HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիմֆոնիկ նվագախումբը ձեռնարկատիրական գործունեության հնարավորություն կստանա

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ»-ը Կառավարությամբ սահմանված նպատակ ունի․ երաժշտարվեստի բնագավառում հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը։ Որոշմամբ նախկինում սահմանված են եղել ձեռնարկատիրական գործունեության սահմանափակ տեսակներ:

Ըստ գործադիրի՝  նման սահմանումը խոչընդոտում է կազմակերպության՝ ձեռնարկատիրական գործունեության այլ տեսակներով զբաղվելուն։ Որոշման փոփոխությամբ որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ սահմանվում են երաժշտական ստեղծագործությունների կլավիրների, պարտիտուրների ստեղծում և իրացում, հրատարակչական գործ, համերգային ծառայությունների մատուցում, համերգների կազմակերպում, համերգների տոմսերի վաճառք՝ ներառյալ առցանց հարթակներում, ձայնագրությունների իրականացում, թողարկում, իրացում, մշակույթի, կրթության ոլորտում ծառայությունների մատուցում, իրեն պատկանող գույքի օգտագործման և սպասարկման ծառայությունների մատուցում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գույքի վարձակալության հանձնում, հանրային սննդի ծառայությունների մատուցում: 

Սիմֆոնիկ նվագախմբի ֆինանսական միջոցների ձևավորվման հիմնական աղբյուրը ՀՀ պետական բյուջեն է, որի շրջանակում պետական կազմակերպությունը կազմակերպում և իրականացնում է համերգներ։ Այժմ, ըստ ԿԳՄՍՆ-ի, կազմակերպությունը չունի հնարավորություն ինքնուրույն կազմակերպել համերգներ, որոնց միջոցով պետական կազմակերպությունը ինքնուրույն կհայթայթի ֆինանսական միջոցներ։ 

Գործադիրում վստահ են՝ ձեռնարկատիրական գործունեության լայն տեսակները կնպաստեն ֆինանսական նոր ռեսուրսների ներգրավմանը, ինչը կնպաստի պետական կազմակերպության ֆինանսական ինքնուրույնությանը։ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեության տեսակներ սահմանելը պետական կազմակերպության հիմնադրի բացառիկ լիազորությունն է։ Այս դեպքում՝ ՀՀ Կառավարությանը։

Ստացվում է, որ եթե պետական կազմակերպությունը որոշակի ժամանակահատվածում համերգներ չունի, կարող է երաժշտական գործիքները և սարքավորումները այլ կազմակերպության վարձակալության տալ համերգների համար։ Իսկ «սպասարկման ծառայությունների մատուցումը» հիմնականում վերաբերում է ձայնագրման ստուդիային, որը, ըստ նախարարության, կառուցման փուլում է: Գործադիրում կարծում են, որ կազմակերպությունը պետք է տոմսեր վաճառելու հնարավորություն ունենա ոչ միայն տոմսարկղերի, այլև առցանց հարթակների, այդ թվում՝ պաշտոնական կայքէջի միջոցով։ 

Գործադիրում վստահ են՝ ձեռնարկատիրական գործունեության սահմանված նոր տեսակները կապված են կազմակերպության հիմնական գործունեության հետ։

Լուսանկարը՝ նվագախմբի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter