HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականն սկսում է նախապատրաստվել Վրաստանի հետ խաղերին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսում է նախապատրաստությունը Վրաստանի հետ գալիք խաղերին ընդառաջ:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության փլեյ-օֆ փուլում թիմերը վիճարկելու են B լիգայի ուղեգիրը: Երկու խաղերի արդյունքներով հաղթողը 2026-2027 թթ. խաղարկությունում հանդես կգա Ազգերի լիգայի B լիգայում, իսկ պարտվողը՝ C լիգայում: Նկատենք, որ խմբային փուլում մեր թիմը C լիգայի իր խմբում զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ Վրաստանը՝ B իգայի իր խմբում 3-րդ տեղը, ինչը նրանց անցումային խաղեր անցկացնելու հնարավորություն է տվել: 

ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:

Հավաքին արդեն միացել են հետեւյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարեւիչ - «Նոա»
Հենրի Ավագյան - «Արարատ-Արմենիա»
Վարազդատ Հարոյան - «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Արտակ Դաշյան - «Նոա»
Սոլոմոն Ուդո - «Փյունիկ»
Նիկոլաս Կալուկյան - «Ուրարտու»
Պետիկ Մանուկյան - ԲԿՄԱ
Արայիկ Էլոյան - ԲԿՄԱ
Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)

Այսօր ավելի ուշ հավաքականին կմիանան Արսեն Բեգլարյանը, Նաիր Թիկնիզյանը, Էդգար Սեւիկյանը եւ Արթուր Սերոբյանը: Վաղը՝ մարտի 17-ին, հավաքականի ճամբար կժամանեն Տիգրան Բարսեղյանը, Ուգոչուկվու Իվուն, Հրանտ-Լեոն Ռանոսը, Նարեկ Գրիգորյանը եւ Ստյոպա Մկրտչյանը: Գեորգի Հարությունյանը եւ Վահան Բիչախչյանը թիմին կմիանան մարտի 18-ին: 

ՀՖՖ-ն ամսի 13-ին հայտարարել է, որ Վրաստանի հետ հանդիպումները վնասվածքի պատճառով բաց կթողնեն Էդուարդ Սպերցյանը, Անդրե Չալըշըրը, Հովհաննես Հարությունյանը, Նորբերտո Բալեկյանը: Ընտանեկան պատճառներով հավաքականին չի միանա Լուկաս Սելարայանը: Սարգիս Ադամյանն էլ հայտնել է, որ այլեւս չի ցանկանում խաղալ հավաքականում: Գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը հայտարարել է, որ Խորեն Բայրամյանը լինելու է մարզչական շտաբի դիտակետում, ու ինքը չի բացառում, որ նա դեռ նորից կհրավիրվի, բայց այս անգամ հրավեր չի ստացել: 

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան հանդիպումը կմեկնարկի մարտի 20-ին՝ ժամը 21:00-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իսկ մարտի 23-ին՝ 18:00-ին, Թբիլիսիի Բորիս Պայճաձեի անվան «Դինամո Արենայում» կսկսվի Վրաստան-Հայաստան մրցավեճը:

Ազգային հավաքականների մակարդակով Վրաստանին նախկինում հանդիպել ենք 7 անգամ՝ 5 ընկերական եւ 2 պաշտոնական մրցավեճերում: Առաջին խաղը, որն ընկերական էր, կայացել է 1997-ի մարտի 30-ին Թբիլիսիում ու ավարտվել դաշտի տերերի հաղթանակով՝ 7-0: Սա մեր ընտրանու պատմության ամենախոշոր պարտություններից մեկն է: 2000 թ. փետրվարի 6-ին՝ Կիպրոսի մրցաշարի շրջանակներում, Լիմասոլում Վրաստանը մերոնց հաղթեց 2-1 հաշվով: Մեր թիմից միակ գոլը խփեց Վարդան Խաչատրյանը: Նույն տարվա ապրիլի 26-ին Երեւանում եւս մեկ ընկերական խաղ տեղի ունեցավ, որն ավարտվեց 0-0: 2004-ի փետրվարի 21-ին թիմերը կրկին հանդիպեցին Կիպրոսի մրցաշարում, այս անգամ՝ Նիկոսիայում: Հայաստանը հաղթեց 2-0 հաշվով: Գոլերը խփեցին Արման եւ Արտավազդ Քարամյանները: 2011-ի փետրվարի 9-ին կիպրական Լիմասոլում կայացած ընկերական խաղում Վրաստանը հաղթեց 2-1 հաշվով: Մերոնցից միակ գոլը 11-մ հարվածով խփեց Էդգար Մանուչարյանը: Վերջին երկու հանդիպումները եղել են պաշտոնական: Ազգերի լիգայի 2020-2021 թթ. խաղարկության ժամանակ, որը մեր թիմի համար հաջող էր, 2020 թ. հոկտեմբերի 11-ին առաջին խաղը կայացավ լեհական Տիխի քաղաքում (44-օրյա պատերազմի օրերին, անվտանգային նկատառումներից ելնելով, Հայաստանի ընտրանու տնային հանդիպումներն արտերկրում էին անցկացվում): Գրանցվեց 2-2: Մերոնցից աչքի ընկան Խորեն Բայրամյանն ու Հենրիխ Մխիթարյանը (11-մ): Պատասխան խաղը կայացավ Թբիլիսիում նույն տարվա նոյեմբերի 15-ին: Գեւորգ Ղազարյանի ու Սարգիս Ադամյանի գոլերի շնորհիվ Հայաստանը հաղթեց 2-1 հաշվով: 

Այսպիսով՝ հայ-վրացական ֆուտբոլային առճակատումը ազգային հավաքականների մակարդակով ունի հետեւյալ վիճակագրությունը: Կայացել է 7 խաղ, Հայաստանը հաղթել է 2 անգամ, 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 3 անգամ էլ հաղթել են վրացիները: Մերոնք այս հանդիպումներում խփել են 8 գոլ, բաց թողել 14-ը: 

Ներկա պահին մեր թիմը ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում 100-րդն է, իսկ Վրաստանը՝ 68-րդը:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter