HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գույքագրվում են մայրաքաղաքում գործող ավտոկայանատեղիները

Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում ավտոկայանման համար գանձվող գումարների մասով քաղաքացիների կողմից բարձրացվող դժգոհություններին, նշել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գույքագրում և ուսումնասիրում է ավտոկայանման համար տրամադրված բոլոր պայմանագրերը, այդ թվում նաև պարզելու համար, թե արդյոք միայն տրամադրված տարածքում է իրականացվում տվյալ գործունեությունը:

«Այսօր մայրաքաղաքի` հատկապես Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղերի հետ կապված խայտառակ իրավիճակ է: Ավտոմեքենան դեռ չկայանած գումար են պահանջում: Ընդ որում, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրության արդյունքները, շատ հաճախ անօրինական գումարներ են գանձվում մեր քաղաքացիներից: Երկու-երեք օր է, ինչ համապատասխան աշխատանքային խումբը գույքագրման աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ և մոտ 80 տոկոսով պակասել է կենտրոնում գումար գանձողների թիվը: Մեր նպատակն այն է, որ մեր քաղաքացիները կարողանան հանգիստ կայանեն իրենց մեքենաներն ու մտնեն խանութ կամ սրճարան և, ընդհանրապես, ուր ցանկանան: Ոչ ոք իրավունք չունի որտեղ պատահի գումար գանձի ավտոկայանման համար»,- ընդգծել է քաղաքապետը և հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին այդ ուղղությամբ հետևողական աշխատանք տանել ու բացահայտել ապօրինի գումար գանձողներին և ճանապարհային ոստիկանության ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկել դրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ընդհուպ ապօրինի գումարներ գանձելու համար քրեական պատասխանատվության ենթարկում:

Այս մասով Տարոն Մարգարյանը նաև տրանսպորտի վարչության պետին է հանձնարարել ճանապարհային ոստիկանության հետ համատեղ մշակել ավտոկայանատեղիների համար սահմանված վայրերի քարտեզն ու ըստ այդմ կնքել նոր պայմանագրերը:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությանը և վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժիններին քաղաքացիների կողմից ուղղված դիմում-բողոքներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել դրանք և հստակ քայլեր ձեռնարկել դրանց ընթացք տալու ուղղությամբ. «Հատկապես սոցիալապես անապահով մեր բնակիչների կողմից բարձրացվող որևէ հարց անպատասխան չպետք է մնա: Սա հստակ պահանջ է, որով պետք է առաջնորդվեն բոլոր սոցիալական ծառայությունները»,- ընդգծել է քաղաքապետը և հորդորել այս հարցում լինել խիստ և հետևողական: 

Քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում է հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ ամենօրյա հսկողությունը: Բացի այդ, ընթացքի մեջ է նաև Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: 

Անդրադառնալով քաղաքապետարան - վարչական շրջաններ - համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ արդեն վերանորոգվել է 875 շքամուտք: Զեկուցվել է նաև, որ աշխատանքների որակի ապահովման նպատակով կատարվում են ստուգայցեր, և հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են: 

Սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագրում ներառվել և բարեկարգվում են նաև բակային տարածքներում առկա ցայտաղբյուրները: 

Երևանի արտաքին տեսքի բարեկարգման 2012թ.-ի ծրագրի շրջանակում արդեն  ավարտվել են շուրջ վեց տասնյակ կամարանցումների բարեկարգման ու նկարազարդման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ լրացուցիչ ծրագրով մինչև տարեվերջ կբարեկարգվեն ու կնկարազարդվեն նաև երևանյան դեռևս չնկարազարդված մյուս բոլոր կամարանցումները ևս, որով էլ ծրագիրը կամբողջանա: 

Զեկուցվել է, որ ավարտական փուլում են մայրաքաղաքի այգիներում և պուրակներում գիշերային լուսավորության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք իրականացվում են տարածքները վարձակալած տնտեսվարողների հետ համատեղ: 

Անդրադառնալով բացօթյա ապօրինի առևտրի արգելման և կանխարգելման աշխատանքներին, ինչպես նաև ապօրինի շինությունների քանդման և հողազավթումների կանխման գործընթացին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը  համապատասխան կառույցների առջև խնդիր է դրել հետևողականորեն շարունակել աշխատանքները: 

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում շարունակվում են  բազմաբնակարան շենքերի պատերին, հենասյուներին և հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերում փակցված հայտարարությունների ու պաստառների մաքրման աշխատանքները: Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում սահմանազատված վայրերում հայտարարությունների համար կտեղադրվեն համապատասխան ցուցատախտակներ: 

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են նաև  ամենշաբաթյա շաբաթօրյակները, որոնց շրջանակում իրականացվում են բակերի և դրանց հարակից տարածքների սանմաքրման աշխատանքներ:  Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter