HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ասեց՝ մամ, ժամս կանգնել է, ասեցի՝ չհանես ձեռքիցդ, երևի դա ներքին ձայն էր, հետո էդպես գտա որդուս». զոհվածի ծնողի ցուցմունքը

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը զոհվածների հարազատներին հարցաքննության սկզբին հարցնում է՝ ծանո՞թ են իրենց Գոռ Իշխանյան, Նվեր Մարտիրոսյան անունները։ Ոմանք նշում են, որ պատերազմի ժամանակ իրենց որդիներին փնտրելիս են հանդիպել գնդի հրամանատար Գոռ Իշխանյանին, մյուսներն էլ ասում են, որ դատական գործի շրջանակում են լսել հրամանատարների անունները։ Դատարանում այսօր հարցաքննվեց 5 տուժող։

2020թ. հոկտեմբերի 11-ին Հադրութի Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով Մարտունի 3 զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի 73 հոգանոց անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։ Զոհվածների ծնողների խոսքով՝ զինծառայողներին հրաման է տրվել գնալ արդեն իսկ գրավված Հադրութ։ 

Մեղադրյալի աթոռին երկու հրամանատար է՝ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նրանք մեղադրվում են անփույթ վերաբերմունքի հետևանքով ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

«Որդիս անփութության հետևանքով է զոհվել». Աշոտ Չոբանյան

Աշոտ Չոբանյանը զինվորական է, գնդացրորդ։ Որդու՝ Արմենի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 11-ին։ Իմանալով, որ հայրն էլ է մարտի դաշտում, Արմենը նրան խաբել է, ասել, որ իրենք նույն դիրքում են, և որ ամեն բան լավ է։

Մի քանի օր որդուց լուր չունենալուց հետո Աշոտ Չոբանյանը զանգել է զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանին, որն էլ ասել է՝ զինծառայողներն ապահով տեղում են։

«Ասել եմ՝ երեխու հետ կապը կտրվել է, ի՞նչ ա կատարվում, որ չեմ կարողանում իմ տղու հետ խոսել։ Ասեց՝ ապեր, արխային եղի, սաղ նորմալա, տեղակալս հեսա գնումա երեխեքի հետևից»,- պատմում է զոհվածի հայրը՝ նշելով, որ այդ խոսակցությունից հետո Գոռ Իշխանյանն իր հեռախոսազանգերին չի պատասխանել։

Աշոտ Չոբանյանը պնդում է՝ Գոռ Իշխանյանը՝ որպես գնդի հրամանատար, իր զորամասի բնագծերից դուրս չէր կարող զորք հանել։

«Եթե ինքն իր զորամասի գծից դուրս ուղարկում է ուրիշ տարածք, դա արդեն հրամանատարի անփութություն է։ Որդիս անփութության հետևանքով է զոհվել»,- ասաց նա։

Հետագայում Աշոտ Չոբանյանի ընկերը զանգել է նրան և հայտնել, որ որդու՝ Արմենի դին տեղափոխում են Երևան։

«Եթե երեխաներին ուղարկում են, երեխաները սկի չեն հասցնում դիրքավորվել, ճակատ-ճակատ դուրս են գալիս թշնամու դեմ։ Հրամանատարն առաջին հերթին պետք է տիրապետի օպերատիվ իրադրությանը, պետք է տեղեկություն ունենա, էդտեղ զորք է ուղարկում, զորքն էդտեղ կարա՞ բնագծեր զբաղեցնի, կարա՞ դիրքավորվի։ Հրամանատարն ինքը առաջինը պետք է ճիշտ տվյալներ ունենա, թե իր զորքին ուր է ուղարկում»,- ասաց տուժողը՝ նշելով, որ զորքին Կարեն Առստամյանը պետք է դիմավորեր։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հետաքրքրվեց՝ իսկ եթե հրաման ունի՞։

-Ինքը եթե չի տիրապետում օպերատիվ իրավիճակին, կարա հրամանը չկատարի,- պատասխանեց տուժողը։

Նրա խոսքով՝ այնտեղ, որտեղ զորքն ուղարկում էին, պետք է լիներ դիմավորող, և կապը պետք է պահպանվեր նրանց հետ մինչև նշված վայր հասնելը։

«Գոռ Իշխանյանի սխալն այն է, որ, ինքը լինելով գնդի հրամանատար, չտիրապետելով տվյալներին, զորք է ուղարկում»,- նշեց Աշոտ Չոբանյանը։

Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանը հարցրեց, երբ Գոռ Իշխանյանը հեռախոսազրույց է ունեցել ծնողի հետ, հնարավո՞ր է, որ հրամանատարը հստակ պատասխան չտար, քանի որ հեռախոսով չի կարելի քննարկել գաղտնիք պարունակող տեղեկություն, և պատասխանել է կարճ։

-Հնարավոր է,- պատասխանեց տուժողը։

-Բանավոր էլ է Գոռ Իշխանյանը նույնը ասել,- տեղից արձագանքեցին ծնողները։

«Որդուս վաշտի բոլոր զինծառայողները ողջ են՝ բացի այդ 18 զինծառայողից, որոնց տեղափոխել են 7-րդ վաշտ». Նելլի Մանուկյան

Զոհված Սարգիս Խաչատրյանի մայրը՝ Նելլի Մանուկյանն էլ դատարանին հայտնեց, որ որդին մեկ ամսվա զինծառայող է եղել, ծառայել է 14-րդ վաշտում, սեպտեմբերի 29-ին 18 հոգու 14-րդ վաշտից տեղափոփել են 7-րդ վաշտ, այդ թվում՝ իր որդուն։

18 նորակոչիկների հրամանատար Վահե Սահակյանն ասել է՝ «ով լավ տղա է, թող առաջ գա», այդպես որդին առաջ է եկել և 17 զինծառայողի հետ միացել 7-րդ վաշտին։

Վերջին անգամ Նելլին որդու հետ խոսել է հոկտեմբերի 10-ին։ «Ասեց՝ մամ, ժամս կանգնել է, ասեցի՝ չհանես ձեռքիցդ, երևի դա ներքին ձայն էր, հետո էդպես գտա որդուս»։

Որդուց լուր չունենալով՝ Նելլի Մանուկյանը ճշտել է հրամանատար Վահե Սահակյանի համարը, զանգել նրան, ներկայացել է՝ ում ծնողն է։ Վահե Սահակյանը հայտնել է, որ 18 զինվորի տվել է 7-րդ վաշտին, տարել են Ջրական, իրենք չկան, որից հետո Սահակյանն ասել է, որ այլևս իրեն չզանգեն։

«Ամսի 17-ին նորից իրեն եմ զանգում, բառացի ասում է՝ լսի, արա, էլ էս համարին չզանգես, կարո՞ղա գիտես տղուդ հերն եմ»,- պատմում է Նելլի Մանուկյանը։

Նելլիի խոսքով՝ իր որդու վաշտի բոլոր զինծառայողները ողջ են՝ բացի այդ 18 զինծառայողներից, որոնց տեղափոխել են 7-րդ վաշտ։

«Հրամանատարը կարող էր չգնալ այդ քայլին՝ իմանալով, որ այդտեղ են գնալու և չեն վերադառնալու». Աննա Սարոյան

Զոհված Գևորգ Ներսեսյանի մայրը՝ Աննա Սարոյանը, դատարանին հայտնեց, որ որդին վերջին անգամ հոկտեմբերի 11-ին է զանգել․ «Ասեց՝ մի շաբաթ չեմ զանգելու, շատ խառնված էր, չանհանգստանաս, կապերի հետ խնդիր կա»։

Այդ օրը Գևորգը նաև հորեղբոր տղային էր զանգել, ասել էր, որ իրենց տեղափոխում են, չգիտի՝ ուր։

Տուժողի խոսքով՝ որդու վաշտին 3 մեքենայով տեղափոխել են Հադրութ, որտեղ նրանց պետք է դիմավորեր Կարեն Առստամյանը, դիմավորող չեն ունեցել, 4-5 կմ խորացել են դեպի Այգեստան, բայց այդ տարածքը գրավյալ տարածք է եղել ու ընկել են շրջափակման մեջ։

Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը հետաքրքրվեց՝ ո՞վ էր մեղավորը։

«Մենք մեր էրեխեքին տվել ենք Գոռին, երդման արարողությանն ենք մասնակցել, նա ասել է՝ 2 տարի մեր տրամադրության տակ են։ Եթե տվել ենք, հենց Գոռից էլ պիտի ուզեինք, ուրիշ ում անունը տամ»,- պատասխանեց զոհվածի մայրը։

Գոռ իշխանյանը կարո՞ղ էր վերադասի հրամանը չկատարել,- հարցրեց պաշտպանը։

-Իմ կարծիքով՝ դեպքեր կան, որ, այո, ինչո՞ւ ոչ, կարող էր չգնալ այդ քայլին՝ իմանալով, որ այդտեղ են գնալու և չեն վերադառնալու։

Հարցաքննվեց նաև Դիանա Ավագյանը, ում ամուսինը եղել է 7-րդ վաշտի հետ և զոհվել է։

Ամուսնու հետ վերջին անգամ հոկտեմբերի 11-ի առավոտյան է խոսել, ասել է՝ տեղափոխում են Հադրութ, չզանգեք մինչև չզանգեմ։

Դիանան նշեց՝ թեև իրենք 14 տարվա ամուսիններ են եղել, ծառայությունից չեն խոսել։ Ինքն անձամբ մանրամասներ չգիտեր։ Միայն ասաց, որ ավելի բարձր հրամանատարներն ուզում են իրենց մեղքերը բարդել մահացածների վրա, այդ թվում՝ ամուսնու։

«Խոսակցություններ կան, որ իմ ամուսինն է էդ էրեխեքին տարել։ Ծնողներից եմ լսել, որ նման խոսակցություն եղել է»,- ասաց նա։

Զոհված Հրանտ Պապյանի հայրը՝ Զավեն Պապյանը նույնպես շատ տեղեկություն չուներ։ Նշեց, որ վերջին անգամ հոկտեմբերի 10-ին է խոսել որդու հետ, ասել է՝ լավ է։

«Որ տեսա երկար ժամանակ չի զանգահարում, սկսեցի զանգել, անհասանելի էր։ Փորձել եմ ինչ-որ մեկին գտնել, չեմ կարողացել։ Ծնողներից եմ իմացել, որ Հադրութը հոկտեմբերի 8-ին տված, հոկտեմբերի 11-ին հրաման են տվել գնալ այնտեղ»,- պատմեց նա։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 1-ին՝ ժամը 11-ին։

Գլխավոր լուսանկարում՝ Նելլի Մանուկյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter