HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքապետարանի պաշտոնատար անձինք քաղաքացիներից կաշառք են ստացել՝ նրանց օգտին գործողություններ կատարելու համար.

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի համայնքապետարաններից մեկի ղեկավարի տեղակալ Ա. Հ.-ն նույն համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետ Հ. Դ.-ի հետ՝ խմբի կազմում, օգտագործելով ծառայողական լիազորությունները, մի շարք անձանց օժանդակությամբ, ինչպես նաև անձամբ պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք: Այս մասին հաղորդում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մասնավորապես՝ հիշյալ պաշտոնատար անձինք 2024 թվականի օգոստոսին իրենց մարզի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարի միջոցով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը նույն բնակավայրի բնակչին աճուրդ-վաճառքով, առանց մասերի բաժանելու օտարելու համար ստացել են 150.000 դրամ կաշառք:

Պարզվել է նաև, որ Ա. Հ. -ն և Հ. Դ.-ն 2024 թ. մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում նույն համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի անդամի օժանդակությամբ ձևական աճուրդ-վաճառք կազմակերպելու միջոցով մարզի բնակավայրերից մեկում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը բնակչին օտարելու համար նրանից պահանջել և ստացել են 70.000 դրամ կաշառք:

Բացի այդ, 2024 թվականի հուլիսին նույն մարզում գտնվող հողամասում բնակելի տուն կառուցելու նախագիծ կազմելու և շինարարության թույլտվությունն անխոչընդոտ տրամադրելու համար Հ. Դ.-ն հողամասի սեփականատիրոջից պահանջել և ստացել է 150.000 դրամ կաշառք:

Պարզվել է նաև, որ վերը նշված պաշտոնատար անձինք 2024 թվականի հոկտեմբերի 11-ին մեկ այլ քաղաքացուց պահանջել և ստացել են 55.000 դրամ կաշառք՝ նույն համայնքի բնակավայրում վերջինիս պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու դիմաց:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ համայնքի ղեկավարի տեղակալ Ա. Հ.-ն 2024 թվականի հոկտեմբերի 22-ին կայանալիք՝ քաղաքին նվիրված տոնակատարության ժամանակ համայնքում բիզնես գործունեություն իրականացնող անձին մեդալով պարգևատրելու համար նրանից պահանջել և ստացել է 120.000 դրամ:

Խմբի կազմում կաշառք ստանալու համար վերը նշված պաշտոնատար անձանց՝ Ա. Հ.-ին և Հ. Դ.-ին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 435-րդ հոդվածի 1-ին մասով: Նշված երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Եվս 8 անձի մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու և կաշառք ստանալուն օժանդակելու՝ ենթադրյալ հանցանքներ կատարելու հոդվածներով: 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter