HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչ դատարանում բողոքների քննության վեցամսյա ժամկետում և գրավոր ընթացակարգով իրականացումը խնդրահարույց կլինի

ՀՀ Արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft համակարգում հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլնի, առաջարկվում է, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո իրավասու լինի որոշում կայացնել բողոքը գրավոր ընթացակարգով քննել, բացառությամբ, երբ սեփականության նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ անցում կկատարի բանավոր ընթացակարգի կիրառման, կամ կբավարարի նոր ապացույցների հետազոտման միջնորդությունը։ Միաժամանակ, օրենսդրական նախաձեռնությամբ Վերաքննիչ դատարանը պարտավորվում է եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննել և որոշում կայացնել ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո վեց ամսվա ընթացքում:

Նշված օրենսդրական նախաձեռնությունը, ի թիվս այլնի, հիմնավորվում է դատաիրավական բարեփոխումներով, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմամբ, վերաքննիչ ատյանի կողմից իրականացվող վերանայման վարույթներով գործերը ողջամիտ ժամկետում քննության առնելու կառուցակարգերի պահպանմամբ՝ հղում կատարելով դատարանի մատչելիության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռների։

Ինչու՞ եզրափակիչ դատական ակտերի դեմ ներկայացվող վերաքննիչ բողոքներով չի կարելի ամբողջությամբ անցում կատարել գրավոր ընթացակարգի

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածը երաշխավորելով անձի դատական վերանայման իրավունքը պահանջում է նաև, որ այդ իրավունքը լինի արդյունավետ (Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ի թիվս այլնի, Shvydka v. Ukraine գործով 2014 թվականի հոկտեմբերի 30-ի վճիռը, գանգատ թիվ 17888/12, կետ 50)։ Արդյունավետությունն իրենից ենթադրում է, որ դատական վերանայման իրավունքը պետք է հնարավորություն ընձեռի Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների լիարժեք ապահովմամբ իրականացնել գործի քննությունը։

Այս առումով, երբ խնդրո առարկա օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է առանց որևէ լուրջ սահմանափակումների կամ ծանրակշիռ հակակշիռների նախատեսման, եզրափակիչ դատական ակտերի դեմ ներկայացվող վերաքննիչ բողոքներով ամբողջությամբ անցում կատարել գրավոր ընթացակարգի կիրառման, բացառությամբ երբ դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ անցում կկատարի բանավոր ընթացակարգի, կամ կբավարարի նոր ապացույցների հետազոտման միջնորդությունը, վտանգվում է դատական վերանայման «արդյունավետությունը»։ Վերջիվերջո, պետք է նկատի ունենալ, որ ի տարբերության վճռաբեկության, որի դեպքում ընդունելի է գրավոր ընթացակարգի ըստ էության ամբողջական կիրառումը, վերաքննութան դեպքում անձն առաջին անգամ է հնարավորություն ունենում դիմելու դատական վերանայման։ Ընդ որում, ի տարբերություն վճռաբեկության, եզրափակիչ դատական ակտի վերաքննիչ վերանայումն անձի երաշխավորված իրավունքն է։ Հետևապես, այս առնչությամբ չի կարելի վճռաբեկության նկատմամբ կիրառելի մոտեցումները մեխանիկորեն տարածել նաև վերաքննության նկատմամբ։

Օրենսդրական նախաձեռնության հիմնավորումներում հղում է կատարվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների, որոնցով որոշակի դեպքերում ընդունելի է համարվել գրավոր ընթացակարգի կիրառումը։ Սակայն, նշված դեպքերի «բացառիկությունը» հաճախ պայմանավորվում է գրավոր ընթացակարգի չարաշահման կամայական կիրառման հնարավորությունները չեզոքացնելու երաշխիքների առկայությամբ, որոնք ներկայացված օրենսդրական նախաձեռնությունում առհասարակ նախատեսված չեն։ Մինչդեռ, գործնականում դատական վերանայման իրավունքի բանավոր իրականացումը և դրա արդյունավետության ապահովումը պետք է դիտարկվի պարտադիր, երբ անձն օրինակ վիճարկում է գործով հաստատված փաստական հանգամանքները, առկա է վեճ եզրափակիչ դատական ակտով տրված իրավական գնահատականի և մի շարք այլ դեպքերում։ Այսինքն՝ կանխավարկածը պետք է լինի ոչ թե գրավոր ընթացակարգի, այլ բանավորի կիրառումը, բացառությամբ այն ոչ նշանակալի դեպքերի հստակ թվարկման, երբ բանավոր ընթացակարգի կիրառումն իրականում կարող է նպատակահարմար չլինել՝ պայմանավորված վերաքննության առարկայի սահմանափակ բնույթով։ Այդպիսիք կարող են լինել օրինակ, ի թիվս այլ դեպքերի, արագացված, համաձայնեցման կամ համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթներով կայացված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների քննությունը։

Օրենսդրական նախաձեռնության հիմնավորումներում որպես «զգալի ռեսուրսների վատնման» և գրավոր ընթացակարգով քննության ենթարկելու դեպքի ակնառու օրինակ է ներկայացվում պատժի նշանակման կամ պատժի կրման հետ կապված վերաքննիչ բողոքների քննության իրականացումը և լուծումը։ Այս առումով օրենսդրական նախաձեռնությունը հաշվի չի առնում այն առանցքային հանգամանքը, որ պատժի նշանակման կամ կրման հետ կապված հարցերի որոշումներն ունեն խիստ անհատականացված բնույթ և դատավորի կողմից առանց անձին տեսնելու, գրավոր ընթացակարգով որոշումների կայացումը պարզապես կհանգեցնի նրան, որ պատժի հարցերով դատական վերանայման բողոքների ներկայացումն օրենքի ընդունումից հետո կկրի զուտ ձևական բնույթ, կրկին կորցնելով իր արդյունավետությունը։

Վերջիվերջո, հենց նշվածով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ որպես կանոն գրավոր ընթացակարգով բողոքների քննություն իրականացնող Վճռաբեկ դատարանը գրեթե չի վերանայում կամ բացառիկ դեպքերում է միջամտում անձի պատժի նշանակման կամ պատժի կրման հետ կապված հարցերին։ Ամեն դեպքում, այս հարցի առումով ևս օրենսդրական նախաձեռնությունը չի նախատեսում որևէ սահմանափակում կամ իրավական երաշխիք, ենթադրելով, որ նույնիսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներով, այդ թվում՝ օրինակ՝ ցմահ ազատազրկում նախատեսող պատժատեսակով, առաջին անգամ դատական վերանայում իրականացնող ՀՀ վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը որպես կանոն պետք է քննության առնի գրավոր ընթացակարգով։

Մինչդեռ, թեև միջազգային փորձը ներկայացված չէ նախագծի հիմնավորումներում, սակայն մի շարք երկրներում նախատեսվում են եզրափակիչ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքներով վերաքննիչ դատարանում գրավոր ընթացակարգի կիրառման սահմանափակումներ։ Օրինակ՝ հարևան Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 7-րդ մասում նախատեսվում է, որ «Վերաքննիչ բողոքը քննող դատարանը բողոքն ընդունելի ճանաչվելուց հետո երկշաբաթյա ժամկետում կարող է առանց բանավոր քննության վերանայել ոչ ծանր հանցագործությունների, ինչպես նաև միայն պատժի մեղմացմանը վերաբերող բողոքը։ Դատարանը կարող է առանց բանավոր դատական ​​նիստի նշանակված պատիժը կրճատել ոչ ավելի, քան մեկ քառորդով»։

Գերմանիայի քրեական դատավարության օրենսգրքի 350-րդ բաժինը նույնպես նախատեսում է իրավունքի հարցերով վերաքննության դատական լսումների անցկացման կարգ։ Ուկրաինայի քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածը սահմանում է պահանջ առ այն, որ գրավոր ընթացակարգը կիրառվի այն դեպքում, երբ դատավարության բոլոր մասնակիցները կխնդրեն վերաքննիչ դատարանից գործի քննությունն իրականացնել իրենց բացակայությամբ։ Միացյալ Թագավորության քրեական դատավարության կանոնների 39-րդ բաժինը նույնպես նախատեսում է բանավոր լսումների անցկացում և նույնիսկ երաշխավորում այդ լսումներին արգելանքի տակ գտնվող անձի ներկայության ապահովումը, բացառությամբ եթե քննարկվելու է բացառապես իրավունքի հարց և անձը չի ստացել թույլտվություն ներկա գտնվելու դրանց անցկացմանը։

Ամփոփելով վերոնշյալը, պետք է փաստել, որ թեև գրավոր ընթացակարգով վերաքննության իրականացումը կարող է որոշակի դեպքերում ընդունելի լինել, սակայն այդ դեպքերը պետք է հստակ կանոնակարգվեն օրենսդրորեն՝ համակցվելով այնպիսի իրավական երաշխիքների հետ, որոնք կկանխեն անձի՝ արդյունավետ դատական վերանայման իրավունքի բուն էության խաթարումը, վերաքննությունը չդարձնելով զուտ ձևական սպառման ենթակա միջոց։

Ինչու՞ չի կարելի առաջարկվող ձևաչափով սահմանել եզրափակիչ դատական ակտերի դեմ ներկայացվող վերաքննիչ բողոքների քննության առավելագույն ժամկետ

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջին անգամ փորձ է արվել սահմանելու եզրափակիչ դատական ակտերի դեմ ներկայացվող վերաքննիչ բողոքների քննության առավելագույն՝ վեց ամսյա ժամկետ։ Ողջամիտ ժամկետների պահպանման առումով  առաջին հայացքից դրական թվացող այս օրենսդրական գաղափարն ունի ինստիտուցիոնալ խնդիր, ինչը կներկայացվի ստորև՝ օրինակի տեսքով։

Պատկերացնենք ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվող երկու անձի վերաբերյալ քրեական գործի քննությունն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տևում է երեք տարի։ Նշված դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ պաշտպանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները, համաձայն ներկայացված օրենսդրական նախաձեռնության, քննվում են վեց ամսյա ժամկետում և մերժվում։ Այնուհետև, ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտի դեմ պաշտպանների կողմից բերված վճռաբեկ բողոքները վարույթ են ընդունվում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից և մոտ երեք տարի անց որոշվում է, որ կայացված դատական ակտը պետք է բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտին կամ նույնիսկ գործն ուղարկել նույն դատարան նոր քննության, ինչի պարագույն կրկին գործի քննությունը ողջամտորեն մի քանի տարով կերկարաձգվի։

Այսինքն՝ ստացվում է մի վիճակ, որ ողջամիտ ժամկետների պահպանման նպատակի ներքո նշված օրենսդրական նախաձեռնության ընդունումը վարույթի ընդհանուր տևողությամբ հաշվարկվող ողջամիտ ժամկետների պահպանման (տե'ս ողջամիտ ժամկետների հաշվարկման վերաբերյալ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0016/01/14 որոշումը) առումով որևէ բան չի փոխելու։ Ավելին, այն կարող է առաջացնել այնպիսի անտրաբանական վիճակ, երբ վերաքննիչ դատարանում գործի քննությունը տևի ավելի կարճ, քանի վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքի քննությունը՝ օրենսդրական համակարգային առավելագույն ժամկետների բացակայության պատճառով։

Այսինքն՝ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է տեղային լուծում, երբ առանց որևէ պատճառաբանության եռաստիճան դատական համակարգի ատյաններից գործի քննության առավելագույն ժամկետ է սահմանվում բացառապես միջին ատյանի համար։ Այնինչ, դատական վերանայման վերընթաց կառուցակարգի պայմաններում, չի կարող լինել այնպես, որ օրենսդրական մակարդակով գործի քննության առավելագույն ժամկետը սահմանափակվի վերաքննիչ դատարանի մակարդակով, իսկ առաջին ատյանի դատարանում և վճռաբեկ դատարանում այն մնա առանց սահմանափակման։

Ներկայացված վերլուծության հիման վրա պետք է փաստել, որ հրապարակված օրենսդրական նախաձեռնությունն առաջարկում է այնպիսի լուծումներ, որոնք, առանց համակարգային մոտեցումների և իրավական երաշխիքների նախատեսման, առաջ են բերելու ինստիտուցիոնալ անորոշություններ ու ամենակարևորը՝ չեն ապահովելու օրենսդրական նախաձեռնությամբ ակնկալվող արդյունքը՝ հակակշիռների և երաշխիքների բացակայության պատճառով։

Ի.գ.թ., փաստաբան Առնոլդ Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter