
ԱԳՆ-ի 14 մեքենա կտրամադրվի ՀՀ դիվանագիտական ծառայություններին
Արտգործնախարարությունը հաշվառված 15 մեքենա ունի, բայց 14-ը պատրաստվում են կրճատել՝ ՀՀ վարչապետի հանձնարությամբ։
Փոխարենը, կրճատված մեքենաներից 9-ը առաջարկում են օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին կցել։ Պատճառաբանությունն այն է, որ հին և մաշված ավտոմեքենաների թարմացման գործընթացը 2025-2026թթ. ՀՀ պետական բյուջեի միջնաժամկետ ծրագրերում էր ներառված։ Ըստ նախարարության՝ տեղափոխվելիք ավտոմեքենաները տեխնիկապես անթերի վիճակում են: Անսարքություններ և կոսմետիկ խնդիրներ առկա չեն:
Կառավարության այս տարվա փետրվարի 27-ի մեկ այլ որոշմամբ էլ Պաշտպանության նախարարության հաշվեկշռից հանվել և ՀՀ պետական պահպանության ծառայությանն էր ամրացվել «Տոյոտա Լենդ Կրաուզեր Պրադո LC150» մակնիշի երկու ավտոմեքենա: Դրանք որպես ուղեկցող սպասարկում էին ՀՀ պաշտպանության նախարարին։
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանը նշել էր, որ կացնային մոտեցում է գործադրում․ գերատեսչություններից ուզում է կցված մեքենաների ցուցակը ու գրիչով հերթով խազեր քաշում։
Մեկնաբանել