
Քարկոփ. ջրհեղեղից գրեթե մեկ տարի անց
Լոռու մարզի Քարկոփ գյուղը 2024 թ. մայիսյան ջրհեղեղից առավել տուժած բնակավայրերից է, քանի որ գտնվում է Դեբեդ գետի ափին։ Հեղեղումների հետևանքով փլուզվել էին գյուղի ճանապարհները, այդ թվում՝ Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ 300 բնակիչ ունեցող գյուղը բախվեց լուրջ խնդիրների։
Հիմա Քարկոփում շինարարական ակտիվ աշխատանքներ են։ Գյուղը վերականգնվում է մեծ ավերածությունից։
«Դեբեդի վարարումից հետո գյուղի տներում խոնավության հոտ էր տարածվել, պատերի պաստառները պոկվում էին, իսկ տան ներսում շինարարական աաշխատանքներ իրականացնելն անհնար էր դարձել»,- պատմում է Քարկոփի բնակիչ Ալվարդ Բեջանյանը։
«Մենք տեսանք, թե ինչ քանակությամբ աղբ էր բերել գետը, ինչը ցույց է տալիս, որ մարդկային գործոնն էլ է դեր խաղացել։ Եթե գետի հունը նեղացած չլիներ, հնարավոր է՝ այդքան վնաս չկրեինք»,- ասում է Քարկոփի 86-ամյա բնակիչ Անիչկա Անանյանը։
Քարկոփի վարչական ղեկավար Հերմինե Պետրոսյանի խոսքով՝ 2024 թ.-ին Քարկոփում նախատեսված էր մեկ սուբվենցիոն ծրագիր՝ բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգում՝ 2 շքամուտքերով, բայց աղետից հետո առաջնահերթությունը փոխվեց՝ վերանորոգվեց դպրոցը, քանի որ ամբողջությամբ վնասվել էր, և երեխաները չէին կարողանում հաճախել։ Դպրոցն արդեն գազիֆիկացվել է, տեղադրվել է ջեռուցման համակարգ, նոր կոյուղագիծ է կառուցվել։
«Տարերային աղետից հետո շուրջ մեկ ամիս գյուղում տիրում էր անորոշություն։ Այն աշխատանքները, որոնք տարիների ընթացքում պետք է կատարվեին, արդեն այս մեկ տարվա ընթացքում մեկը մյուսի հետևից կատարվում են։ Մեզ հոգեբանորեն աջակցեց այն հանգամանքը, որ պետությունը միանգամից մեր կողքին կանգնեց։ Ոչ միայն պետությունը, այլ նաև բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ԱԻՆ-ը արագ արձագանքեցին։ 17-18 տարեկան դեռահասները Ալավերդիում բաշխում էին սնունդը, որպեսզի այն հասներ մեզ»,- նշում է Հերմինե Պետրոսյանը։
Ալվարդ Բեջանյանը 40 հատ վարդի տնկի ուներ, ասում է՝ Դեբեդը ամբողջը քշել, տարել էր։
«Սրտիս չէր նստել, մինչև սպասեի՝ նորը տնկեի, աճեին, ուշ կլիներ։ Երբ գնացինք խանութ-սրահ՝ տան վերանորոգման պարագաներ գնելու, տեսա վարդերով ծաղկավոր պաստառը, միանգամից սիրահարվեցի ու որոշեցի, որ պետք է գնեմ, հիանամ, մինչև հեսա գարնանը իմ այգին նորից կծաղկեցնեմ։ Հա՛մ տանը վարդեր կլինեն, հա՛մ դրսում»,- ասում է նա։
Քարկոփի կամուրջը, որը տրանսպորտային միջոցների համար կենսական նշանակություն ունի, վերակառուցվել է 2025 թվականի փետրվարին՝ Հունաստանի կառավարության աջակցությամբ։ Այն ժամանակավոր է, քանի որ հիմնական կամուրջը, ըստ վարչական ղեկավարի, բետոնից է լինելու։
«Մարդիկ շատ հուսահատված էին։ Երեկ փողոցում քայլում էինք, ասում էինք՝ հիշո՞ւմ եք աղետի ժամանակ, երբ ոչ մեկի դեմքին ժպիտ չկար, քանի որ մարդկանց տները ավերված էին։ Իհարկե, մարդիկ տեղ չունեին ապրելու, բայց հիմա ասում ենք՝ բոլորը ժպտում են արդեն։ Պետությունն օգնեց, բնակարանները վերանորոգվեցին, և գյուղում մեծածավալ աշխատանքներ են կատարվում։ Երևի այլ մեծ շարժառիթ չէր կարող լինել, որ մարդիկ այսպես համախմբվեին, միահամուռ ուժերով նման զարկ տային շինարարության ու վերանորոգման գործերին»,- ասում է գյուղի վարչական ղեկավար Հերմինե Պետրոսյանը։
Ըստ վարչական ղեկավարի՝ վնասվել էին գյուղի գրեթե բոլոր ենթակառուցվածքները` դպրոցը, մանկապարտեզը, գյուղապետարանը, բնակելի շենքերի առաջին և երկրորդ հարկերը, բնակիչների անասնագոմերը՝ կենդանիներով հանդերձ, գետի կողքի այգին ամբողջությամբ ամայացել էր։
Կառավարությունը փոխհատուցել է վնասված բնակելի տան և գույքի, այգիների, կենդանիների համար։
Յուրաքանչյուր քառակուսի մետրի վերանորոգման համար (բայց 80 քառակուսի մետրից ոչ ավելի) հատուցվում է 60 000 ՀՀ դրամ։ Ըստ բնակիչների և վարչական ղեկավարի՝ փոխհատուցումները կատարվել են և դեռ շարունակվում են։
«Էս ինչ տենում եք, բոլորը օգնությունների, պետական աջակցության շնորհքն ա, բացի հեռուստացույցից, էդ ես ու ամուսինս մեր ամուսնության տարեդարձին մեզ նվեր ենք արել։ Ջուրը մտել էր, ինչ կար, չկար շենքերում, քշել-տարել էր՝ նկարներ, գրքեր եւ այլն։ Երկրորդ հարկին էլ էր վնաս տվել։ Ամենամեծ հաջողությունն այն է, որ մենք ոչ մի մարդկային կորուստ չենք ունեցել գյուղում, իսկ մնացածը կաշխատենք կստեղծենք, ժամանակավոր է»,- ասում է քարկոփցի Ալվարդ Բեժանյանը։
Վարչական ղեկավար Հերմինե Պետրոսյանը հավաստիացնում է, որ հեղեղումների կանխարգելման և վտանգների նվազեցման նպատակով գյուղում իրականացվում են աշխատանքներ՝ ուղղված ջրի հոսքի վերահսկմանը և ենթակառուցվածքների ամրապնդմանը, կատարվում են գետի հունի մաքրման աշխատանքներ՝ հեռացվում են աղբն ու կուտակված քարերը, որոնք նախկինում խոչընդոտել են ջրի բնական հոսքը։ Միևնույն ժամանակ, հին և մաշված կոյուղագծերը փոխարինվում են նորերով։
Սյուզի Խաչատրյան, Անահիտ Դիվանյան
Վ. Բրյուսովի անվ. պետհամալսարանի
Հանրային հաղորդակցության եւ սերվիսի ֆակուլտետի
Լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանող
Մեկնաբանել