
Google-ը 2024-ին ադրբեջանական քարոզչություն տարածող ավելի քան 14 հազար յութուբյան ալիք է արգելափակել
Google-ը 2021-2024 թվականներին ավելի քան 16 հազար ադրբեջանական ալիք է արգելափակել YouTube-ում, որոնցով Հայաստանին քննադատող ու ադրբեջանական կառավարությանը փառաբանող բովանդակություն է տարածվել։ Ընդ որում՝ այս ծավալի շուրջ 87%-ը հայտնաբերվել և արգելափակվել է 2024 թվականին։ Այս մասին նշվում է ընկերության Սպառնալիքների վերլուծության խմբի (Threat Analysis Group) տեղեկագրերում։
Ադրբեջանի հետ կապվող գործողությունների հետաքննության մասին այս տեղեկագրերում առաջին անգամ նշվել է 2021-ի երկրորդ քառորդում։ 2021 թվականի հունիսին ադրբեջաներենով և հայերենով ադրբեջանական բանակին աջակցող բովանդակություն տարածող 33 ալիք էր արգելափակվել։ Սպառնալիքների վերլուծության խումբը նշել էր, որ իրենց հայտնաբերած օրինակները նման են Facebook-ի բացահայտումներին։
2020 թվականի հոկտեմբերին Facebook ընկերությունը (2021-ից` Meta) կեղծ օգտահաշիվներով քարոզչություն տարածող ցանց էր բացահայտել Ադրբեջանում։ Հրապարակումները հիմնականում ադրբեջաներենով էին, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն։ Մեկնաբանությունները հաճախ անդրադառնում էին տեղական և տարածաշրջանային նորություններին ու իրադարձություններին, քաղաքականությանը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությանը։ Տարածվող բովանդակությամբ գովերգվում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը, դավաճանության համար մեղադրվում էին ընդդիմադիր գործիչները, հերքվում էին Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների մեղադրանքները։
Այս բացահայտումից հետո Google-ը ևս սկսեց անդրադառնալ Ադրբեջանի հետ կապվող քարոզչական գործողություններին։ 2021-ին յութուբյան 33 ալիք փակելուց հետո հետաքննության մասշտաբներն ընդլայնվել են՝ հաջորդ տարի դառնալով 516։ Սա, սակայն, միայն սկիզբն էր․ նախորդ տարի՝ 2024-ին, Սպառնալիքների վերլուծության խմբի խոշորացույցի տակ հայտնվելուց հետո Ադրբեջանի հետ կապվող ավելի քան 14 հազար յութուբյան ալիք է արգելափակվել, որը այս հետաքննության շրջանակում արգելափակված ալիքների ծավալի 87%-ն է։
Պետք է ընդգծել, որ սա արգելափակված ադրբեջանական ալիքների մի փոքր մասն է, որը կոնկրետ վերաբերում է քարոզչական գործողություններին՝ ուղղված նաև Հայաստանի դեմ։ Սրանք բացահայտվել են Սպառնալիքների վերլուծության խմբի ներքին հետաքննության շրջանակում և առնչություն չունեն YouTube-ի քաղաքականության խախտման մյուս դեպքերի հետ։
2024-ին Սպառնալիքների վերլուծության խմբի տեղեկագրերում այս հետաքննության մասին տվյալներ կան հունիսից սկսած։ Արգելափակված ալիքների թիվն ամեն ամիս աճել է։
Տեղեկագրերում չի նշվում, թե ալիքների միջոցով քանի տեսանյութ է տարածվել կամ դրանք քանի դիտում են ունեցել։ Անդրադարձ չի կատարվում նաև տարածման աշխարհագրությանն ու ազդեցության գնահատմանը։
Սակայն վերջին տեղեկագրերն ուսումնասիրելով՝ նկատել ենք, որ Ադրբեջանի հետ կապվող գործողությունների հետաքննությունը խմբի ուշադրության կենտրոնում գտնվող առանցքային թիրախներից է։ Նախորդ տարի՝ 2024-ին, այն բացահայտումների ծավալով երրորդն էր, զիջում էր միայն Չինաստանի ու Ռուսաստանի հետ կապվող քարոզչական գործողություններին։
Ռուսերենով, ադրբեջաներենով ու թուրքերենով Արցախի հարցում ադրբեջանական դիրքորոշումը ներկայացնող 57 ալիք էլ 2023-ի հոկտեմբերին արգելափակվել է մեկ այլ հետաքննության շրջանակում։ Սրանք, ըստ տեղեկագրի, կապվում են Ռուսաստանի հետ, սակայն քննադատում են հենց Ռուսաստանին ու Հայաստանին։
Սպառնալիքների վերլուծության խումբը վերջին տարիներին մեկ անգամ էլ հիշատակել է հայերեն բովանդակության արգելափակման մասին․ Google News-ում հայերենով և վրացերենով ռուսամետ բովանդակություն է տարածվել, անդրադարձ է կատարվել երկու երկրների քաղաքական գործընթացներին։
Թեև դժվար է հաշվարկել, թե ադրբեջանական այս քարոզչությունն ինչ ազդեցություն է ունեցել, սակայն արգելափակված ալիքների թիվը ցույց է տալիս, որ տեղեկատվական արշավների կազմակերպման համար մեծաքանակ ռեսուրսներ են ներդրվել թվային այս ճակատում։ Տեխնոլոգիական ընկերությունները, որոնք ներքին հետաքննություններ ունեն, հաճախ հղում են անում միմյանց, նմանություններ նկատում քարոզչական գործողություններում ու եզրակացնում, որ դրանք իրականացվում են համակարգված։
Կարդացեք նաև․
Մեկնաբանել