
Փոփոխությունների առաջարկ պետական գնումների ընթացակարգերում
Կառավարությունն այսօր՝ մարտի 13-ին քննարկեց գնման ընթացակարգերի վերաբերյալ որոշումներից մեկը փոխելու հարցը։ Նոր նախագծով առաջարկում են պատվիրատուին հնարավորություն տալ որակավորման չափանիշ, հետևաբար այդ պայմանով նաև պայմանագրի ավելի բարձր շեմ սահմանել։ Գործող օրենքով կիրառվում է միայն որակավորման ապահովումը: Ըստ գործադիրի՝ պայմաններ սահմանելու համար յուրաքանչյուր դեպքում պատվիրող գերատեսչությունը դիմում է ՀՀ կառավարությանը՝ թույլտվություն ստանալու համար: Այդ պատճառով երկարաձգվում է ընթացակարգերի կազմակերպումը։ Ըստ Ֆինանսների նախարարության հիմնավորման՝ այս պրոցեսը խանգարում է ծրագրերը ժամկետներում իրականացնելուն։
Ըստ առաջարկվող փոփոխության՝ երկու փուլով մրցույթի դեպքում նախաորակավորված, բայց առաջին փուլին չմասնակցած մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու երկրորդ փուլին։
Գերատեսչությունների կողմից հայտարարվում են գնման կամ դրամաշնորհային ընթացակարգեր։ Ֆինանսների նախարարությունը նշում է, որ լինում են դեպքեր, երբ մասնակիցներից պահանջվում է ներկայացնել աշխատանքային ռեսուրսների մասով որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթեր։ Մասնակիցը, իր աշխատակազմում չունենալով պահանջվող մասնագիտական կարողություններ ունեցող աշխատակիցներ, գերատեսչության հետ կնքում են միայն նախնական պայմանագրեր։
Ուստի, առաջարկվում է ստեղծել հնարավորություն, որ կազմակերպությունները համապատասխան մասնագետների հետ կնքեն ծառայությունների մատուցման նախնական պայմանագրեր։ Նախատեսվում է դա իրականացնել հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ պայմանավորված՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Այնուհետև կազմակերպությունը կմասնակցի նախատեսվող գնման կամ դրամաշնորհային ընթացակարգին։
Նախատեսվում է նաև, որ հանրային հսկողության շրջանակում գերատեսչությանը տրամադրվող դիրքորոշումն ուղարկվի նաև ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, եթե պետական գաղտնիք չի պարունակում։
Գործադիրում կարծում են, որ նոր փոփոխությունները ավելի ճկուն կդարձնեն գնման ընթացակարգերը՝ նվազեցնելով ինչպես սահմանված ժամկետներում ծրագրերի չիրականացման, այնպես էլ ծրագրերի ձախողման ռիսկերը:
Լուսանկարը՝ կառավարության արխիվից
Մեկնաբանել