HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ւմ գովազդներն ենք դիտում և ինչի՞ մասին գրում

Արցախում Նորայր Զաքարյանն ու վերջինիս երկու անչափահաս զավակները լուրջ առողջական խնդիրներ ունեն, որը շտապ բժշկական միջամտություն է պահանջում: Ռուս լրագրող եւ բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովը դրա մասին մի հոդված է գրում եւ հայտնում իր տագնապը: Հայկական ԶԼՄ-ները սակայն, ինչ-ինչ՝ մեզ անհայտ,  պատճառներից ելնելով, նյութը չեն տպագրում ու դրան հակառակ՝ բավականին ընդարձակ տեղ նույն օրերին Անժելա Սարգսյանի վերջին պոռնոնկարների քննարկումներին են տրամադրում:

Հասկանալի է, որ  դիմացինի, դրացու, բարեկամի, ազգական-համահայրենակիցների հանդեպ գնալով ավելի անհաղորդ ենք դառնում, բայց... Մինչ ա՞յս աստիճան: Այնքան էլ հեշտ չի հասկացվում դրսից, թե մարդիկ մեր Հայրենիքում ինչպե՞ս են հաջողում իրենց առօրյա ծախսերը հոգալ եւ բայց հայաստանյան մամուլում այս կապակցությամբ շատ քիչ արձագանքների կհանդիպենք՝ ամբողջ էջերն ու հղումները սիրով շոու-բիզնեսի եղած-չեղած «աստղերին» են նվիրում, որոնք... արժե՞ն արդյոք այդ ուշադրությանը:

Անհանգստություն է առաջացնում Սիրիայում մեր հայրենակիցների վիճակը, իսկ իրերի իսկական դրության շուրջ որեւէ լուրջ վերլուծական այդպես էլ չհայտնվեց ու չհրապարակվեց:

Քաղաքացիներին եւ ընթերցասեր հասարակությանը առավել «հետաքրքիր» նյութեր են հրամցվում. թե Վարդան Ղուկասյանն, օրինակ, իրեն քննադատող հակառակորդներին ստույգ ի՞նչ պատասխանեց:

Վահե Ավետյանի քառասունքի առթիվ կայանալիք մոմովառության վերջին պատրաստություններն են տեղի ունենում եւ ասես ի հեճուկս դրա, Եվրոպայում հեռարձակվող «Արմենիա» ալիքը որոշակի հաճախականությամբ «Հարսնաքարի» գովազդն է արձակում ու նույն վայրկյանին էլ ալիքը փոխելու ցանկություն է առաջացնում:

Թեեւ, մյուս կողմից... Լավ էլ անում են, երբ տեղ են տալիս այս գովազդին. այն միանգամից Վահեի անունն է հիշեցնում ամենքիս եւ հակված եմ մտածելու, որ գովազդն ինքը անգնահատելի ծառայություն է մատուցում, որպեսզի չմոռանանք երբեք բոլորիս հոգիներն ցնցած եւ ընդհամենը մի քանի շաբաթների վաղեմություն ունեցող այս ողբերգությունը:

Անդադար եթեր գնացող այդ տեսագրությունը ինձ անձնապես միշտ նույն միտքն է հուշում. թե որտեղ չէի կամենա ես գնալ երբեք՝ մի վայր, ուր հեշտ է ծեծի ենթարկել եւ որտեղ  հաճախորդը  կարող է հանկարծ  այլեւայլ տհաճ ու անախորժ անակնկալների հանդիպել:

Անթիվ-անհամար ուրիշ օրինակ-հանգամնքներ էլ կան, որոնք ծանրացել են պարզապես հանրության վրա եւ վերջինս ինքն էլ չգիտի արդեն` գոյություն ունի՞ որպես այդպիսին, թե՞ ինչ-որ մի հավելվածք է հանդիսանում (ու եթե իրոք այդպես է, ապա ստույգապես ո՞ւմ հավելվածքն է):

Լրագրողների պակասն այսօրվա Հայաստանում կարծես թե չի զգացվում: Պահանջը կա սակայն, որ մամուլն առհասարակ հասարակության համար սկսի մատուցել իր ծառայությունը: Հավատանք, որ անժխտելի այս պահանջը կընկալվի երբեւէ մեր ԶԼՄ-ների կողմից:

Արթուր Ղուկասյան, Իսպանիայի լրագրողների միությունների ֆեդերացիայի անդամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter