HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գնորդը պարտավո՞ր է կատարել Կառավարության՝ օրենքից չբխող պահանջները

Պետական գույքի կառավարման կոմիտեն գնահատման է ներկայացրել պետության սեփականությունը ճանաչված` Երևան քաղաքի Հանրապետության փողոց 85 հասցեի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերը՝ աճուրդով վաճառելու համար։

Կառավարությունն այս տարվա հունվարի 9-ի նիստում նշված հողամասերն աճուրդով վաճառելու որոշումներ է ընդունել, որոնցով գնորդին պարտավորեցրել է վճարել նաև գույքի արժեքը որոշելու համար կատարված ծառայությունների վճարը՝ 30 000 դրամ։ «Գնորդը եռօրյա ժամկետում այն պետք է փոխանցի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաշվին և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս»,- նշվում է Կառավարության որոշման մեջ։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին խնդրել էինք տեղեկացնել, թե որ օրենքի, որ հոդվածով է գնորդը պարտավորվում վճարել գույքի արժեքը որոշելու համար Կոմիտեի կատարած ծախսերը։

Կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Բաբայանը, ի պատասխան, հղում է կատարել Կառավարության 2021թապրիլի 15-ի թիվ N 587-Ն որոշմանը։ Այդ որոշման 4-րդ հավելվածի (ոչ թե 3-րդ հավելվածով, ինչպես նշված է պատասխանում) 3-րդ բաժնի 13-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն՝ պետական գույքի վաճառքի աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է ներառի տեղեկություններ աճուրդի պայմանների, այդ թվում՝ լոտի անվանման, լոտի նկատմամբ սահմանափակումների, եթե լոտն առարկա է՝ դրա ֆիզիկական վիճակի և արտադրման տարեթվի, լոտի մեկնարկային գնի, լոտի իրավունք լինելու դեպքում՝ այդ իրավունքի գործողության ժամկետի, ինչպես նաև էական այլ պայմանների վերաբերյալ։

«Տվյալ դեպքում, Կառավարության որոշմամբ էական պայման սահմանվել է, որ գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը պետք է վճարվի աճուրդի հաղթող մասնակցի կողմից»,– հայտնել է պրն Բաբայանը։

Գույքն աճուրդով վաճառելու պայմանները սահմանված են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով։ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը սահմանել է, թե ինչ տեղեկություններ պետք է պարունակի աճուրդի մասին հրապարակային ծանուցումը։ Կառավարության 2021թ N 587-Ն որոշման 4-րդ հավելվածը նույնությամբ կրկնում է օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջը

5) աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) անվանումը, լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) և (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմանները.  

Ամբողջ հարցն այն է, որ «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման, օտարման մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու մասին» կառավարության 587-Ն որոշումը նույնպես այդպիսի պարտավորություն չի սահմանել։

Կառավարությունը, եթե «էական այլ պայմաններ»-ի տակ հենց դա նկատի ունենար, միանգամից կարող էր գրել որոշման մեջ, քանի որ այն լրացուցիչ ֆինանսական պարտավորություն է առաջացնում քաղաքացիների համար։ Որոշման մեջ չի գրվել, որովհետև դրանից առաջ փոփոխություն պետք է կատարվեր «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում, քանի որ օրենքն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտ է, քան Կառավարության որոշումը։

Քանի որ ո՛չ օրենքում և ոչ էլ Կառավարության որոշման մեջ չկա նման սահմանում, ստացվում է, որ Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ, որն անհատական իրավական ակտ է, օրենքից չբխող լրացուցիչ գումարային պարտավորություններ է սահմանում աճուրդի մասնակիցների և, մասնավորապես, գնորդների համար։  

Տարիներ առաջ երկու հետազոտություն ենք հրապարակել համայնքներում հողամասերի և այլ գույքի աճուրդների վերաբերյալ, այդպիսի արտառոց մոտեցում մի համայնքում ենք հանդիպել։

«Աճուրդների իրականացման գործընթացը տեղական ինքնակառավարման մարմիններում»

«Օտարումների գործընթացի օրինականության ապահովում» 

«Աբովյանը մեզ ծանոթ միակ համայնքն է, որտեղ համայնքի ղեկավար Կարապետ Գուլոյանի որոշումով աճուրդում հաղթող մասնակցից հետագայում գանձվում է «համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճարը»,- նշել ենք հրապարակման մեջ։

Համայնքի ղեկավարի որոշմամբ գնորդները պարտավորվում էին աճուրդին մասնակցելու համար վճարած 14 000 դրամ մասնակցության վճարից բացի փոխհատուցել նաև քաղաքապետարանի կատարած ծախսերը, որը կազմում էր 65 000 դրամ, այնուհետեւ՝ իրենց սեփականության իրավունքը պետական ատյաններում գրանցելու համար պահանջվող անհրաժեշտ բոլոր ծախսերը: Ստացվում էր, որ գնորդը երկու անգամ է վճարում սեփականության իրավունքի գրանցման ծախսերը՝ մեկ անգամ իր փոխարեն, մեկ անգամ՝ քաղաքապետարանի:

Այժմ նույն սխալը կրկնում է Կառավարությունը՝ պետական սեփականություն գույքը վաճառելու իր որոշումներով գնորդներին պարտավորեցնելով փոխհատուցել գույքը վաճառքի դնելու համար իր կատարած ծախսերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter