
Դատախազությունը պահանջում է «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրենից բռնագանձել անշարժ գույք ու դրամական միջոցներ
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 5-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրեն Մուրադ Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին 6-րդ փողոցում գտնվող խանութը
- Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Երևանյան խճուղում գտնվող հողամասը
- Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Անդրանիկի փողոցում գտնվող վարչական շենքը
- Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Արսենյան փողոցում գտնվող բնակարանի 12,6 տոկոսը
- Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հ. Շիրազի փողոցում գտնվող անշարժ գույքի 97,5 տոկոսը
- Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մ. Մազմանյան փողոցում գտնվող բնակարանի 70 տոկոսը
- Բանկերից մեկում ներդրված 12 միլիոն դրամ ավանդի 78 տոկոսը
- 11 միլիոն 269 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ
- 34 միլիոն 527 հազար 865 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել