
Պատգամավոր Արման Ղազարյանը հրավիրվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
Զոլաքար համայնքի նախկին ղեկավար, այժմ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն ու ընտանիքի անդամները մարտի 10-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրությանը ծանոթանալու, դիրքորոշում ներկայացնելու համար:
Պատգամավորից բացի, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն են հրավիրվել նրա կինը՝ Արփինե Ղազարյանը և մայրը՝ Մանյակ Ղազարյանը: Վերջիններս հրավիրվել են դատախազություն Արման Ղազարյանին պատկանող գույքի առնչությամբ:
Նշենք, որ Գլխավոր դատախազութունն այս փուլում չի հանրայնացնում, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել: Պատճառաբանությունն այն է, որ շահագրգիռ անձինք, ծանոթանալով ուսումնասիրության նյութերին, կարող են ներկայացնել դիրքորոշում, ապացույց, որի հիման վրա գուցե փոխվի ենթադրյալ ապօրինի գույքի ցանկը:
Արման Ղազարյանը 2002-2021թթ. եղել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար, իսկ 2022թ. դեկտեմբերի 8-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Մեկնաբանել