
ԵՄ-ում և Բելգիայում ՀՀ դեսպանությունները ռազմական կցորդ կունենան
Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր՝ մարտի 6-ին հաստատեց համատեղության կարգով Եվրոպական միությունում, ինչպես նաև Բելգիայում պաշտպանության հարցերով կցորդ ունենալու որոշումը։ ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ՝ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությանը կից գործում է ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ: Գործադիրում հաշվի են առել վերջին շրջանում պաշտպանական, անվտանգային և ռազմական ոլորտներում Բելգիայի և Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության խորացումը։ Նախատեսում են ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությանը կից պաշտպանական հարցերով կցորդին համատեղության կարգով Եվրոպական միությունում, ինչպես նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ նշանակել։
Այժմ ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ռազմական ներկայացուցիչը գնդապետ Վարդան Հովակիմյանն է, իսկ նույն առաքելության Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունում գործընկեր-ազգային ռազմական ներկայացուցիչը գնդապետ Հայկ Ամալյանն է։
Ըստ Պաշտպանության նախարարության հիմնավորման՝ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության նոր օրակարգում անվտանգային և պաշտպանական բաղադրիչի զգալի ընդլայնումը ԵՄ-ի հետ ռազմական համագործակցության հետագա զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծել։ Բելգիայի հետ մեկնարկած ռազմական համագործակցությունը ևս երկարաժամկետ հեռանկարում կարող է դրական դեր խաղալ ՀՀ պաշտպանունակության և դիմադրողականության զարգացման գործում։
Գերատեսչությունը կարծում է, որ ԵՄ-ում եւ Բելգիայում պաշտպանության հարցերով կցորդ ունենալը հնարավորություն է տալու ներկայացնել Հայաստանի ռազմական, ռազմաքաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև՝ համագործակցելու Բելգիայի պաշտպանության նախարարության, ռազմարդյունաբերական ընկերությունների հետ։
Բելգիայում և ԵՄ-ում պաշտպանության հարցերով կցորդը, ըստ հիմնավորման, կհամակարգի միջազգային կազմակերպությունների հետ ռազմական և պաշտպանական ոլորտի համագործակցությունը, կներկայացնի ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերը։
Մեկնաբանել