HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշի Առաքելոց վանքն ընդգրկվել է Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների ցանկում

Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը այսօր հրապարակել են 2025 թ. Եվրոպայի 7 ամենից վտանգված հուշարձանների ու ժառանգության վայրեր ցանկը։ 2013-ից՝ մեկնարկից ի վեր «7 ամենավտանգված» ծրագիրը գործում է որպես քաղաքացիական հասարակության առանցքային նախաձեռնություն, որի նպատակը Եվրոպայի վտանգված ժառանգության պաշտպանությունն է, փորձագիտական գիտելիքի մեկտեղումն ու առաջմղումը, անցանկալի զարգացումների կանխումը, պետական և մասնավոր աջակցության ապահովումը՝ ներառյալ ֆինանսական աջակցությունը։

Ցանկում ընդգրկված վայրերից յուրաքանչյուրն արժանանում է «ԵՆԲ ժառանգության դրամաշնորհի»՝ 10,000 եվրոյի չափով, որն ուղղվելու է համաձայնեցված այնպիսի գործողությունների, որոնք կարող են նպաստել վտանգված այս վայրերի պահպանությանը։

2025-ի Եվրոպայի ամենից վտանգված 7 ժառանգության վայրեր են ճանաչվել.

Ժառանգության վայրերը հայտարարվեցին առցանց միջոցառման ժամանակ, որը վարում էին «Եվրոպա Նոստրայի» փոխնախագահ Գի Կլաուսը և ԵՆԲ ինստիտուտի ղեկավար ու տնօրեն Շիվա Դուստդարը՝ մասնակցությամբ ԵՄ սերունդների համերաշխության, երիտասարդության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնակատար Գլեն Միկալեֆի: Առցանց միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին նաև ընտրված վայրերի առաջադրողները, ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից և նրա սահմաններից անդին: 

Այս տարվա ցանկում մշակութային և բնական ժառանգության երեք վայրեր են՝ Նիբորգ ու Մոնեմվասիայի ամրոցները, ինչպես և Լոնդոնի Վիկտորյա Թաուերի այգիները, որոնք վտանգված են ինվազիվ շինարարության ու կառուցապատման անընդունելի նախագծերի պատճառով։ Մոդեռնիստական ևս երկու կառույց՝ Գլխավոր շտաբի համալիրը Բելգրադում և Վալհալլա լողասրահը Գյոթեբորգում ոչնչացման անմիջական վտանգի տակ են։ Կրոնական ժառանգության երկու վայր՝ Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին և Օռլայի Մեծ սինագոգը վտանգված են համապատասխանաբար լքված լինելու կամ ֆինանսավորման բացակայության պատճառով: 

Ընտրությունը կատարվել է ելնելով 7 վայրերից յուրաքանչյուրի՝ ժառանգության առումով նշանակալի լինելու ու մշակութային արժեք ներկայացնելու հանգամանքից, նաև իրական այն վտանգից, որին այն առերեսվում է այսօր։ Հաշվի է առնվել տեղական համայնքների ներգրավվածության ու այս վայրերը պահպանելու ուղղությամբ պետական և մասնավոր շահառուների հանձնառության աստիճանը: Ոչ պակաս կարևոր է եղել տեղում սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը խթանելու ժառանգության այս վայրերի ներուժը: 

«Եվրոպա Նոստրայի» խորհուրդը հաղթող 7 մասնակիցներին առանձնացրել է 14 հուշարձանների և ժառանգության վայրերի ցանկից, որը հաստատվել էր «7 ամենավտանգված» ծրագրի Խորհրդատվական խմբի կողմից: 2025 թ. «7 ամենավտանգված» ծրագրում ժառանգության վայրերի առաջադրումները կատարել կամ հաստատել են «Եվրոպա Նոստրայի» և Եվրոպական ժառանգության դաշինքի անդամները

«Եվրոպա Նոստրան» և ԵՆԲ ինստիտուտը ներկայացնող փորձագիտական թիմերը՝ 7 ընտրված վայրերն առաջադրած կազմակերպությունների, անհատների ու այլ գործընկերների հետ միասին այժմ լրացուցիչ տեղեկություններ են հավաքելու ու հանդիպելու շահագրգիռ կողմերի հետ։ Նրանք գնահատելու են ժառանգության վայրերը և պատրաստելու են տեխնիկական զեկույց, որը հստակ քայլերի առաջարկներ կպարունակի։

Առաքելոց վանական համալիր և բնակատեղի, Հայաստան

 

Թաքնված Հայաստանի հյուսիսում՝ Տավուշի գողտրիկ անտառներում, Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին միջնադարի կրոնական ու աշխարհիկ ժառանգության յուրօրինակ գոհարներ են։ Աճարկուտ գյուղից երկու կիլոմետր դեպի արևմուտք, Կիրանց գետի երկայնքով ձգվող այս հուշարձան խումբը 13-րդ դարի մշակութային և տնտեսական կյանքի շքեղ մի գանձարան է։ Մեկուսի դիրքն ու հայ-ադրբեջանական սահմանակցությունը ևս մեկ փաստարկ է համալիրի պատմական, նաև աշխարհաքաղաքական կարևորության օգտին։

Բոլորված տպավորիչ պարսպով ու աշտարակներով՝ համալիրի զարդը գլխավոր եկեղեցին է, ճարտարապետական նուրբ լուծումներով գմբեթավոր դահլիճ ու կից գավիթ՝ հայկական ավանդական «հազարաշեն» տանիքով ու Սուրբ Սարգսի որմնանկարով՝ եզակի իր տեսակի մեջ ու հավատարիմ հայ առաքելական ավանդույթներին։ Բնակավայրում նշմարելի են ոչ միայն եկեղեցիների հետքեր. Հայկական մետաքսի ճանապարհի վրա առևտրային երբեմնի աշխույժ այս կենտրոնի խոսուն վկաներ են քարավանատունը, ձիթհանքն ու Սրանոց կամուրջը:

Որպես վանական կալվածք ազատված լինելով հարկերից՝ կրոնականի ու աշխարհիկի համակեցության այս օրինակը բարեկեցություն, ինչպես և հայ-վրացական մշակութային փոխազդեցության ուշագրավ մի ժառանգություն է կերտել Զաքարյանների և մոնղոլական տիրապետության տարիներին։ Չնայած պատմական իր նշանակությանը, բնակատեղին լքված է 17-րդ դարից. այն նաև պատշաճ ուսումնասիրված չէ։

Առաքելոցն այսօր առերեսվում է ամենուր սպրդող բուսականության, քայքայվող հիմնապատերի, փոփոխվող կլիմայի, առատ տեղումների ու սելավների վտանգներին. սեյսմիկ ակտիվ գոտում գտնվելու հանգամանքն ու երկրաշարժերից վնասված շինությունները հավելյալ մարտահրավերներ են հուշարձանախմբի համար։ Մարդկային գործոնը ևս տեսանելի է՝ գրաֆիտի, հանգստի երկու ընդարձակ գոտի, չպահպանվող տարածք։ Ավելին, չղջիկների գաղութը համալիրի տարածքում մշակութային ժառանգության ու վայրի բնության պահպանության միջև հավասարակշռված ընտրություն է ենթադրում։

Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում առաջադրել է Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտը: Առաջադրմանը աջակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Աճարկուտի համայնքապետարանը, «Կապույտ վահան Հայաստանը» և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Տեղանքի պահպանության, հետազոտության ու կայուն զարգացման ուղղությամբ խորհրդատվական աջակցություն է ցուցաբերելու Կրեմսի շարունակական կրթության համալսարանը (Ավստրիա)։

Ծրագիրը ենթադրում է Առաքելոց վանական համալիրի ու բնակատեղիի ամբողջական հետազոտություն, տարածքի բարեկարգում ու պահպանություն, ինչպես նաև կայուն էկոտուրիզմի զարգացում, մասնակցությամբ տեղական շահառուների՝ ներառյալ ակադեմիական հաստատությունների ու հասարակական կազմակերպությունների։ Ծրագրի մաս կազմող կրթական նախաձեռնությունները և զբոսաշրջային արահետների բարեկարգումը նպատակ ունեն շաղկապել տեղի բնակչությունն ու միջնադարյան այս գանձերը՝ հպարտության ու գնահատանքի զգացում ձևավորելով տարածաշրջանի մշակութային ինքնության նկատմամբ։

«Յոթ ամենավտանգված» ծրագրի միջազգային Խորհրդակցական խումբը նշում է. «Առաքելոցը միջնադարյան նշանակալի մի հուշարձանախումբ է, որում արտացոլված է դարաշրջանի մշակութային երկակիությունն ու խաղաղ գոյակցությունը: Այդուհանդերձ, անկայունությունը համալիրի շուրջ, պայմանավորված աշխարհաքաղաքական լարվածությամբ և բնապահպանական խնդիրներով, անհապաղ միջամտություն է պահանջում։ Առաքելոց վանական համալիրի ու բնակավայրի վերականգնումն ու հանրահռչակումը կարող է հաշտեցման, տարածաշրջանային կայունության և կայուն զարգացման խթան լինել՝ ժառանգությունը խաղաղության և առաջընթացի ռեսուրսի վերածելու ուղի նախանշելով»։

Ստորև ներկայացնում ենք Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտի խոսքը այսօրվա առցանց միջոցառման ժամանակ։ 

«Առաքելոց՝ 13-րդ դարի բնակավայր, որը գտնվում է Հյուսիսային Հայաստանի խիտ անտառներում, ունի ամրացված վանք և այլ կրոնական ու աշխարհիկ հուշարձաններ։ Տեղակայված լինելով Հարավային Կովկասի հյուսիսային Մետաքսի ճանապարհի երկայնքով՝ Եվրոպայի և Ասիայի պատմական հանգույցում, տեղանքը գտնվում է նաև ակտիվ սեյսմիկ խզվածքի և ադրբեջանա-հայկական զգայուն սահմանային գոտում: Այս վայրի մշակութային հուշարձանների պահպանությունը պահանջում է զգույշ մոտեցում՝ հավասարակշռելով ժառանգության պահպանումը շրջակա բնական միջավայրի զգայունության հետ:

Ծրագիրը նախատեսում է Առաքելոց վանական համալիրի և բնակավայրի ամբողջական հետազոտություն, մաքրում և պահպանում, ինչպես նաև ժառանգության երթուղու ստեղծում: Սա ներառում է խաղաղության խթանմանը, տեղական կարողությունների հզորացմանը, կրթության բարելավմանն ու կայուն էկոտուրիզմի խթանմանն ուղղված ջանքեր՝ բնական և մշակութային ժառանգության պահպանման համատեքստում: Ամենակարևորն այն է, որ այս ամենը ձեռնարկվելու է տեղի բնակչության հետ և նրանց համար: Ծրագիրը հնարավորություն կտա համայնքին դառնալու սեփական ժառանգության խնամակալները՝ դրանով իսկ ամրապնդելով տեղի հետ իրենց կապն ու դրա հանդեպ իրենց պատասխանատվության զգացումը:

Առաքելոցի՝ Եվրպոայի 7 ամենավտանգվածների շարքում ներառելու հանգամանքն էական մարտահրավեր և պատասխանատվություն է առաջացնում ինձ համար՝ որպես առաջադրողի՝ ավստրիացի հայագետի, որի գործունեության կենտրոնում Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության տարածումն ու հանրահռչակումն է Եվրոպայում:

Առաքելոցը որպես 2025 թվականի 7 ամենավտանգված վայրերից մեկը նշելը ոչ միայն կբարձրացնի բուն հուշարձանի նշանակությունը, այլև կբացի բազմաթիվ այլ հեռանկարներ հայկական և եվրոպական համատեքստում:

Առաքելոցը հայկական ժառանգության բազմաթիվ վայրերի դժբախտ վիճակի օրինակն է: Անտեսումը, գնահատման և ֆինանսավորման բացակայությունը, մշակութային արդյունավետ քաղաքականության և գույքի պաշտպանության միջոցների բացակայությունը թույլ են տվել, որ այս անգնահատելի հուշարձանների վիճակը վատթարանա:

Առաքելոցի օրինակը կարող է որպես ուղենիշ ծառայել Հայաստանի համար՝ ցույց տալով մշակութային ժառանգության գույքագրման, դրա պահպանման և մշակութային արժեքների պաշտպանության միջազգային օրենքների համաձայն ճանաչման գործընթացը:

Առաքելոցը կարող է չափանիշներ սահմանել ժառանգության կայուն զբոսաշրջության զարգացման համար.

Ավելին, Առաքելոցը կարող է ընդգծել տեղի բնակչության, հետազոտողների, որոշում կայացնողների և շահագրգիռ կողմերի միջև համագործակցության կարևոր անհրաժեշտությունը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում՝ հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար:

Առաքելոցը կարող է կատալիզատոր հանդիսանալ հայկական մշակույթի նկատմամբ եվրոպական ավելի լայն հետաքրքրության գեներացման համար: Դրա ընդգրկումը 7 ամենավտանգվածների ցանկում կօգնի Եվրոպայի ուշադրությունը հրավիրել հայկական դարավոր մշակույթի և նրա նշանակության վրա՝ որպես կամուրջ և միջնորդ Եվրոպայի և Ասիայի, ինչպես նաև արևմտյան և արևելյան քրիստոնեության միջև:

Առաքելոցի ցուցակագրումը կամրապնդի հայ ժողովրդի վստահությունը, տոկունությունը և հույսը, հատկապես՝ ճգնաժամից տուժած սահմանամերձ շրջաններում բնակվողների համար: Վերջին հինգ տարիների ավերիչ իրադարձություններից՝ ղարաբաղյան պատերազմից, սահմանային բախումներից, Ղարաբաղի կորստից և հայ բնակչության տեղահանումից, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության կորստի հետ կապված ողբերգական դրվագներից հետո, ես այս նորությունն ընկալում եմ որպես էական եվրոպական նախաձեռնություն, հզոր հանրային եվրոպական հռչակագիր և մշակութային համերաշխության եվրոպական արդյունավետ դրսևորում»։

Լուսանկարները՝ «Եվրոպա Նոստրայի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter