
Թեղուտի պոչամբարի շահագործումն ապահովված է մինչև 2028 թվականը
«Հետքի» հարցերին պատասխանել է «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն
-Մետաղական հանքավայրերի ոլորտում որոշակի փոփոխություններ և տեղաշարժեր են նկատվում՝ թե բաժնետերերի, թե արտահանման ուղղությունների տեսանկյունից։ Արդյոք նման փոփոխություններ կան Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործողի առումով։
-«Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետերերի կազմը 2019 թվականից առ այսօր չի փոխվել։ «Թեղուտ» ՓԲԸ-ն բաժնետերերի պլանների մասին տեղեկություն չունի։
- Համաձայն վիճակագրական տվյալների՝ պղնձի արտահանման հիմնական ուղղությունը 2024-ին Չինաստանն է եղել։ Ի՞նչ շուկաներ ունի այժմ «Թեղուտ» ՓԲԸ-ն, արդյոք շուկայի փոփոխություն կա։ Մոլիբդենի շուկան տարբերվո՞ւմ է պղնձից։
-Պղնձի խտանյութը 2025թ․իրացվում է Չինաստանում (մոտ 90%) և Հայաստանի ներքին շուկայում (մոտ 10%): Մոլիբդենի խտանյութն ամբողջ ծավալով իրացվում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում։
- Աշխարհաքաղաքական գործոնները և սահմանափակումները ինչպե՞ս են անդրադառնում «Թեղուտ» ՓԲԸ-ի վրա։
-«Թեղուտ» ՓԲԸ-ն չի զբաղվում աշխարհաքաղաքականությամբ և քաղաքականությամբ։ «Թեղուտ» ՓԲԸ-ն իր արտադրական գործունեությունը ծավալում է շուկայական տնտեսության կանոններով, այդ իսկ պատճառով «Թեղուտ» ՓԲԸ-ի արտադրանքի իրացման և ընկերության համար ծախսվող նյութերի մատակարարման համար ընկերությունները որոշվում են շուկայական հարաբերություններով։
- Ի՞նչ ընթացքում են Թեղուտի պոչամբարի պատվարի ամրացման աշխատանքները։
-Պոչամբարի պատվարը բեռնված է ժայռային ապարներով՝ մինչև 790 մ նիշ, ինչն ապահովում է դրա նորմատիվ կայունությունը մինչև 850 մ նիշ, դա էլ իրավունք է տալիս պոչամբարը շահագործել մինչև 2028 թվականը։ Ներկայումս տվյալներ են ձեռք բերվել պատվարի մարմնի փաստացի ֆիզիկամեխանիկական հատկությունների վերաբերյալ, վերլուծվում են երկրաֆիզիկական հետազոտությունների տվյալները, որոնց հիման վրա կկատարվի պատվարի փաստացի հուսալիսության՝ նախագծման նորմերի պահանջներին համապատասխանության հերթական հաշվարկը։ Անհրաժեշտության դեպքում կշարունակվեն լրացուցիչ բեռնման աշխատանքները։
- Պրն Նալիվայկո, նախկին տնօրեն Կարեն Ղազարյանի՝ իր պաշտոնում վերականգնվելու դատական վեճն ինչպիսի՞ հանգուցալուծում է ստացել։ Պետական ռեգիստրում երևում է, որ այդ գործով արգելանքներ են կիրառվել ընկերության նկատմամբ։
-Պրն Ղազարյանը «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատել է որպես գործադիր տնօրեն։ Նրա հայցով դատական ընթացակարգերը շարունակվում են։ Դատարանի վճռի կատարումը կիրականացվի բոլոր ատյանների դատարանների վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ «Թեղուտ» ՓԲԸ-ում գործադիր տնօրենի պաշտոն չկա։ Այն 2023 թվականին կրճատվել է մի շարք այլ ինժեներատեխնիկական պաշտոնների և աշխատողների հաստիքային միավորների հետ միասին։ Այս պահին «Թեղուտ» ՓԲԸ-ն չունի արգելափակումներ և սահմանափակումներ՝ կապված պարոն Ղազարյանի հայցով վճիռների կատարման հետ։
Մեկնաբանել