունները: 

Դատախազ Կարապետյանը, բացարձակապես ոչ մեկին եւ ոչինչ հաշվի չառնելով, ակտիվ կերպով իրականացնում է ինձ, «մեկ օր էլա նստեցնելու», իր ստոր, իր համար կենսական նպատակ դարձրած գործընթացը. քրեական գործով ինքն անձամբ արդեն մեղադրական եզրակացությունը հաստատել եւ ուղարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, փաստաբանի կողմից քննիչի միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին որոշումը մարզի դատախազի փոխարեն ինքն է գրում, եթե դա կարելի է որոշում համարել` այն հույսով, որ կնոջս անօրինական կերպով դատապարտելով` ինձանից վրեժ կլուծի: 

Դիմեցի ՀՀ  գլխավոր դատախազին, խնդրելով, որ իր իրավասության սահմաններում արգելի Կարապետյանին օրենքը, դատն ու դատարանն իր անձնական ստոր վրիժառության նպատակներին ծառայեցնելը, զրկի նրան սույն քրեական գործով որպես պետական մեղադրող հանդես գալու հնարավորությունից, նրա նկատմամբ իմ ներկայացրած ինֆորմացիայի ստուգումը հանձնարարել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը` գործողություններ ձեռնարկելու, սակայն…. 

Ի դեպ, ըստ իմ մեղադրանքի քրեական գործով վերոնշյալ վկա Վրեժ Հարությունյանն էլ է դիմել ՀՀ գլխավոր դատախազին` ներկայացնելով 2009թ.նոյեմբերի 19-ին մեր նկատմամբ տեղի ունեցած հաշվեհարդարի մանրամասները, որը ներկա պահին իմ գործով կարող է հանդիսանալ որպես նոր երեւան եկած հանգամանք` իր քրեադատավարական հետեւանքներով: 

Իսկ ինչ վերաբերվում է հետաքննիչ Ա. Նշանյանին , վերը նշվածից բացի, իմ նկատմամբ  դեռևս  2011թ.հունվարի 14-ից մինչև փետրվարի 17-ը բազմաթիվ անգամներ ներկայացել եմ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժին, որպեսզի հայտարարություն տամ ողջ 2010 թվականի ընթացքում իմ նկատմամբ խաբեությամբ նյութական մեծ` շուրջ 8 մլն դրամի չափով վնաս պատճառելու հանցագործության վերաբերյալ, սակայն ամեն անգամ ոստիկանության բաժնի պետը` Հ.Սողոմոնյանն, այնուհետև մի քանի անգամ էլ նրա ընդունարանի քարտուղարուհին տարբեր անհիմն պատճառներով մերժել են, խոչընդոտել են  ինձ դիմումս հանձնելու բաժին,այսինքն` չեն ընդունել դիմումս հետագա ընթացք տալու համար:

Ես, այլ ելք չունենալով, այդ մասին դիմումս 17.02.2011թ. ուղարկել եմ անձամբ  Սիսիանի ոստիկանության  բաժնի պետին, փոստային պատվիրված առաքման միջոցով :

Դիմումս ուղարկելուց շուրջ 20 օր անց, բաժնի հետաքննիչ Արման Նշանյանն ինձ հրավիրեց իր աշխատասենյակ և ցույց տալով բաժնի պետ Սողոմոնյանի կողմից իրեն մակագրված դիմումս, ասաց, որ իրեն կրակն եմ գցել` չբացելով իր միտքն ու սկսեց համոզել, որ դիմումս ետ վերցնեմ` ասելով, թե հակառակ դեպքում 2009թ. ընթացքում սարքովի գործի  մեղադրանքով դատվելու օրն եմ  ընկնելու և կրկին քրեական  գործ է սարքվելու գլխիս Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Հայկ Կարապետյանի կողմից:

Ես մերժեցի նրան և պահանջեցի դիմումիս օրինական ընթացք տալ,սակայն մինչև 2012թ. հունիսի 25-ը վերը նշված դիմումիս մասին որևէ տեղեկություն չէի կարողանում ստանալ:

Ես, Արման Նշանյանի ասածից հասկանալով, որ դատախազ Կարապետյանը նպատակադրվել է ինձ հերթական  վատությունն  անել և բնականաբար պաշտպանում է իմ հակառակորդ, ինձ վնաս պատճառող կողմի շահը, բացի այդ` հաստատապես համոզված լինելով, որ դիմումիս ընթացք չեն տալու , այդ պատճառով հարցում կատարեցի «Հայփոստին»` ցանկանալով  փաստ ձեռք բերել, թե ով է ստացել իմ առաքած նամակը և ով էր պատասխանատու նամակին ընթացք չտալու համար:

Պատասխան ստանալով «Հայփոստից», որ նամակը հասել է հասցեատիրոջը, այդ մասին չհայտնեցի բաժնին:

Ես հարկադրված 2012թ. հունիսի  25-ին դիմում ներկայացրեցի Սիսիանի բաժնի նոր պետ Գ.Բեգլարյանին` խնդրելով հայտնել, թե վերը նշված դիմումս ինչ ընթացք է ստացել:

2012թ. հուլիսի 9-ի ամսաթվով թվագրված պատասխան եմ ստացել բաժնի պետից, որ  իմ կողմից դիմում ուղարկելու հանգամանքը չի հիմնավորված և այդպիսի դիմում բաժնում չի հաշվառվել, այսինքն դիմումս վերացված է:

….Ինչ է ստացվում՝ իրավապահ մարմինը, կատարելով հանցանք, մնում է անպատիժ, իսկ անմեղ մարդկանց պիտակավորում են հանցագործի պիտակով:

Ես պատրաստ եմ ավելի մանրամասորեն ներկայացնել վերը նշվածի վերաբերյալ և պատասխանատվություն կրել յուրաքանչյուր բառիս համար: 

Հարգանքով
Ներսես Խաչատրյան
հեռ. (077)  59-09-72

Մեկնաբանություններ (2)

դավիդ
Ճահիճը չի մաքրվում, ճահճից հեռանում են;Գլուխ, ձեռք ունեցողը նեխած ճահճին գերի չի մնա;Քլորով ճահիճ ու արդարություն չես ախտահանի... Հայկական հիվանդությունից փրկվում են հեռանալով;Ճահճի ճիճուները թող լողանան իրենց ճահիճ ծով ուղեղներով ու արևահարվեն մտքի խավարով;Միակ դեղատեմսն է;
Թոշակառու
Հարգելի Դավիթ, Ինձ թվում է, որ դու «գլուխ» ունեցող երիտասարդ ես, բայց մի շտապիր «Ճահիճ»-ից հեռանալու.... Գլուխ ունեցողները Ճահիճը չորացնում են ու նրա տեղում պարտեզ ու այգի ծաղկացնում: Պետք չէ միայն սեփական «ես»-ի բարեկեցության մասին մտածել: Մենք քոչվոր ազգ չենք, ՀԱՅՐԵՆԻՔ ունենք, մեր նախնիների սուրբ գերեզմանները ու՞մ ենք թողնում. Այդ խավարամիտների՞ն, որոնք պատրաստ են մի քանի գրոշով իրենց սեփական մորն էլ աճուրդի հանել: Քո առաջարկած դեղատոմսը դրանց կարող է միայն ուրախացնել: Դրանք նման են այն «մուտանտ» ձկներին, որոնք ապրում են միայն կեղտոտ ջրերում («ճահիճներում»), բայց մաքուր ջրերում սատկում են: Ահա քեզ նոր դեղատոմս` մաքրել այդ «ճահիճը», որ այդ խավարամիտները սատկեն: Ճիշտ է, դա գուցե տևական ժամանակ ու մեծ ջանքեր պահանջվի, բայց ԵՐԿԻՐՆ ու ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ պահպանելու միակ ձևը սա է, հակառակ դեպքում` գուցե երկրից հեռացող առանձին անհատներ կծաղկեցնեն ուրիշ այգիներ ու պարտեզներ, բայց դա կլինի ՈՒՐԻՇԻՆԸ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter