HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին․ նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ հանրային քննարկման է ներկայացվել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի նախագիծը:

«Ըստ նախագծի՝ փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերում տեղակայված նախադպրոցական հաստատությունների այն մանկավարժական աշխատողներին, որոնք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կմ և ավելի հեռավորությամբ գտնվող հաստատությունում՝ նվազագույնը 0.5 հաստիքային դրույքով:

Այն հաստատությունները, որոնք մանկավարժների ուղեփոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում ունեն տրանսպորտային միջոցներ և ՀՀ պետական բյուջեից ստանում են վառելիքի և (կամ) վարորդի աշխատավարձի և (կամ) այլ տրանսպորտային ծախսերի գծով փոխհատուցում, չեն հանդիսանա տվյալ ծրագրի շահառու: Մանկավարժական աշխատողի տրանսպորտային ծախսի փոխհատուցումը հաշվարկվում է յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար՝ երկու ուղղությամբ:

Փոխհատուցման առավելագույն չափերը. 

  • միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,
  • միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,
  • միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս, քան 200 ՀՀ դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ)՝ յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար, 
  • միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ եթե տվյալ բնակավայրից տվյալ հաստատություն առավելագույնը 4 կամ դրանից պակաս թվով երթևեկողներ կան, ապա նրանց որպես փոխհատուցում հատկացվում է 1000 ՀՀ դրամ (հաշվարկված երկու ուղղությամբ)՝ յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար։ Նշված գումարը հավասար չափերով բաշխվում է երթևեկողների միջև։

Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր մանկավարժական աշխատողի համար չի կարող գերազանցել 20200 ՀՀ դրամը, իսկ երթևեկ օրերի թիվը՝ տարեկան 250-ը։

Տրանսպորտային ծախսի փոխհատուցման կարգի ընդունումը նպատակ ունի նպաստելու նախադպրոցական ուսումնական հաստատություններում մասնագիտական կադրերի բացի լրացմանը: Ներկայում նախադպրոցական ուսումնական հաստատություններում, համապատասխան որակավորմամբ մասնագետների բացակայությամբ պայմանավորված, շուրջ 450 չհամալրված հաստիքներ կան:

Շահագրգիռ կազմակերպությունները և քաղաքացիները նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները կարող են ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մինչև մարտի 26-ը ներառյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter