HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուսաբանական այգում հատվել է 30 կաղնի. հիմնավորող փաստաթուղթ առայժմ չկա

Երևանի բուսաբանական այգում 30 հատ կաղնի է հատվել, որոնց հատումը հիմնավորող ակտ կամ այլ փաստաթուղթ առայժմ չկա: 

Այսօր առավոտյան Բուսաբանական այգու մասնագիտական խորհուրդը տեղում՝ դենդրոհավաքածուների հողամասում, կաղնու ծառուղու դիտարկում և ուսումնասիրություն  է իրականացրել և արձանագրել, որ ծառուղու երկարությամբ առկա է 30 կաղնու կոճղ` 30-54 սմ տրամաչափով: Կոճղերի մեկ տասնյակից ավելին մի քանի տարվա հատման վաղեմություն ունեն, իսկ մոտ 20 հատը հատվել են վերջին երկու տարվա` 2023-24թթ.-ի ընթացքում: 

Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց այգու տնօրեն Ժաննա Հովակիմյանը: 

Հիշեցնենք` ֆեյսբուքյան օգտատեր Էդուարդ Հայրումյանը շաբաթ օրը հրապարակեց այգու այդ հատվածի` Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների հատման կետին մոտ կտրված ծառերի լուսանկարները:

Կիրակի Բուսաբանական այգու տնօրեն Ժաննա Հովակիմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը երկու ամիս է նշանակվել, դեռ գույքագրումը չի ավարտվել, երկուշաբթի առավոտյան ժողով է հրավիրել` պարզելու կաղնիների հատման օրինականությունը: 

Հիշեցնենք, որ Բուսաբանական այգին ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի կազմում ընդգրկված գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն է։

Այգու տնօրեն Արսեն Գասպարյանը հունիսից ազատվել էր աշխատանքից, նրան ժամանակավոր փոխարինել է Աննա Ղուկասյանը: Ժաննա Հովակիմյանը նշանակվել է այս տարվա հունվարին:

Այսօր առավոտյան Ժաննա Հովակիմյանը հրաման է արձակել և ստեղծել համապատասխան հանձնաժողով, որն էլ արձանագրել է հատված ծառերը: Սակայն, հատված կաղնիների կենսունակության որոշումը պահանջում է համալիր դենդրոչափական ուսումնասիրություն: Թե ավելի կոնկրետ երբ են հատվել, արդյոք կենսունակ են եղել ծառերը, թե ոչ, ցույց կտան նեղ մասնագիտական և լաբորատոր ուսումնասիրության արդյունքները: 

Այսօրվա կազմած ակտին պետք է հաջորդի նաև ծառայողական փորձաքննությունը: 

Մեր հարցին՝ արդյոք հատված կաղնիների վերաբերյալ որևէ փաստաթուղթ ներկայացվել է իրեն, այգու տնօրենն ասաց, որ այս պահին ներկայացվել է մեկ ակտ, որի մեջ նշված է երկու կանադական բարդու, 5 վիրգինյան գիհու, 2 ամառային կաղնու և 2 կովկասյաn սոճու մասին, որոնք արմատային փտախտով և չորացած վիճակով են եղել: Այլ հատումների մասին դեռևս որևէ փաստաթուղթ իր ձեռքի տակ չկա: 

Ժաննա Հովակիմյանից հետաքրքրվեցինք, թե ինչ բացատրություններ է տվել այգու գծով փոխտնօրեն Նորիկ Շատվորյանը: Այգու գծով փոխտնօրենն ասել է, որ դրանք բոլորը չորացած են եղել, և քանի որ ինքն է այդ մասով այգու պատասխանատուն, ինքն էլ որոշում է կայացրել հատել դրանք: 

«Քանի որ հանձնում-ընդունումը դեռ չի կատարվել, այլ ինֆորմացիայի չեմ տիրապետում: Պետք է ձյունը մաքրվեր, որ մեր գույքագրումն անցներ կենդանի հավաքածուին՝ ծառուղիների հատվածը, բայց շաբաթն ուրբաթից առաջ ընկավ»,- ասաց տնօրենը:

Մինչ մասնագիտական հանձնաժողովը վերջնական եզրակացություն չտա, Բուսաբանական այգին չի դիմի իրավապահ մարմիններին, սակայն Ժաննա Հովակիմյանը տեղեկացրեց, որ Ավանի ոստիկանապետի տեղակալն ու օպերլիազորն այսօր իրենց մոտ արդեն եղել են և հետաքրքրվել հատված կաղնիներով: 

Արդյոք հատված կաղնիները այգու պահեստում են, թե ոչ, Ժաննա Հովակիմյանն ասաց, որ տեղյակ չէ, քանի որ պահեստային հատվածին ևս դեռ չեն անդրադարձել: 

Հիշեցնենք` դեռևս 2021թ. Կարեն Վարդանյանը 105 մլն դրամ էր նվիրաբերել Բուսաբանական այգուն, որով անցկացվել էր 5 կմ երկարությամբ ոռոգման ցանց, տեղադրվել էր պոմպակայան, խորքային հոր, 60 տոննա տարողությամբ բաք, 180 փական, կառուցվել էր ջրի ֆիլտրման ավազան։ Թե ինչու են այս պարագայում չորացել այգու կաղնիները, ըստ ամենայնի, պարզ կդառնա նաև հանձնաժողովի ուսումնասիրությունների ավարտին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter