
ՊՆ-ն չի ասում, թե ով է բանակին անորակ միս մատակարարել
Արդեն անդրադարձել ենք ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում հայտնաբերված անորակ մսի պատմությանը եւ դրա կապակցությամբ հարուցված քրեական գործին: «Բանակում անարդարություններին՝ ոչ» նախաձեռնությունը վերջերս նամակներ էր տարածում առ այն, որ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահ, ՊՆ խորհրդական Գեղամ Հարությունյանի գլխավորած հանձնախումբը ստուգումներ իրականացնելիս Մարտունի-2 զորամասում հայտնաբերել է, որ զինվորներին տրվում է ոչ թե տավարի թարմ մսից պատրաստված կերակուր, այլ հնդկական գոմեշի սառեցված մսից պատրաստված սնունդ: Ըստ նախաձեռնության՝ Հարությունյանն այս մասին չի զեկուցել ՊՆ Սեյրան Օհանյանին:
Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների առթիվ հարուցվել է քրգործ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ «Խարդախությունը (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»: Խոսքը գնում է ավելի քան 3 մլն դրամի մասին, քանի որ նշված հոդվածով առանձնապես խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկը գերազանցող գումարը: Գործը գտնվում է ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննչական բաժնի վարույթում:
Գեղամ Հարությունյանը որոշ ժամանակ լռելուց հետո հայտարարեց, որ սուտ են լուրերը, թե ինքը չի զեկուցել նախարարին: Սակայն չի հերքվել կոնկրետ այն տեղեկությունը, որ զորամասում այլ որակի միս է հայտնաբերվել: Եվ հարուցված քրեական գործն էլ դրա մասին է խոսում:
Նախարարին ուղղված նամակում խնդրել էինք հայտնել, թե արդյոք անցկացվում է ծառայողական քննություն՝ դեպքի մասին չզեկուցելու վերաբերյալ: Այս հարցը ՊՆ-ն շրջանցել է:
Ներկայացնենք ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը մեր նամակին, որտեղ բարձրացրել էինք մի շարք հարցեր. օրինակ՝ ումի՞ց է վերջին 2,5 տարիներին ՊՆ-ն տավարի միս գնել, ի՞նչ քանակով եւ արժեքով: Այդ միսը եղել է սառեցվա՞ծ, թե՞ թարմ:
ՊՆ-ից գրել են. «ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհուրդը՝ Գեղամ Հարությունյանի նախագահությամբ, 2011 թ. հունիսի 18-ից 23-ը կազմակերպել է ՀԽ հանձնախմբի և մտավորականության այցելություն ՊԲ զորամասեր:
Զինծառայողների սոցիալ-իրավական պաշտպանության հարցերի ուսումնասիրման նպատակով ՀԽ հանձնախումբը ստուգայց է անցկացրել ՊԲ 36534, 38862, 46492 և 46677 զորամասերում: Մի շարք լրատվամիջոցներով տարածված այն տեղկությունը, թե վերը նշված ժամանակահատվածում ՀԽ հանձնախումբը, ի դեմս Գեղամ Հարությունյանի, այցելել է ՊԲ 38401 զորամաս, չի համապատասխանում իրականությանը:
Ինչ վերաբերում է զինծառայողներին անորակ մսից պատրաստված սնունդ տալուն, ապա հայտնում ենք, որ այդ կապակցությամբ իրականացված ստուգման արդյունքում հարուցվել է քրեական գործ, տարվում է քննություն:
2010-2011 թթ. ՊԲ զորամասերին մատակարարվել է և սառեցված, և թարմ մսամթերք: Մատակարարված մսամթերքի քանակի և այլ մանրամասների մասին տեղեկություններ չենք կարող տրամադրել, քանի որ դրանք պարունակում են որոշակի գաղտնիություն»:
Համաձայն ենք, որ գնված մսի քանակի եւ գուցե նաեւ արժեքի վերաբերյալ տեղեկությունները ռազմական գաղտնիքի տարրեր պարունակում են, սակայն հասկանալի չէ, թե մատակարարի անունը ինչ կապ ունի գաղտնիության հետ: ՊՆ-ն գնումները կատարում է «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով կազմակերպված մրցույթի արդյունքում հաղթած ընկերությունից: Այսպիսի պետական գնումները գաղտնիք չեն, ավելին՝ ՀՀ գնումների համակարգում տեղադրվում են մրցույթների, դրանց հաղթողների, կնքված պայմանագրերի մասին հայտարարություններ, որոնց մեջ կան նաեւ ՊՆ-ին վերաբերող մրցույթների մասին տվյալներ՝ մատակարարներով, ապրանքի քանակով ու արժեքով հանդերձ:
Ուրեմն ի՞նչ է պատճառը, որ ՊՆ-ն չի ասում մսի մատակարարին կամ մատակարարներին: Կրկնում ենք, այստեղ էականը մեզ համար մսի քանակն ու արժեքը չէ, այլ առաջին հերթին պետական գնումը շահած ընկերության անունը: Ամբողջ խնդիրն այն է, որ նույն այդ գնումները կատարվում են պետբյուջեի, ասել է թե՝ մեր՝ հարկատուներիս հաշվին, իսկ քաղաքացիներն իրավունք ունեն իմանալ, թե ով է իրենց միջոցով գոյացած գումարները ստացել եւ արդյունքում խաբել ՊՆ-ին ու զինվորներին անորակ միս մատակարարել:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել