
Կրթաթոշակ արտերկրում սովորելու համար․ կեսը՝ Կառավարությունից, կեսը՝ գործատուից
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ում գրանցված տեղական կազմակերպությունների աշխատակիցներին կրթաթոշակ տրամադրելու նախագիծը։
Կրթաթոշակ ստանալու համար դիմորդը պետք է լինի ՀՀ քաղաքացի և ընտրած համալսարանում պիտի սովորի լրիվ բեռնվածությամբ։ Սահմանվում է, որ սովորողի ներկայիս կամ ապագա գործատուն փոխհատուցի վարձի առնվազն 50 տոկոսը։ Իսկ մյուս մասը կփոխհատուցի ՀՀ-ն՝ յուրաքանչյուր ակադեմիական տարվա համար առավելագույնը 10 մլն ՀՀ դրամ։
Ուսումնական հաստատությունները կընտրվեն http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա առաջին 65-75 բուհերի ցանկից։
ԿԳՄՍՆ-ն կարծում է, որ մի շարք առանցքային ոլորտներում որակյալ կադրերի անբավարարություն կա եւ պետք է համալրել որակյալ մասնագետների բազան։
Իսկ ի՞նչ կլինի, եթե կրկնվի «Իմ քայլը», «Լույս» հիմնադրամների փորձը։ «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ սովորելու մեկնածներից Հայաստանի Հանրապետություն է վերադարձել 61 տոկոսը, «Լույս» հիմնադրամի միջոցներով մեկնածների՝ 20,3 տոկոսը:
Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նույնպես արտահայտեց այդ մտավախությունը։ Նշեց, որ չի ուզում այլ երկրների գիտական կապիտալը հզորացնել մեր երկրի ներդրումների հաշվին։
Դա կանխելու համար, ըստ ԿԳՄՍՆ հիմնավորման, մի դրույթ են ամրագրել․ գործատուն և սովորողը պետք է ունենան ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո գործատուի մոտ աշխատանքի անցնելու կամ աշխատանքը շարունակելու վերաբերյալ պայմանագիր: Աշխատանքային պայմանագրի ժամկետը պետք է լինի ուսման ակնկալվող ավարտից հետո առնվազն 3 տարով:
Միաժամանակ սահմանվել է, որ եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին չվերադառնա ՀՀ, կիսատ թողնի ուսումնառությունը կամ տեղափոխվի այլ հաստատություն, գործատուն բյուջե պետք է փոխանցի հրաժարագին՝ պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի եռապատիկը:
Կրթաթոշակ տրամադրելով օտարերկրյա լավագույն բուհերում սովորողներին՝ Կառավարությունն ակնկալում է նպաստել Հայաստանի Հանրապետությունում աշխատաշուկան նոր, մրցունակ կադրերով ապահովելուն։
«Այս տեսանկյունից կրթությանն ուղղված ֆինանսական միջոցները ոչ թե պարզապես ծախս են, այլ անհրաժեշտ ներդրում պետության և հասարակության զարգացման համար»,- նշված է ԿԳՄՍՆ հիմնավորման մեջ: Վստահ են՝ նախագծի ընդունմամբ մարդկային կապիտալում ներդրումներն ու մարդկային ներուժի անհրաժեշտ զարգացումը կապահովվեն նաև գործատուների, պետություն-մասնավոր համագործակցության միջոցով:
Կառավարության նիստում քննարկումն ընթացավ ուսումնառության ծրագրից հետո Հայաստան չվերադառնալու դեպքերը բացառելու շուրջ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ մինչև մայիսի 1-ը հայտարարություն են տարածելու, իսկ հայտերն ընդունելու են մինչև հոկտեմբերի 1-ը։
Որոշումն ընդունելուց հետո վարչապետը նշեց, որ ինչպես Կառավարության շատ ծրագրեր, սա նույնպես հնարավոր է կանխատեսված վերջնարդյունքը չգրանցի։ Ուստի առաջարկեց ծագող հնարավոր խնդիրները լուծել ծրագրի ընթացքում։
Լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը/primeminister.am
Մեկնաբանել