HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարութունը պետք է 40.000 եվրո վճարի. ՄԻԵԴ-ը սեփականության և արդար դատաքննության իրավունքի խախտում է արձանագրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր՝ մարտի 6-ին Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ արձանագրելով, որ խախտվել են քաղաքացիների սեփականութան և արդար դատաքննութան իրավունքները: Կառավարությունը 3 ամսվա ընթացքում Վանաձոր համայնքի բնակիչ Համլետ Չատինյանին ու նրա ընտանիքի անդամներին պետք է վճարի 40.000 եվրո, որից 35.000 եվրոն՝ նյութական վնասի համար, 3000 եվրոն՝ ոչ նյութական վնասի, իսկ 2000 եվրոն՝ կատարած ծախսերի համար:

Համլետ Չատինյանի 5-հոգանոց ընտանիքը տուժել է 1988թ. երկրաշարժից: Նրանց բնակարանն ավերվել է, որից հետո ապրել են Վանաձոր քաղաքում՝ ժամանակավոր կացարանում: 2007թ. փետրվարի 26-ին նրանք պայմանագիր են կնքել Վանաձոր համայնքի ղեկավարի հետ, որի համաձայն՝ ընտանիքը պետք է ազատեր այն հողատարածքը, որտեղ գտնվում էր իրենց ժամանակավոր կացարանը, իսկ համայնքը պետք է օտարեր տվյալ հողատարածքը և նույն տեղում կառուցվող շենքում 55 քմ-ից ոչ պակաս մակերեսով բնակարան հատկացներ նրանց։

Չատինյաններն ազատել են տարածքը, հողը համայնքը վաճառել է մասնավոր շինարարական ընկերությանը: 2009 թվականին Վանաձորի քաղաքապետը ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ շենքի շինարարությունը հետաձգվել է։ Չատինյանները քաղաքացիական հայց են ներկայացրել ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի՝ փոխհատուցման պահանջով։

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով կողմերը կնքել են հաշտության համաձայնութուն, ըստ որի՝ Վանաձորի քաղաքապետարանը և «Վիմպերգ» ՍՊԸ-ն պարտավորվում են մինչև 2013թ. հոկտեմբերի 1-ը Վանաձոր քաղաքում կառուցվող շենքի կառուցումն ավարտելուց հետո ընտանիքին հատկացնել 2-սենյականոց 55 քմ մակերեսից ոչ պակաս մակերեսով բնակարան, որը պետք է լինի լիարժեք բնակության պիտանի:

Վանաձորի քաղաքապետարանը 2011թ. սեպտեմբերի 13-ից սկսած պարտավորվել է Չատինյաններին վճարել յուրաքանչյուր ամիս 15.000 դրամ, մինչև նշված բնակարանի փաստացի հանձնումը, որը փաստացի եղել է բնակարանի վարձակալության գումար: Իսկ սահմանված ժամկետում բնակարանը ընտանիքին չտրամադրելու դեպքում Վանաձորի քաղաքապետարանը և «Վիմպերգ» ՍՊԸ-ն պարտավորվել են մինչև 2013թ. նոյեմբերի 1-ը Չատինյաններին վճարել 38.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումար: Հաշտության համաձայնութունը հաստատվել է դատարանի կողմից, և 2011թ. հոկտեմբերի 5-ին վճիռ է կայացվել:

Սահմանված ժամկետում բնակարանը չի տրամադրվել, և Չատինյանները պահանջել են վճռի կատարում, այսինքն՝ 38.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի բռնագանձում Վանաձորի քաղաքապետարանից և «Վիմպերգ» ՍՊԸ-ից:

Վանաձոր համայնքի ավագանին վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել:  Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2014թ. ապրիլի 30-ի որոշմամբ բողոքը բավարարվել է: Բեկանվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, և գործն ուղարկվել է նույն դատարան`ամբողջ ծավալով նոր քննության: Գործի քննության ընթացքում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Վանաձորի համայնքի ավագանին 2015թ. փետրվարի 11-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Չատինյանների ընտանիքի անդամների և Վանաձորի քաղաքապետարանի` 2007թ. փետրվարի 26-ին կնքված հողամասն ազատելու և հետագայում բնակարան հատկացնելու մասին պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով:

Դատարանը 2016թ. հունվարին բավարարել է Վանաձորի ավագանու հայցը և անվավեր է ճանաչել հողամասն ազատելու և հետագայում բնակարան հատկացնելու մասին պայմանագիրը: Նույն տարվա հուլիսին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Չատինյանների բողոքը, իսկ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ ընդունելը մերժել է, ինչից հետո էլ ընտանիքը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

ՄԻԵԴ-ը նշել է, որ պետական ​​մարմնի սխալի վտանգը պետք է կրի պետությունը, հատկապես, երբ որևէ այլ մասնավոր շահ վտանգված չէ: Այդ սխալը չպետք է շտկվի շահագրգիռ անձի հաշվին: Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչը ոչ մի բացատրություն չի տվել, թե ինչու Վանաձորի ավագանին դատական ​​գործողություններ չի ձեռնարկել քաղաքապետի դեմ վերջինիս գործողությունների առնչությամբ, որոնք նա համարել է անօրինական, այլ քայլեր է ձեռնարկել քաղաքացիների դեմ՝ ի վնաս նրանց:

«Հետևաբար, դատարանը գտնում է, որ բեկանելով 2011թ. հոկտեմբերի 5-ի վճիռը, դատարանները խախտել են իրավական որոշակիության սկզբունքը»,-նշում է ՄԻԵԴ-ը՝ հավելելով, որ դրանից էլ բխում է, որ խախտվել են Չատինյանների սեփականության ու արդար դատաքննության իրավունքները:

Նշենք, որ գործի կատարմանն աջակցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter