
Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ԱԳՆ
«Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»,- այսօր հայտարարեց ։Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը։
«Դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ համաձայնեցված չէր պայմանագրի ընդամենը 2 կետ՝ ԵՄ դիտորդներին Հայաստան-Ադրբեջան սահմանից հանելու ու միջազգային ատյաններում դատական հայցերից հրաժարվելու մասին: Ադրբեջանը նաեւ պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը եւ լուծարել Մինսկի խումբը։ Թեեւ այս պահանջները պայմանագրի տեքստում ներառված չեն, բայց որպես նախապայման են դիտարկվում Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար:
Մեկնաբանել