HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ չնշանակելու դեպքում նոր մրցույթ կհայտարարվի

Առաջիկա օրերին Կառավարությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի երեք թեկնածուներից պետք է ընտրի մեկին և պաշտոնում նշանակում կատարի, հակառակ դեպքում կհայտարարվի նոր մրցույթ։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել 2024թ․ նոյեմբերին։ Դրանից հետո նախագահի թափուր տեղի համար հայտարարվել էր մրցույթ, որի միակ թեկնածուն Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանն էր։ Սակայն, վերջինս, չհաղթահարելով բարեվարքության շեմը, չի ներկայացվել նշանակման։ Դրանից հետո հայտարարվել էր նոր մրցույթ։

Այս մրցույթին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալու  հայտ էր ներկայացրել 5 թեկնածու՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտաշես Մաիլյանը, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության նախկին ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը և փաստաբան, նախկին քննիչ ու դատախազ Կարեն Բատիկյանը։ Վերջինիս կինը՝ Լուսինե Հովհաննիսյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է։

2025թ․ մարտի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհուրդը մոտ 13 ժամ թեկնածուներին լսելուց ու հարցադրումներ կատարելուց հետո, 5 թեկնածուներից Արթուր Նահապետյանի բարեվարքությունը գնահատեցին 439 միավոր, Պետրոս Մարտիրոսյանինը՝ 393, Գևորգ Քոչարյանինը՝ 379։ Համեմատաբար քիչ միավորներ են ստացել Արտաշես Մաիլյանը՝ 266  և Կարեն Բատիկյանը՝ 90։

Բարեվարքության ամենաշատ միավորներ ստացած երեք թեկնածուների՝ Արթուր Նահապետյանի, Պետրոս Մարտիրոսյանի ու Գևորգ Քոչարյանի անուններն էլ ներկայացվել է Կառավարություն՝ նախագահի պաշտոնում նշանակելու նպատակով։ Կառավարությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ հարցը քննարկում և համապատասխան որոշում է կայացնում խորհրդի կողմից թեկնածուներին ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

Ուշագրավ է, որ մրցութային խորհրդի անդամներն իրենց հարցադրումներով կասկածի տակ էին դնում նաև Կառավարությանը ներկայացված թեկնածուների անաչառությունը։ Օրինակ՝ պարզվեց, որ թեկնածուներից Արթուր Նահապետյանը Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի մտերիմն է, իսկ կինն աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում։ Նահապետյանը ևս աշխատել է ԱԱԾ-ում՝ 2020-2023թթ․։ Վերջինս այդ կառույցում աշխատանքի է ընդունվել այն ժամանակ, երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ, ապա՝ տնօրեն։

Թեկնածուներից  Պետրոս Մարտիրոսյանի անունը կապվում է մի քրեական գործի հետ։ Մասնավորապես՝ Կարեն Կունգուրցևին 2013թ․ վերջին մեղադրանք է առաջադրվել 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանին սպանելու համար։ Սակայն, հետագայում Կունգուրցևը արդարացվել է։ Որոշ ժամանակ դատարանում մեղադրանքը պաշտպանել է Պետրոս Մարտիրոսյանը։

Մրցութային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը մրցույթի հաջորդ օրը հայտարարեց, որ  Պետրոս Մարտիրոսյանի բարեվարքության վերաբերյալ հատուկ կարծիք է ներկայացրել։ Ըստ նրա՝ Պետրոս Մարտիրոսյանի բարեվարքությունն, այնքան  բարձր չէ, որքան պետք է լինի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի բարեվարքությունը։ 

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ղեկավարում և վերահսկում է Կոմիտեի գործունեությունը և պատասխանատու է դրա բնականոն ապահովման համար։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակվում է վեց տարի ժամկետով, և նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter