
Երբ ճակատագիրը թակում է դուռը․ Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան՝ Հայաստանի Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ
Լյուդվիգ վան Բեթհովենի 5-րդ սիմֆոնիայի սկիզբը դասական երաժշտության մեջ դարձել է ամենահայտնի և հրամայական ժեստը։ Սիմֆոնիան հայտնի է «Ճակատագիրը թակում է դուռը» անվանումով, որը կնքել է կենսագիր Անտոն Շինդլերը։ Նա աշխարհին պատմեց, որ Բեթհովենը առաջին չորս նոտաները համեմատել է ճակատագրի թակոցի հետ։ Սիմֆոնիան Բեթհովենը սկսել է գրել, երբ լսողությունն արդեն լավ չէր։ 28 տարեկանում նրա լսողությունը սկսեց վատանալ, իսկ 16 տարի անց Բեթհովենն ամբողջովին խլացավ։
2025թ. մարտի 1-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հնչեց Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան։ Համերգից ժամեր առաջ գլխավոր փորձն էր, որին մեզ թույլ տվեցին ներկա լինել: Բեթովենի 5-րդ սիմֆոնիան եղել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ունկնդրած առաջին մեծ ստեղծագործությունը. այդ ժամանակ նա 6 տարեկան էր, բայց զգացողությունները հիշում է մինչ օրս։
«Ինձ մոտ շատ հստակ պատկերացում կա, թե ես ինչ էմոցիաներ եմ ուզում սիմֆոնիայի ընթացքում ապրել և ինչի մասին պետք է մտածել, որ ավելի կոնկրետ լինի, որովհետև սիմֆոնիան այնքան խայտաբղետ և հարուստ էմոցիոնալ պաշար ունի, որ եթե միայն էմոցիոնալ ալիքը լինի դոմինանտ, ապա դա կառաջացնի շատ մեծ խնդիրներ նվագախմբի համար։ Այս պատճառով փորձում եմ բալանսի մեջ լինել», - փորձի ժամանակ ասաց Սմբատյանը։
Սիմֆոնիկ մտածելակերպում այս ստեղծագործությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող է թեման սկսվել և փոխվել հենց սկզբից։ Սմբատյանը, լինելով նաև ջութակահար, լավ հասկանում է կատարողական դժվարությունները, որոնք հանդիպում են պարտիտուրում։ Իսկ որպես դիրիժոր փորձում է ռազմավարական սկզբունքն այնպես կառուցել, որ պարտիտուրը հնչի ճիշտ ինչպես հնչում է իր պատկերացման մեջ։ Ասում է՝ այդ գաղափարով պետք է վարակել նաեւ ամբողջ նվագախմբին և ցույց տալ՝ ինչպես պետք է հնչի Բեթհովենը։
Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան անվանում են նաև «Ճակատագրի սիմֆոնիա»։ Կոմպոզիտորի հարաբերությունը ճակատագրի հետ բարդ էր․ 28 տարեկանից նա աստիճանաբար սկսեց կորցնել լսողությունը: Ընկերներին ուղղված նամակներում հաճախ էր պատմում իր ապրումների մասին։
«Երբ մարդկանց կողքին եմ, ինձ թվում է, թե ես աքսորյալ եմ, քանի որ չեմ լսում այն, ինչ ուրիշները լսում են: Ես այլևս չեմ կարող վայելել երաժշտությունը այնպես, ինչպես առաջ: Ես հեռու եմ այն ժամանակներից, երբ իմ լսողությունը գերազանցում էր նույնիսկ լավագույն երաժիշտներին։ Բայց ես չեմ պատրաստվում հանձնվել:
Ես կբռնեմ ճակատագրի կոկորդից, այն չի կարող ինձ հաղթել։ Ես դեռ շատ բան ունեմ տալու աշխարհին, և ես չեմ պատրաստվում հրաժարվել կյանքից: Թեև ինձ սպասում են դժվարություններ, ես կշարունակեմ ստեղծագործել այնքան ժամանակ, քանի դեռ Աստված ինձ ուժ է տալիս»,- գրել է նա ընկերոջը՝ Վեգելշտեյնին ուղղված նամակում։
Բեթհովենի կամքն էր, որ ընկերները իրեն երջանիկ տեսնեն, ոչ թե դժբախտ։ Այդ պատճառով երկար ժամանակ չէր հանդիպում նրանց հետ։ Գրում էր, որ ստեղծված չէ խաղաղ կյանքի համար։ Չնայած լսողության կորստին, նա շարունակեց ստեղծագործել, իսկ հետագա գլուխգործոցները, այդ թվում՝ 5-րդ սիմֆոնիան, դարձան պայքարի և հաղթանակի խորհրդանիշ:
Փետրվար ամսին Բեթհովենի թեմատիկայով տարբեր քաղաքներում, տարբեր նվագախմբերով Սերգեյ Սմբատյանն ունեցել է մի քանի համերգներ։ Հայաստանում, նրա խոսքով, մեծ հաջողություն է այն, որ լսարանը երիտասարդացել է և դահլիճը լեփ-լեցուն է։
Անի Մարգարյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել