HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Երևանի և մարզերի շինարարական հրապարակներում

Պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հերթական շրջայցն է կատարել կոմիտեի համակարգմամբ իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներում։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։

Կոմիտեի ղեկավարը կոմիտեի պատասխանատուների հետ այցելել է Արագածոտնի մարզ, որտեղ իրականացվում է Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման ծրագիրը։ Ավարտական փուլում են պոլիկլինիկայի, դիահերձարանի, կաթսայատան, պոմպակայանի և ջրամբարների, ինչպես նաև արտաքին ինժեներական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները:

Հաջորդ կանգառն Արարատի մարզում էր, որտեղ վերակառուցվում է Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկան։ Իրականացվում են ներքին հարդարման, ներքին և արտաքին ինժեներական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները:

Երևանում կոմիտեի նախագահը դիտարկել է դպրոցների մարզադահլիճների վերակառուցման ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքները, մասնավորապես՝ Երևանի Ա. Երզնկյանի անվան N118 ավագ դպրոցի, Սիլվա Կապուտիկյանի անվան N145, Վ. Թեքեյանի անվան N92 և Մ. Սարյանի անվան N86 հիմնական դպրոցների մարզադահլիճներում։

Վերջին կանգառը Հեծանվային սպորտի ու Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի շինհրապարակում էր։ Ծրագրի շրջանակում կառուցվել է 2 մասնաշենք՝ մեկը՝ գեղարվեստական մարմնամարզության, մյուսը՝ հեծանվային սպորտի համար նախատեսված: Մարզադպրոցի պարագծով տեղակայվելու է հեծանվային վազքուղին: Այժմ ընթանում են ներքին և արտաքին հարդարման, տարածքի բարեկարգման աշխատանքները:

Եղիազար Վարդանյանը կապալառու և նախագծային կազմակերպությունների, ինչպես նաև կոմիտեի գլխավոր քարտուղարի ու մասնագիտական ստորաբաժանման ներկայացուցիչների հետ քննարկել է ծրագրերի իրագործման տեմպերը, կատարված աշխատանքների համապատասխանությունը սահմանված չափանիշներին։ Նա ընդգծել է, որ շինարարական մեծածավալ ծրագրերի հիմքում հստակ պահանջ է դրված՝ կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ, լավագույն շինարարական նյութեր, խստորեն պահպանել նորմերը, իսկ շինհրապարակներում՝ աշխատանքային պատշաճ միջավայրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter