
Եղբայրը բռնության է ենթարկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քրոջը
Հետծննդաբերական սթրեսից հետո Մարինեի (անունը փոխված է) մոտ ի հայտ են եկել հոգեկան առողջության խնդիրներ: Մինչ այդ, նման դրսևորումներ չեն նկատվել: Տարիների ընթացքում դրանք խորացել են, ու ախտորոշվել է շիզոֆրենիա հիվանդություն: Մարինեի մոտ անադեկվատ վարքագիծ դրսևորվում է միայն հիվանդության սրման ժամանակ: Նա հաշվառված է հոգեբուժարանում և պարբերաբար բուժում է ստանում: Հերթական սրացման ժամանակ նա հարձակվել է մոր վրա, ինչից հետո հիվանդ քրոջ նկատմամբ բռնություն է գործադրել եղբայրը՝ պատճառելով կապտուկներ, մարմնական այլ վնասվածքներ: Նախաքննական մարմինը նախ խուսափել է եղբոր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց, հետո հարուցել է, բայց կարճ ժամանակ անց՝ դադարեցրել: Այժմ Մարինեի փաստաբանն ու դուստրը պայքարում են, որ քրեական հետապնդումը շարունակվի՝ հետագայում նման դեպքի կրկնությունը բացառելու նպատակով:
Մայրը հաղորդում էր տվել, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող դուստրը՝ Մարինեն, իրեն ծեծել է, հարձակվել եղբոր վրա: 2023թ. հունիսին նախաձեռնվել է քրեական վարույթ, մայրը տուժող է ճանաչվել: Մոտ մեկ ամիս անց նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ՝ այս անգամ նույն եղբոր կողմից քրոջ՝ Մարինեի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Երկու քրեական վարույթները միացվել են:
2023թ. հունիսին առողջական խնդիրներ ունեցող կինը, գտնվելով ոչ ադեկվատ վիճակում, մի քանի հարված է հասցրել մորը, ինչից հետո անմիջապես վրա է հասել եղբայրը և բաժանելու փոխարեն՝ քրոջը ծեծել է՝ ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ։
Կատարվածից հետո Մարինեին տեղափոխել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, որտեղ նրա դուստրը տեսել է մոր մարմնական վնասվածքները։ Ընդ որում, Մարինեի ազգականները փորձել են թաքցնել ծեծի ենթարկելու հանգամանքը։ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ընդունվելիս Մարինեի աչքերի տակ եղել են կապտուկներ և քերծվածքներ, որոնք արձանագրվել են, դրանց կապակցությամբ Ոստիկանություն է ահազանգել հոգեբուժական հաստատությունը: Հոգեբուժական հաստատություն ընդունվելիս նա ևս հայտնել է, որ եղբայրն է ծեծել։
Դատաբժիշկն արձանագրել է, որ մարմնական վնասվածքները՝ զույգ ակնակապճային շրջանի արյունազեղումների, բերանային շրջանի վերքերի, դեմքի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, երկկողմանի քթոսկրերի կոտրվածքի ձևով, պատճառվել են բութ առարկայով՝ կնոջ առողջությանը պատճառելով թեթև վնաս։
«Քթոսկրի կոտրվածքի ծանրության աստիճանի հարցը քննարկել ենք մասնագետի հետ, ով հայտնել է՝ քթի ոսկորների էական տեղաշարժի կամ շնչառական խնդիրների առաջացման դեպքում անձի առողջությանը պատճառված վնասը գնահատվում է միջին ծանրության։ Խնդրել էինք հարցի կապակցությամբ հարցաքննել դատաբժիշկ-փորձագետին։ Քննիչն ի սկզբանե մերժել էր մեր միջնորդությունը՝ ձևական նկատառումներով, Դատախազությանը խնդրել էինք հանձնարարել վերանայել այդ հարցը, սակայն պատասխան չենք ստացել»,- ասում է Մարինեի փաստաբան Արթուր Մանուկյանը:
Մարինեի փաստաբանը «Հետքին» փոխանցեց, որ նախաքննության ժամկետներն անհասկանալի պատճառներով ձգձգվել են՝ մոտ 2 տարի, իսկ ընթացքը չափազանց մտահոգիչ է եղել: Մասնավորապես՝ այդ ընթացքում քրեական հետապնդում չի հարուցվել բռնություն կիրառած եղբոր նկատմամբ:
Ա. Մանուկյանը բողոք է ուղարկել Երևան քաղաքի դատախազին, որից հետո միայն քրեական վարույթով նշմարվել է որոշակի դրական տեղաշարժ․ 2024թ. հոկտեմբերի վերջին՝ մերձավոր ազգականի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու հատկանիշներով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Ա. Մանուկյանի փոխանցմամբ՝ կնոջ առողջությանը պատճառվել էր թեթև վնաս, ինչը հաստատված էր դատաբժիշկ-փորձագետի եզրակացությամբ: Քանի որ քննիչն ու վերահսկող դատախազը մակերեսորեն էին մոտեցել գործին, Քրեական օրենսգրքի այդ հոդվածի հատկանիշներով չէին հարուցել քրեական հետապնդումը: Հետագայում փաստաբանի միջնորդության հիման վրա մեղադրանքը փոխվել է՝ մերձավոր ազգականի առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով:
«Հատկանշական է, որ երկու դեպքում էլ քննչական մարմինն այդպիսի միջնորդությամբ հանդես չէր եկել, ինչը, մեր գնահատմամբ, քննիչի ոչ օբյեկտիվ մոտեցման հետևանք էր»,- ասում է Արթուր Մանուկյանը:
Սակայն, կարճ ժամանակ անց՝ 2025թ. հունվարին, հոգեկան առողջություն ունեցող կնոջ նկատմամբ բռնություն գործադրած եղբոր քրեական հետապնդումը դադարեցվել է այն պատճառաբանությամբ, որ անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։ Մասնավորապես՝ գործում եղած ապացույցները բավարար չեն քրեական հետապնդումը շարունակելու համար, իսկ նոր ապացույց գտնելու բոլոր հնարավոր միջոցները սպառվել են:
Նշված որոշման դեմ փետրվարի 4-ին բողոք է ներկայացվել Երևան քաղաքի դատախազին, որի պատասխանը չստանալով՝ օրեր առաջ՝ մարտի 2-ին, փաստաբան Մանուկյանը բողոք է ներկայացրել դատարան, որպեսզի նախաքննությունը շարունակվի։
Փաստաբան Ա. Մանուկյանի փոխանցմամբ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հսկող դատախազի որոշումը տուժողին տրամադրելիս չի բացատրվել վարույթի նյութերին ծանոթանալու կարգը, չեն տրամադրվել քրեական վարույթի համապատասխան նյութերը: Դրանք ստացել են միայն միջնորդությունից հետո:
«Ընդ որում, ի սկզբանե քննիչը ծանոթացման և դիրքորոշում ներկայացնելու համար տրամադրել էր ընդամենը 24 ժամ, ինչը իրատեսական և ողջամիտ ժամկետ չէ։ Այսինքն՝ քննչական մարմինը բազմաթիվ հարցերում, պարբերաբար խախտել է տուժող կողմի՝ հոգեկան հիվանդ կնոջ իրավունքներն ու օրինական շահերը»,- նշում է փաստաբանը։
Դատարան ներկայացրած բողոքում փաստաբանը նշում է, որ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումն ակնհայտ անհիմն է, քանի որ կան բավարար տվյալներ հետապնդումը շարունակելու և մեղադրական եզրակացությամբ գործը դատարան ուղարկելու համար:
Մասնավորապես՝ Մարինեի դուստրը ցուցմունք է տվել այն մասին, որ մայրն ապրել է ծնողների ու երկու եղբայրների հետ։ Մոր մոտ շուրջ 10 տարի ախտորոշված է շիզոֆրենիա տեսակի հոգեկան հիվանդություն, որի համար ժամանակ առ ժամանակ բուժվում է հոգեբուժարանում։ Բուժումն արձանագրում է հիվանդության նահանջ, մայրը բավական լավ հոգեվիճակում դուրս է գրվում հոգեկան առողջության կենտրոնից և բնակվում ծնողների ու եղբայրների հետ։
Ցուցմունքում նշել է, որ նախկինում մայրը բավական լավ գումար է աշխատել և օգնել ընտանիքին։ Վերջին տարիներին մայրը չի ունեցել կայուն աշխատանք հոգեկան խնդիրների պատճառով։ Նշված բնակարանում վերջին տարիներին մոր նկատմամբ պատշաճ հարգանք և խնամք չի եղել՝ հատկապես եղբայրներից մեկի կողմից։ Ավելին, Մարինեի նկատմամբ պարբերաբար ցուցաբերվել է վատ վերաբերմունք, ֆիզիկական և հոգեկան բռնություն։
Մոր պատմածից է տեղեկացել, որ մորեղբայրը պարբերաբար հոգեբանական և ֆիզիկական բռնություն է գործադրում, ինչը զրույցների ընթացքում հիմնականում հաստատվել է։
Բռնության ենթարկված կինը ցուցմունք է տվել այն մասին, որ եղբայրն իրեն տան ղեկավար է զգում և «բռնապետ» է, տանը թելադրում է իր կանոնները, որին մյուսները պետք է ենթարկվեն։
Հարկ է նշել նաև, որ հոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մարինեն թեև անմեղսունակ է ճանաչվել, սակայն նրա ներկայացրած որոշ իրողություններ, դեպքի որոշ հանգամանքներ կարող են արտացոլել իրականությունը։ Այսինքն՝ փորձագետի եզրակացությունից, ըստ փաստաբանի, ակնհայտ է, որ կինը ոչ ադեկվատ և անմեղսունակ է դառնում միայն հիվանդության սրման ժամանակ, իսկ մնացած դեպքերում գիտակցում է օբյեկտիվ իրականությունը։
Փաստաբանի պնդմամբ՝ քննիչը հոգեբույժ-փորձագետին անհասկանալի և անհիմն հարցադրում է արել Մարինեի ստացած մարմնական վնասվածքների բնույթի, ավելի կոնկրետ՝ ինքնավնասման հավանականության վերաբերյալ։ Փորձագետը պատասխանել է, որ տեսականորեն հնարավոր են ինքնավնասման դեպքեր, սակայն կոնկրետ դեպքում այդ հարցը ենթակա է պարզման քննչական և այլ գործողությունների միջոցով։
«Նախ նշենք, որ այսպիսի հարցադրման հիմք քննչական մարմինը չուներ, այն է՝ քրեական վարույթով առկա չէր որևէ ուղղակի կամ անուղղակի տվյալ այն մասին, որ կինը կարող է ինքնավնասում կատարած լինել։ Այս հարցադրումը մեզ մոտ կասկածներ է հարուցում քննիչի անաչառության մասով։ Բացի այդ, ողջամիտ և իրատեսական չենք համարում անձի կողմից, թեկուզ հոգեկան հիվանդ անձի սեփական քիթը կոտրելու հնարավորությունը։ Միաժամանակ, եթե նախաքննության մարմինն այդպիսի հարցադրման և հանգամանքի պարզաբանման անհրաժեշտություն էր տեսնում, ապա պետք է այդ կապակցությամբ հարցաքններ դատաբժիշկ-փորձագետին, ինչը չի արել»,- ասում է Ա. Մանուկյանը և հավելում, որ նախաքննական մարմնի ձեռքի տակ կան բոլոր այն լուսանկարները, որոնցում պատկերված են կնոջ նկատմամբ բռնության հետքերը՝ աչքերի տակի կապտուկները, այտուցներն ու այլ վնասվածքները։
Մարինեի դուստրը քննիչին հայտնել է, որ իր հետ բնակվելու ընթացքում մայրը երբեք ագրեսիվ չի եղել իր նկատմամբ։ Մոր կողմից տատիկի նկատմամբ երբեմն ագրեսիա ցուցաբերելը պայմանավորված է առաջին հերթին տատիկի և մորեղբոր սադրանքներով, վատ վերաբերմունքով, հիվանդի նկատմամբ պատշաճ հոգատարության բացակայությամբ։
Որպեսզի կարողանա ապացուցել մորը ծեծելու հանգամանքը, դուստրը ձայնագրել է մորեղբորը: Վերջինս ընդունել է, որ ծեծել է քրոջը:
Քննիչը որոշել է հարցաքննության հրավիրել նաև հարևաններին, սակայն 4 անձից միայն 1-ն է ներկայացել։ Նախաքննության մարմինը Ոստիկանությանը հանձնարարել է հարկադրաբար ներկայացնել այդ անձանց՝ կայացնելով համապատասխան որոշումներ։ Սակայն, փաստաբան Արթուր Մանուկյանի բնորոշմամբ՝ անհասկանալի և կասկածելի կերպով Ոստիկանությունը չի կարողացել ապահովել այդ անձանցից որևէ մեկի ներկայությունը՝ կազմելով «կասկածելի բովանդակության» արձանագրություններ։ Դրանից հետո քննիչը չի ձեռնարկել լրացուցիչ միջոցներ հարեւանների ներկայությունը և հարցաքննությունն ապահովելու համար։ Այսինքն՝ քննչական մարմինը չի կատարել անաչառ և համակողմանի քննություն կատարելու մասին քրեադատավարական օրենքի պահանջը։
Բացի այդ, դեպքի օրը՝ ժամը 07։34-ի սահմաններում, կնոջ անվամբ գրանցվել է կանչ «1-03» հեռախոսահամարին։ Կանչով ժամանած բուժանձնակազմի երեք անդամներից հարցաքննվել է միայն Ա. Դավթյանը, այն էլ, փաստաբանի փոխանցմամբ՝ մակերեսային, իսկ մյուսները չեն հարցաքննվել, մինչդեռ նրանց հարցաքննության անհրաժեշտությունն ակնհայտորեն եղել է։ Մասնավորապես, որպես վկա հարցաքննված Ա. Դավթյանը հայտնել է, որ սպասարկում է առավելապես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։ Եթե հիվանդների վրա նկատում է մարմնական վնասվածքներ, Ոստիկանությանը տեղյակ է պահում։ Հնարավոր չէ՝ կնոջ վրա մարմնական վնասվածք տեսած լիներ և Ոստիկանություն ահազանգած չլիներ։ Քննիչը Ա. Դավթյանին որևէ հարց չի ուղղել այն մասին, որ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ընդունելիս կնոջ վրա եղել են մարմնական վնասվածքներ, ու դրանք տեղում արձանագրվել են:
«Քրեական վարույթի նյութերում «կարմիր գծի» պես գնում է, որ կինը ծեծվել է, ծեծողը եղբայրն է, այսինքն՝ վերջինիս կողմից քրոջը ծեծի ենթարկելու, մարմնական վնասվածքներ պատճառելու առումով այլընտրանքային տարբերակներ առկա չեն, բացառվում են, նույնիսկ վարութային նյութերով հստակ հերքված են։ Տուժողի ընտանիքի անդամներն այս ամենի հետևանքով արդեն վաղուց տպավորություն ունեն, որ վարույթի հանրային մասնակիցներն օբյեկտիվ չեն, և բռնության ենթարկված կնոջ եղբոր նկատմամբ ինչ-ինչ պատճառներով ցուցաբերվում է հովանավորչություն։ Այդ կասկածներն ավելի են խորացել քրեական հետապնդման կամայական դադարեցման պատճառով:
Մարինեի եղբայրն իր ցուցմունքում հերքել է, թե քրոջը ծեծել է, երբ նա հարձակվել է մոր վրա, ասել է, որ ուղղակի հեռացրել է։
Մարինեն այժմ խնամքի կենտրոնում է։ Բռնությունից հետո գրեթե անհնար է դարձել նրա վերադարձը տուն։ Թե ինչ արդյունք կտա փաստաբանի բողոքը՝ պարզ չէ։
Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով (Gemini)
Մեկնաբանել