HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սահմանափակվել է Վճռաբեկ դատարանի հասանելիությունը. ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2025թ. մարտի 6-ին հերթական վճիռն է կայացրել Հայաստանի դեմ՝ արձանագրելով արդար դատաքննության իրավունքի (դատարանի հասանելիություն) խախտում: Թեև դատարան դիմած քաղաքացին արդեն մահացել է, սակայն նրա ժառանգները կարող են Հայաստանում գործի վերաբացման պահանջ ներկայացնել:

Նելլի Ֆլջյանը 2013թ. օգոստոսի 5-ին հացադիմում է ներկաացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ մոլորության ազդեցության տակ կնքված գործարքն անվաներ ճանաչելու պահանջով։ Առաջին ատյանում և Վերաքննիչ դատարանում պարտվելուց հետո՝ դիմել է Վճռաբեկ դատարան, մինչդեռ ներպետական վերջին ատյանը բողոքը չի ընդունել՝ ժամկետը բաց թողնելու պատճառաբանությամբ: ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ պետական մարմինների պատճառով է եղել ժամկետի բացթողումը, հետևաբար չպետք է սահմանափակվեր քաղաքացու՝ դատարան դիմելու մատչելիության իրավունքը:

Երևան քաղաքի Պուշկին փողոցի բնակելի տան և ավտոտնակի նկատմամբ գրացված է եղել Նելլի Ֆլջյանի սեփականության իրավունքը: Սեփականության վկայականի լրացուցիչ նշումների մասում եղել է գրառում, որ հողամասն ընդհանուր սեփականություն է և պատկանում է երեք ընտանիքների։ Ն. Ֆլջյանին պատկանել է ընդհանուր հողամասի 1/3 մասը, որը կազմում է մոտ 225 քմ։

2001թ. հոկտեմբերի 2-ին շենքի և հողամասի մյուս համասեփականատերերի և Նելլի, Վիգեն Ֆլջյանների միջև կնքվել է անշարժ գույքի բաժանման պայմանագիր: Նշված պայմանագիրը կնքելիս Նելլի Ֆլջյանը կարծել է, որ ինքը զիջում է իր հողամասից մոտ 84քմ հողամաս, որի դիմաց իր շինությունն ավելանում է, սակայն իրականում ավելի քիչ է ստացել: Մասնավորապես, անհամաձայնությունն այն է, որ իրավունքի պետական գրանցումը պետք է կատարվեր համապատասխան 68 քմ կիսանկուղային տարածքի նկատմամբ, սակայն կատարվել է 45քմ-ի նկատմամբ, ինչով էլ խախտվել է Ֆլջյանների իրավունքը։

Ներպետական դատարաններում Ն. Ֆլջյանի իրավունքները պաշտպանել է փաստաբան Կարեն Մեժլումյանը: 2013թ. նոյեմբերին Նելլի Ֆլջյանի հայցը մերժվել է, որից հետո դիմել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան: Վերադաս դատարանում ևս մերժում է ստացել:

Փաստաբան Կարեն Մեժլումյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պատճառաբանելով, որ Վերաքննիչ դատարանի որոշումն իրեն չի ուղարկվել, թեև վերաքննիչ բողոքն ինքն է ստորագրել: Իսկ Նելլի Ֆլջյանը դատարանի որոշումն իրեն փոխանցել է ուշ՝ կարծելով, որ դրա պատճենը փոխանցվել է նաև փաստաբանին։ Այն պահին, երբ փաստաբանն իմացել է որոշման մասին և կարողացել է բողոքարկել, համապատասխան ժամկետն արդեն լրացել էր:

Կարեն Մեժլումյանը միջնորդել է հարգելի ճանաչել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելը և վերականգնել այն: Միաժամանակ պատճառաբանելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ, պահանջել է բեկանել վերջինիս որոշումն ու փոփոխել, այն է` հայցը բավարարել:

Վճռաբեկ դատարանը միջնորդությունը հիմնավոր չի համարել՝ գտնելով, որ դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու հիմքեր չկան, և վերադարձրել է բողոքը: Նելլի Ֆլջյանը դրանից հետո դիմել է ՄԻԵԴ՝ պատճառաբանելով, որ իրեն զրկել են Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունից այն պատճառով, որ բողոքը սահմանված ժամկետում չի ներկայացվել, չնայած այն հանգամանքին, որ բողոքարկման ժամկետը բաց է թողել  հիմնավոր պատճառներով: ՄԻԵԴ-ում նրա շահերը դարձալ պաշտպանել է Կ. Մեժլումյանը:

2023թ. հունվարի 9-ին Նելլի Ֆլջյանը մահացել է: Նրա որդին՝ Աղասի Միրզոյանը, ցանկություն է հայտնել հետամուտ լինել դիմումին։ Հայաստանի Կառավարությունն առարկություններ չի ներկայացրել։

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ բողոքարկման ժամկետները կարգավորող կանոնները նպատակ ունեն ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը, սակայն խնդրո առարկա կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խանգարի դատավարության կողմերին օգտվել հասանելի իրավական միջոցից:

Եվրոպական դատարանը նշել է, որ Հայաստանի Քաղաքացիական դատավարության օրենսգրքում հստակ չէ՝ արդյոք փաստաթղթերը պետք է հանձնվի շահագրգիռ կողմին, նրա փաստաբանին, թե երկուսին էլ: Այդ հարցում չկա նաև ձևավորված պրակտիկա: Հետևաբար ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարքագիծն այս գործով համահունչ չի եղել, քանի որ մինչև գործն ըստ էության լուծող վերջնական որոշումն ուղարկելը, դատարանը ծանուցումներն ու այլ անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել է նաև Ֆլջյանի փաստաբանին: 

«Նման իրավիճակում դիմումատուի համար անհիմն չէր ակնկալել, որ իր փաստաբանը նույնպես կստանա Վերաքննիչ դատարանի որոշման պատճենը»,- նշված է ՄԻԵԴ վճռում, հավելելով, որ բողոքարկման ժամկետի բացթողումը հիմնականում վերագրվում է իշխանություններին՝ փաստաթղթերի հանձնման վերաբերյալ ներպետական ​​հստակ կանոնների և պրակտիկայի բացակայության պատճառով:

ՄԻԵԴ-ը շեշտել է նաև Վերաքննիչ դատարանի անհետևողական վարքագծի մասին, ինչը անորոշություն է ստեղծել Նելլի Ֆլջյանի և նրա փաստաբանի համար: Իսկ Վճռաբեկ դատարանն այս պայմաններում պատշաճ կերպով չի քննարկել հայցը:

Հայաստանի Կառավարությունը դիրքորոշում է հայտնել, որ Ֆլջյանի փաստաբանը չի ներկայացել 2014թ. մայիսի 21-ի որոշման հրապարակմանը: Բացի այդ, նա կարող էր որոշման ամբողջական տեքստին ծանոթանալ հանրությանը հասանելի առցանց դատական ​​տվյալների բազայում՝ Datalex-ում:

Անդրադառնալով այս հարցին` ՄԻԵԴ-ը նշել է, որ նախ՝ Կառավարությունը չի ներկայացրել որևէ ապացույց Datalex-ում որոշման հրապարակման ամսաթվի վերաբերալ։ Բացի այդ, փաստաբանը պարտավոր չի եղել մասնակցել հրապարակման նիստին կամ որոշմանը ծանոթանալ տեղեկատվական բազայում: Օրենքը նախատեսել է որոշման ուղարկում՝ գործին մասնակցող կողմերին, հետևաբար գտել է, որ Վճռաբեկ դատարանի 2014թ. հուլիսի 16-ի որոշումն անհամաչափ սահմանափակում է, ինչը դատարանի հասանելիության խնդիր է առաջացրել:

Ֆլջյանը արդարացի փոխհատուցման պահանջ չի ներկայացրել, հետևաբար փոխհատուցման հարց չի առաջացել: 

Նշենք, որ Վճռաբեկ դատարանի որոշումը կայացրել են դատավորներ Երվանդ Խունդկարյանը (այժմ Սահմանադրական դատարանի դատավոր), Գոռ Հակոբանը (այժմ Վճռաբեկ դատարանի դատավոր), Սուրեն Անտոնյանը (լիազորությունները դադարեցված է), Վարդան Ավանեսյանը (անցել է կենսաթոշակի), Արտակ Բարսեղյանը (լիազորությունները դադարեցված է), Մամիկոն Դրմեյանը (անցել է կենսաթոշակի), Էրնա Հայրիյանը (այժմ ԵԱՏՄ դատարանի դատավոր) և Ելենա Սողոմոնյանը (անցել է կենսաթոշակի):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter