HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պարեկային ծառայությունը չի լրացրել վառելիքի ծախսի վերաբերյալ երթուղային թերթիկները

Հաշվեքննիչ պալատը պարզել է, որ 2024թ. 9 ամսվա ընթացքում Երևան քաղաքի և մարզային Պարեկային ծառայությունների տրանսպորտային միջոցների վառելիքի ծախսի վերաբերյալ երթուղային թերթիկներ չեն լրացվել՝ բացառությամբ Պարեկային ծառայության ղեկավար կազմին ամրակցված 15 տրանսպորտային միջոցների:

Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ ամսվա կտրվածքով վառելիքի ծախսը և կատարած վազքի տվյալները ներկայացվել են հաշվետվությամբ՝ ներառելով ծառայության տեսակը, ամսվա համար ստացված վառելիքի քանակը, պետհամարանիշը և աշխատանքային օրերի ընդհանուր թվի կատարված վազքը:

Այդ հաշվետվությունների համաձայն՝ 2024թ. 9 ամսվա ընթացքում Պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների վառելիքի ծախսը կազմել է մոտ 1 մլրդ 353 մլն 214 հազ. դրամ, որից միայն Երևան քաղաքին բաժին է ընկել մոտ 268 մլն դրամ:

Ըստ նախարարության բացատրության՝ Պարեկային ծառայության մեքենաների համար երթուղային թերթիկներ չեն լրացվել, քանի որ ամսվա ընթացքում մեկ պարեկային ավտոմեքենան շահագործվում է 10 և ավելի պարեկների կողմից: Անհրաժեշտություն է առաջացել վերանայել թերթիկների ձևաչափը:

«Օրենսդրության համաձայն՝ կատարված ցանկացած ծախս պետք է հիմնավորվի սահմանված կարգով, ժամկետում և պարտադիր վավերապայմաններով կազմված սկզբնական հաշվառման փաստաթղթերով: Տվյալ դեպքում, տրանսպորտային միջոցների հեղուկ վառելիքի ծախսը հիմնավորող սկզբնական հաշվառման փաստաթղթերը օրենսդրությամբ սահմանված երթուղային թերթիկներն են»,- նշվում է Հաշվեքննիչ պալատի դիտարկումներում:

Բացի այդ, նախարարության տնտեսական վարչութան՝ վառելիքաքսայուղերի 9 ամսվա ծախսի հաշվետվությունների համաձայն, Երևան քաղաքի Պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների շահագործման նպատակով ելքագրվել և ծախս է ճանաչվել 557 հազ. 570 լիտր պրեմիում տեսակի բենզին: Նշված քանակի բենզինի ծախսն արտացոլվել է նաև նախարարության պետական բյուջեի 9 ամսվա կատարման հաշվետվություններում, սակայն բենզինի շարժով և մնացորդներով 10 հազ. 715 լիտրի տարբերութուն կա: Նախարարութունը պարզաբանել է, թե այդ տարբերությունն օգտագործվել է հետագա ամիսներին, ինչը չի գոհացրել Հաշվեքննիչ պալատին:

«Անհամապատասխանության և դրա արդյունքում ֆինանսական հաշվետվության ցուցանիշի խեղաթյուրման արձանագրումը վերաբերում է ավարտված ժամանակահատվածին՝ 2024թ. 9 ամսվա, իսկ նախարարությունը պարզաբանում է արձանագրված մնացորդի՝ հաշվեքննությունն ընդգրկող ժամանակահատվածից հետո օգտագործումը»,- նշված է Հաշվեքննիչ պալատի եզրակացության մեջ:

Նշենք, որ հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունն իրականացվել է 2024թ. հունվարի 1-ից մինչև նույն տարվա սեպտեմբերի 30-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter