
Հասմիկ Պապյան․ «Հայաստանում ծնված, ուսանած և հաջողության հասած արվեստագետները պարտավոր են աշխատել Հայաստանի համար»
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան, հիմնադրումից ի վեր՝ ավելի քան 40-ամյա պատմության ընթացքում, երկու տասնյակ օպերային ներկայացումներ է բեմադրել։ Հայ անվանի կոմպոզիտոր, Կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Ղազարոս Սարյանը, 1980-ական թթ. հիմնելով ստուդիան, նպատակ ուներ օպերային երգիչների նոր սերունդ կրթել, որոնց անունները կհնչեն միջազգային բեմահարթակներից: 2020թ․ հոկտեմբերից Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարումը ստանձնած աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը ստուդիայի հիմնադրի նպատակներին հավելել է ևս մեկը՝ 2022-23թթ․ համերգաշրջանից սկսած՝ ստուդիան ներկայանում է որպես խաղացանկային օպերային թատրոն:
Տկն Պապյան, ի՞նչ եք հաջողել այս չորս տարվա ընթացքում և ինչպիսի՞ դժվարությունների եք բախվում, որը թույլ չի տալիս կամ դանդաղեցնում է Ձեր ծրագրերի ընթացքը։
Երբ Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն առաջարկեց վերականգնել Օպերային ստուդիան և ստանձնել գեղարվեստական ղեկավարի պարտականությունը, համաձայնեցի՝ մտածելով, որ գուցե սա լավ ցատկահարթակ կլինի մեր ուսանողների համար։ Հիշեցի իմ անցած դպրոցն ու ճանապարհը, որն իսկապես ինձ շատ է օգնել, ես այստեղից դուրս եմ եկել պատրաստի երգչուհի և գնացել եմ համաշխարհային բեմեր։ Ինձ համար ամենակարևորը երիտասարդների մոտ ինքնավստահությունն ամրապնդելն է։ Այն մտայնությունը, որ Հայաստանը փոքր երկիր է, մենք պարտված ժողովուրդ ենք, ոչ մեկին պետք չենք և այլն, պետք է հաղթահարել։ Մինչև հիմա երիտասարդներին համոզում եմ, որ չկա փոքր երկիր, փոքր երկրում կան մեծ մարդիկ։
Աշխատանքը ստանձնելով՝ ես առանձնապես սպասելիքներ չեմ ունեցել, որ իմ առջև դռներ պետք է բացվեն։ Հիմնականում փորձել եմ իմ ընկերների, բարեկամների, համախոհների, իմ արվեստի երկրպագուների աջակցությամբ իրականություն դարձնել մտահղացումներս։ Մեր երկրում շատ դժվար է ինչ-որ բան տեղից շարժելը, բայց ամեն անգամ, երբ նեղսրտում եմ, գտնվում են մարդիկ, որոնք կյանքդ երկարացնում են։ Հայի լավագույն որակները դեռևս կորսված չեն, ես անդադար հանդիպում եմ դրան և ավելի եմ կառչում մեր հողին, մեր երկրին։ Ինձ համար երբևէ ընտրության հարց չի եղել, թե որտեղ պետք է ապրեմ, ես այստեղ եմ և այստեղ էլ մնալու եմ։ Կցանկանայի շատ ավելին պատմել այդ մասին, եթե անձամբ ինձ հետ կապված չլիներ։ Կուզենայի նաև, որ ուսանողներն ավելի շատ գիտակցեին սրա կարևորությունը։
Ի՞նչ հնարավորություններ է ստեղծում ստուդիան օպերային երգարվեստն ընտրած ուսանողների համար։
Այս չորս տարիներին հասկացել եմ, որ ինչն անվճար է արվում՝ չի գնահատվում։ Ես նաև իմ արտասահմանցի ուսանողներին եմ անվճար փոխանցում գիտելիքներս, բայց այստեղ դա չի ընկալվում, և դա նրանց մենթալիտետով է պայմանավորված։ Մի բանը կարող ես ասել 30 հազար անգամ, բայց նրանք ո՛չ գրի են առնում, ո՛չ հիշում են, մտածելով, որ 31 հազար անգամ էլ կասես։ Կարող են տարիներով տաքսիով գնալ ինչ-որ տեղ՝ մի բան սովորելու համար, ոչինչ չսովորել, բայց շարունակել գնալ նույն տեղը, որովհետև դա վճարովի է։ Սա հոգեբանական խնդիր է և չի փոխվում։ Առաջին իսկ օրից խնդրել և պահանջել եմ՝ ոչ մի առիթով ծաղիկներ չբերել ինձ, դա հասկանալն անգամ շատ դժվար է նրանց համար։ Մարդ, որը պատրաստ է իր ժամանակն ու ուժերը ծախսել քեզ համար, անպայման չէ, որ նյութականով վերադարձնես։ Եթե դու լավ երգես, ես ինձ բավարարված կզգամ։ Ես հենց այդ ազատությունն եմ ուզում փոխանցել նրանց։ Երբեմն, այո, ավելորդ ջանքեր ենք ներդնում, որն արդարացված չէ։ Իհարկե, կան անբարյացկամ մարդիկ, որոնք սպասում են, թե երբ ես ձախողելու, բայց ես հանձնվել չգիտեմ, պարտություն չգիտեմ, եթե մի բան սկսում եմ, պետք է ավարտեմ։ Սա առողջ հավակնոտություն է, որը միշտ ունեցել եմ։
Միաժամանակ, չցանկանալով վիրավորել որևէ մեկին, պետք է ասեմ, որ մեր կրթական ոլորտում դեռևս ֆեոդալական բարքեր են։ Ուսանողն իր ուսուցչի սեփականությունն է համարվում։ Ինձ համար առաջնայինը ստեղծագործողի ազատությունն է։ Այդ կարծրատիպերը կոտրելու մեջ եմ տեսնում իմ առաքելությունը, որպեսզի երիտասարդները հասկանան, նաև այստեղի առավելություններից օգտվեն։ Երբ Եվրոպա գնան, ոչ մի դաշնակահար անվճար չի նվագակցի նրանց։ Եթե մեկ էջ ինչ-որ բան սովորելու լինեն, մի քանի անգամ պետք է գնան և բավականին մեծ գումար վճարեն, որ կարողանան սովորել։ Մինչդեռ, Հայաստանում դաշնակահարներն առավոտից երեկո երգիչների ու ուսանողների հետևից են ընկնում, որ դերերգերը սովորեցնեն։ Սա մի առավելություն է, որից կարող են օգտվել։ Այսինքն, մինչև կոնսերվատորիան ավարտում ես, արդեն երկու–երեք դերերգ գիտես և դրանով արդեն կարող ես ներկայանալ հանրությանը։
Զարգացման ի՞նչ միտումներ ունեն եվրոպական երկրների բուհական ստուդիաները, և նրանց համեմատությամբ ինչ վիճակում է Երևանի կոնսերվատորիայի Օպերային ստուդիան։
Շատ մեծ է հակասությունը, մեր կոնսերվատորիայի ունեցած տեխնիկական հնարավորությունները հնարավոր չէ համեմատել եվրոպական որևէ երկրի հետ։ Սակայն, դրա հետ մեկտեղ այսօր մոտ 30 հայ երգիչ, որոնց մեծ մասը Հայաստանից են գնացել, զարդարում են համաշխարհային բեմերը։ Ինձ համար էլ է անբացատրելի, թե որտեղի՞ց նրանց մոտ երգելու, խոչընդոտները հաղթահարելու այդքան մեծ ցանկությունը կամ ինչ-որ բանի հասնելու համար անհնարինը հնարավոր դարձնելու մղումը։ Ամեն դեպքում, երգեցողությունը բնատուր երևույթ է, եթե ձայն ունես, կարող ես երգել, եթե՝ ոչ, չես կարող ձեռք բերել։ Իհարկե, ձայն ունեն։ Հանգիստ եմ, որ վակում չկա, մեր ուսանողները մեկը մեկից տաղանդավոր են։ Շատ ուրախալի է, որ հիմնականում մարզերից են, տղաները սիրում են երգել և որոշում են օպերային երգիչ դառնալ։ Այս չորս տարիներին արդեն մեր ուսանողներից 10 հոգի արտասահման են մեկնել՝ ուսումը շարունակելու կամ լավագույն թատրոններում են երգում՝ Ցյուրիխ, Լոնդոն, Ստրասբուրգ և այլ երկրներ։ Ես դա խրախուսում և խթանում եմ, արվեստագետը երբեք նույն տեղում չպետք է մնա, նույնիսկ Շվեյցարիայում բնակվողը։ Շատ լավ է, որ արտերկրում նրանք ճանաչում են ձեռք բերում և հայ են ներկայանում։ Եթե հնարավորություն ունենայինք, չեք պատկերացնի, թե ինչեր կարելի էր անել այստեղ՝ մտածողություն փոխելու, ճաշակ ձևավորելու և ընդհանրապես եվրոպական այսօրվա օպերային արվեստի հետ համաքայլ քայլելու համար։
Իսկ թե ինչեր են անում Եվրոպայում, դա նույնիսկ հնարավոր չէ բացատրել։ Հիմա, հատկապես, Գերմանիայում ուղղակի հնարավոր չէ ավանդական, թավշյա կոստյումներով բեմ բարձրանալ։ Ամեն ինչը փոխված է՝ մտածողությունը, ճաշակը, երևակայությունը։ Մեծ հնարավորություններ կան՝ լուսային էֆեկտներով և շատ ավելի պակաս ծախսերով, մինիմալիստական լուծումներով։
Ի՞նչ է Ձեզ հաջողվում այդ առումով, քանի որ հետաքրքիր և հանրաճանաչ արվեստագետների հետ եք համագործակցում ներկայացումներ բեմադրելու ժամանակ։
Փորձում եմ դրսից, հիմնականում, հայերի հրավիրել ստուդիայում աշխատելու։ Ուզում եմ, որ Հայաստանում ծնված, դրսում հաջողությունների հասած երիտասարդները գան և աշխատեն ուսանողների հետ, իրենց հաջողության պատմությունը ներկայացնեն։ Մարդու կենսագրությանը, հաջողության անցած ճանապարհին ծանոթանալը բաց դաս է նրանց համար։ Այնպիսի մարդկանց հետ եմ ուզում աշխատել՝ ռեժիսորներ, նկարիչներ, որոնք բարձր ճաշակ, էսթետիկա, տարբերվող մտածողություն ունեն։ Բարեկամների մեծ բանակ ունեի դրսում, սակայն այնպես ստացվեց, որ նրանց թիվը շատ քչացավ։ Դրսում կայացած հայերից, ովքեր գալիս են այստեղ աշխատելու, հետո շատ դժգոհ են հեռանում, որովհետև այս խեղճ ու կրակ ստուդիային մեծ պահանջներ են առաջադրում։ Օրինակ՝ «Լուֆթհանզա» ավիաուղիներով են ուզում թռչել, որի տոմսը երեք անգամ ավելի թանկ է մյուսների համեմատությամբ։ Քանի որ նրանց հոնորար չեմ վճարում, գոնե այդ պահանջները փորձում եմ կատարել։ Իրականում մեծ արվեստագետներն ավելի նվազ պահանջկոտ են, օրինակ Տիգրան Ձիթողցյանի հետ լավ բարեկամներ ենք մնացել, նա այդպիսի պահանջներ չունի։ Իմ համոզմամբ՝ այն արվեստագետները, որոնք ծնվել, ուսում են ստացել Հայաստանում և հաջողության են հասել՝ պարտավոր են աշխատել Հայաստանի համար։
Ամեն անգամ Օպերային ստուդիայի ներկայացումները դիտելուց հետո ափսոսում եմ, որ այդքան քիչ մարդ դիտեց, այդքան քիչ մարդ ունկնդրեց գեղեցիկ երգեցողությունը։ Ինքս փորձում եմ բացատրություններ գտնել դահլիճի կիսադատարկ լինելու համար։ Մեկ՝ վերագրում եմ նրան, որ դասական երաժշտության երկրպագուներից քչերը գիտեն Օպերային ստուդիայի և այնտեղ Ձեր գործունեության մասին։ Ոմանք թերահավատ են, որ ուսանողները կարող են արժեքավոր բան ներկայացնել և գոհացնել իրենց։ Համաձայնեք, որ նաև ստուդիայի դահլիճ տանող նկուղային մուտքն է շատ վանող, դասական արվեստի հետ անհամատեղելի։
Մեկին դիմել էի ստուդիան հովանավորելու համար։ Ասաց, որ ինձ ճանաչելով՝ վստահում է, բայց կարո՞ղ է տեսնել, թե ինչ ենք անում այնտեղ։ Եկավ, տեսավ և ասաց․ «Եթե նույնիսկ հրաշքներ գործեք բեմում, այս կեղտոտ գորգը տեսնելուց հետո, այլևս այստեղ չեմ գա։ Հաշվեք գորգի արժեքը, ես կփոխեմ սա»։ Ասացի՝ եթե գորգը փոխում ենք, առաստաղն էլ պետք է փոխենք։ Կոնսերվատորիան հիմա վերանորոգվում է, մի մասում ավարտել են, հիմա պետք է անցնեն մյուս կողմը, հույս ունենք, որ այդ հարցը կլուծվի։ Մեր գովազդով չենք զբաղվել երբևիցե, որովհետև հաստիքներ չունենք։ Մինչ այս պարտականությունը ստանձնելը, ես 37 տարի միայն երգել եմ։ Ես 7 տարի առաջ իմացել եմ, թե որ քաղաքում, ինչ և ում հետ պիտի երգեմ։ Միայն իմ դերերգերն եմ սովորել և ճամփորդել եմ տարիներ շարունակ։ Այլ հարցերով չեմ զբաղվել։ Հիմա, երբ այստեղ սկսեցի աշխատել, ամեն ինչը ես եմ ծրագրում, պետք է մտածեմ նաև ինչպես գումար հայթայթել ծրագիրն իրականացնելու համար։
Հեռուստատեսային առավոտյան հաղորդումներն առանձնապես չեմ համակրում, բայց հյուրընկալվում եմ մեր գործունեությունը ներկայացնելու համար։ Ինչո՞ւ ես կարող եմ գտնել դահլիճներ, որոնք առանձնապես հայտնի չեն և գնալ ներկայացումներին, բայց այստեղ չեն կարող գալ։ Բոլոր տեղերում էլ դասական երաժշտության երկրպագուների թիվը փոքր է, սա հանրային արվեստ չէ, դասականը՝ էլիտար, բարձրաշխարհիկ արվեստ է։ Հասու չէ ամեն մեկին, նախապատրաստություն պետք է ունենաս դասականն ունկնդրելու համար։ Այն, ինչը գերմանացիներն անում են դպրոցներում։ Փայլուն գերմաներենով Շուբերտի «Ձմեռային ճամփորդությունը» ներկայացրինք, Երևանում 200 հոգի չգտնվեց, որին հետաքրքրեր այդ ստեղծագործությունը՝ անվճար լինելով հանդերձ։ Արտասահմանում այն լսելու համար ճամփորդում են երկրեերկիր։ Մեր երկրում դասական երաժշտությունը գնահատողների շրջանակը շատ նեղ է։ Երբ ես դպրոցական էի՝ մարդու ինտելեկտի ցուցիչը գիրք կարդալն էր, պատկերասրահ այցելելը, տանը դաշնամուր ունենալը և այլն։ Կային նաև մարդիկ, որոնք Բաքվի ռադիոն էին լսում, բայց դուռն ու պատուհանները փակում էին, որ հարևանները չլսեն, ամոթ էր։ Այդ արժանապատվությունն է պետք վերականգնել։
Ստուդիայի առաջիկա ծրագրերի մասին խոսենք։
Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» օպերան պետք է վերականգնենք, որն անցյալ տարի բեմադրեցինք Հայաստանում՝ Իտալիայի դեսպանատան հովանավորությամբ։ Դեսպանը եղել էր մեր նախորդ ներկայացումներին և առաջարկեց․ «Եթե իտալական որևէ օպերա բեմադրեք, մենք սիրով կֆինանսավորենք»։ Դա չնչին գումար էր և շատ դժվարություններ ունեցանք ներկայացումը պատրաստելու ժամանակ։ Վստահ չէինք, որ կհասցնենք, այդ պատճառով նույնիսկ չկարողացա որևէ տեղ բարձրաձայնել օպերայի մասին։ Ամերիկյան մի լավ պիես կա՝ «Վարպետության դաս», որը ցանկանում եմ ներկայացնել։ Մարիա Կալասի մասին է, նա վարպետության դասեր է տալիս և պատմում իր մասին։ Կալասի 100-ամյակին պետք է ներկայացնեինք, բայց ուշացանք։ Ես մի շատ մեծ երազանք ունեմ․ գերմանական ազգային օպերան՝ Էնգելբերտ Համփերդինքի «Հենզելն ու Գրետելը», բեմականացնել։ Այն 19-րդ դարի վերջի ստեղծագործություն է, բավականին բարդ, և գերմանական բոլոր թատրոնները ներկայացնում են։ Ուզում եմ, որ հայ երեխաներն էլ լսեն այդ երաժշտությունը։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել