
Սուրեն Սուրենյանց. «Գյումրու ընտրություններին մասնակցում ենք պարտադիր հաջողելու պայմանով»
Քաղաքական գովազդ
Զրուցում ենք Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հիմնադիր նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ:
Ծնվել է 1975թ․-ի մարտի 19-ին, ՀՀ Կոտայքի մարզի Լուսակերտ (այժմ՝ Արգել) համայնքում: Սովորել և ավարտել է Վ. Անանյանի անվան միջնակարգ դպրոցը: 1992-97թթ. բարձրագույն կրթությունը ստացել է ԵՊՀ «Պատմության և միջազգային հարաբերություններ» ֆակուլտետում: 1988թ․-ին հիմնել է «Հայորդիք» մանկապատանեկան hայրենասիրական կազմակերպությունը: 1994թ-ին մի շարք համախոհների հետ հիմնել է «Երիտասարդական ակադեմիա» (ԵՐԱԿ) հասարակական կազմակերպությունը: 1996թ-ին հիմնադրել և մինչև 1998թ-ը ղեկավարել է «Արդարություն» ուսանողական անկախ արհմիությունը: 1996թ-ին եղել է ուսանողական ապրիլյան զանգվածային ցույցերի կազմակերպիչը: 1998թ-ից ԵԿՄ անդամ է, 2000թ-ին արժանացել է «Վազգեն Սարգսյան» շքանշանի: 2000թ-ից ընդդիմադիր շարժումների ակտիվ մասնակից էր: 2004թ-ին և 2008թ-ին, որպես քաղբանտարկյալ, եղել է անազատության մեջ: 2008-12թթ-ին եղել է Հայ ազգային կոնգրես դաշինքի խորհրդի անդամ: 2002-2008թթ-ի «Hanrapetutyun.am» կայքի և «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր:
Հարյուրավոր գիտական, վերլուծական, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է: Աշխատել է մի շարք հանրապետական լրատվամիջոցներում: 2020թ-ին հիմնել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Պարոն Սուրենյանց, ձեր հարուստ կենսագրության մի մասն ենք միայն ներկայացրել, բայց կարծում եմ սա էլ է բավարար, որ ձեզ չճանաչող ընթերցողը կարողանա կարծիք կազմել: Ինչպես գիտեք ամրապնդված համոզմունք կա, որ Գյումրիում հաջողելու դեպքում՝ կհաջողես ամենուր, ձախողվելու դեպքում՝ քեզ կսպառնա մոռացումը: Այսինքն, հայրաքաղաքը փորձաքար է, ու այս արտահայտությունը, հատկապես նրա առաջին մասը, շատ է օգտագործվում թատերական և երաժշտական աշխարհում՝ ծափահարությունների առումով: Գյումրու արտարահերթ ընտրությունների հետ կապված, կարելի է ասել, որ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն ևս շահագրգիռ է ստանալու տեղի ընտրողների «հավանություն-քվեները»:
-Շեքսպիրն է դեռ իր ժամանակին ասել՝ աշխարհը բեմ է, մարդիկ՝ դերասան,-Սուրեն Սուրենյանցը ծիծաղում է,-եթե համեմատական տանենք, ընտրական գործընթացներն էլ կարելի է համարել մեծ ներկայացում՝ մի քանի գործողությամբ ու ընդմիջումներով: Գյումրիում դեռ առիթ չեմ ունեցել ներկայացում դիտելու, բայց լսել եմ, որ հավանելու դեպքում հանդիսատեսը ոտքի վրա երկար ծափահարում է: Ընտրությունների պարագայում, ծափահարությունները հավանաբար կլինեն այն քվեները, որ մենք կստանանք, եթե գյումրեցին հավանի քաղաքը զարգացնելու մեր նախընտրական ծրագիրը: Ես մեկ ամիս է, անընդհատ Գյումրիում եմ, շփվում եմ մարդկանց հետ, պիտի ասեմ, որ տեղացիները մաքսիմալ անկեղծ են իրենց կարծիքների մեջ՝ վատին՝ վատ, լավին՝ լավ սկզբունքով:
Գյումրին անշուշտ առանցքային դերակատարություն ունեցող քաղաք է: Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններն էլ, անշուշտ, ունեն առանցքային նշանակություն, սակայն քաղաքականության մեջ, որպես կանոն, ես «ճակատագրական ընտրություններ» արտահայտությունից խուսափում եմ, որովհետև քաղաքական պայքարը շարունակական գործընթաց է: Մենք Գյումրիում մասնակցում ենք պարտադիր հաջողելու պայմանով ու մտադրությամբ, և գրեթե վստահ եմ, որ այս ընտրություններից հետո մեզ «մոռացության» վտանգը չի սպառնա:
-Պարոն Սուրենյանց, ի տարբերություն ձեր քաղաքական հարուստ կենսագրության, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը բավական երիտասարդ է, թեպետ հասցրել է կարճ ժամանակում, տարբեր համայնքներում ընթացող ՏԻՄ ընտրություններում էական հաջողություններ գրանցել:
-Կուսակցությունը հիմնվել է 2020թ-ի մայիսին՝ բավականին խառը ժամանակահատվածում, երբ ողջ աշխարհը փորձում էր լուծել COVID-19-ի առաջացրած խնդիրները: Նույն թվականի աշնանն, արդեն զուտ մեր երկրի համար, եղավ ծանրագույն շրջան՝ պայմանավորված արցախյան պատերազմով: Հետո արդեն հետքովիդյան ու հետպատերազմյան ծանր շրջան ունեցանք: Կարելի է ասել, որ կուսակցության ակտիվ գործունեությունը սկսվել է 4 տարի առաջ: Այդ ընթացքում տեղի ունեցած բոլոր ՏԻՄ ընտրություններին մենք ակտիվ մասնակցել ենք՝ առանձին կամ դաշինքով: Առանձին մասնակցությամբ մենք ունենք համայնքապետեր Սյունիքի մարզի Քաջարան և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքներում, ԲՀԿ-ի հետ դաշինքային ֆորմատով համայնքապետեր ունենք Վայոց ձորի Եղեգնաձոր, Կոտայքի մարզի Բյուրեղավան և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքներում: Այսինքն 5 տեղ մեր կուսակցությունը դաշինքով կամ առանձին մասնակցային ձևաչափով ունի համայնքապետ: Եվս երկու համայնքում՝ Արագածոտնի և Կոտայքի մարզերում, ունենք ավագանիներ, թվով երկրորդ խմբակցություն ենք:
Մենք, որպես «Դեմոկրատական այլընտրանքային» կուսակցություն, մասնակցային ժողովրդավարության կողմնակիցներ ենք: Մենք կողմ ենք ինչպես լիբերալ, այնպես էլ պահպանողական դիրքորոշումներին, աջակցում ենք շուկայական տնտեսության համակարգին:
-Մեղադրանքներ են հնչում, թե Գյումրու ընտրություններին մասնակցում են մայրաքաղաքից հայրաքաղաք հասած ուժեր, որոնք Գյումրու մասին չեն մտածում, այլ իրենց քաղաքական խաղերն են խաղում: Սա ձեր և ոչ միայն ձեր՝ տարածք նետված քար է: Ի՞նչ կասեք այս առումով:
- Տարօրինակն այստեղ առաջին հերթին հնչած արտահայտությունն է,- նկատում է զրուցակիցս,-օրենսդրությամբ երկրում միայն համամասնական ընտրություններ են, և լավ իմաստով հավակնություններ ունեցող կուսակցությունները չեն կարող անտեսել այդ ընտրություններին մասնակցելու հնարավորությունը: Եթե լիներ միայն քաղաքապետի ընտրություն, երբ անձերն են ներկայանում իրենց ողջ փայլով, կենսագրությամբ ու արածներով, թող հնչեր մեղադրանք, թե Երևանից եկել, խառնվել են տեղական ընտրություններին:
Ներկա իրավիճակում հնչեցրած «մեղադրանքի» մեջ տրամաբանություն չեմ տեսնում: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ իբրև համապետական ընտրություններից առաջ կուսակցություններն իրենց ուժերն են չափում, ասեմ, որ զուտ ժամանակագրորեն այնպես է դասավորվել, որ Գյումրու արտահերթը նախորդում է 2026թ.-ի ԱԺ ընտրություններին: Իսկ ինչ վերաբերում է մարտի 30-ի ընտրություններին, կարծում եմ, որ զարգացման Գյումրու վերաբերյալ մեր ծրագրով կունենանք շատ արժանապատիվ մասնակցություն: Ես մի առիթով, Գյումրու հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերից դիմել եմ գյումրեցիներին և ասել մի արտահայտություն, որը ելակետային է. ասել էի՝ «մի հավատացեք հեղափոխական ստերին և հին հեքիաթներին»:
-Խոսեցինք ընտրություններին արժանապատիվ ներկայանալու մասին: Ինչ սկզբունքով է ձևավորվել թիմը, որ ներկայանում է գյումրեցի ընտրողին «Ճիշտ Գյումրի» կարգախոսով:
-Թիմը ձևավորելուց բովանդակային առումով աշխատել ենք, որպեսզի այն համահունչ լինի այն պատկերացումներին, որ ունի «Դեմոկրատական այլընտրանքն» առհասարակ, իսկ մեր կուսակցությունը հենվում է արդյունք ստեղծող մարդկանց վրա, մարդիկ, ովքեր իրենց ուժերով հասել են որոշակի դիրքի սեփական միկրոմիջավայրերում, կլինի՝ բիզնես միջավայր, գիտական կամ մասնագիտական այլ հարթություն: Ընտրել ենք մարդկանց, ովքեր իրենց ուժերով ոչ միայն սեփական զբաղվածության հարցն են լուծել, այլև աշխատատեղեր են ստեղծել: Մեծ հաշվով, ի՞նչ է քաղաքի կառավարումը, դա առաջին հերթին արդյունավետ մենեջմենթն է՝ զուգակցված քաղաքական ինչ որ պատկերացումների, արժեքային չափանիշների հետ:
Բարեբախտաբար, մեր թիմում չկան կրիմինալ անցյալ ունեցող մարդիկ, հեղափոխական արկածախնդիրներ, էպատաժային մարդիկ, որոնք հիմնականում հայտարարություններով ցնցում են քաղաքը, սակայն այդ ցնցումները բովանդակային ոչինչ չեն տալիս քաղաքին:
Մեր թիմից ես կնշեմ երեք մարդու, որոնք Գյումրիում ճանաչված են: Ցուցակը ղեկավարում է Արտյոմ Ղարաղազարյանը՝ մարզիկ-գործարար: Եթե վերլուծեմ իր ուժեղ կողմերը, կարող եմ նշել երկու կարևոր բան՝ արդյունք ստեղծող և կարգապահությամբ առաջնորդվող մարդ: Ես կարծում եմ Գյումրին նման մենեջերի կարիք ունի: Երկրորդը մեր ցուցակում Գագիկ Ադամյանն է՝ տնտեսագետ-գործարար, Գյումրիում գործող «Ապավեն» բժշկական ախտորոշիչ կենտրոնի հիմնադիր, «Կանաչ կիրճ» ռեստորանային և հանգստի գոտու հիմանդիր: Եվ մեր մյուս հաջողակ գործարար թեկնածուին կցանկանամ ներկայացնել՝ Անդրանիկ Խաչատրյանին, ում պատկանում է «Պեգաս» խանութների ցամցը Գյումրիում: Դարձյալ լավ ղեկավար, արդյունք ստեղծող անձնավորություն:
-Պաշտոնական տեղեկություններով Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակացում է 3 դաշինք և 6 կուսակցություն: Ամենամեծ ընտրացուցակը իշխող կուսակցությանն է՝ 99 թեկնածու: «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակում ընդգրկված են 23 թեկնածու, այսինքն ամենահամեստը դուք եք:
-Մենք կարևորում ենք ոչ թե քանակն, այլ որակը: Կան ուժեր, որ ընտրություններին մասնակցում են 25 հոգանոց ցուցակով, կան՝ 40 հոգանոց, դաշինքներից մեկը ներկայացրել է 56 հոգանոց ցուցակ, դե ամենաճոխն էլ, ներկայացուցչական առումով, ՔՊ-ն է: Մեր թիմը բաղկացած է 23 հոգուց: Թեկնածուներն ընտրվել են բավականին մանրակրկիտ կերպով և համոզված եմ, որ իրենց առաջ դրված խնդիրը պատվով են կատարելու: Նորից պիտի կրկնվեմ, բայց մենք փորձելու ենք որակ ապահովել, ոչ թե քանակ:
-Եվ, թերևս վերջին, ամփոփիչ հարցը, պարոն Սուրենյանց: Դեռևս պաշտոնական քարոզարշավը չսկսած, դեռևս պաշտոնական գրանցում ու հաստատում չստացած, համայնքի ղեկավարի թեկնածուներից մի քանիսը բավականին ագրեսիվ քարոզարշավ էին սկսել՝ ցեխ շպրտելով միմյանց վրա: Դուք և ձեր թիմն, հիմնականում զերծ եք մնացել թե՛ ագրեսիայից, թե՛ օրենքի խախտումով քարոզարշավային պահվածքից: Շարունակելու՞ եք արդյոք նման պահվածք դրսևորելու նաև բուն քարոզարշավի և հետընտրական հատվածում:
-«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, մինչև քարոզարշավի մեկնարկը քաղաքական ընդդիմադիր ուժերին երեք սկզբունք է առաջարկել: Առաջին՝ միմյանց չթիրախավորել քարոզարշավի ընթացքում, պատկերավոր ասած՝ «չհարձակման պակտ», երկրորդը՝ որևէ կերպ, որևէ ձևով չհամագործակցել ՔՊ-ի հետ` ոչ քարոզարշավի ընթացքում, ոչ՝ հետընտրական և երրորդ՝ արդեն հետընտրական փուլում, երբ պետք է ձևավորվի ավագանին, կոնսենսուսի գալ հնարավոր թեկնածուի շուրջ: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք բացառում ենք համագործակցությունը ՔՊ-ի և արևմտամետների հետ, իսկ մյուս ուժերի հետ պատրաստ ենք աշխատել: Եթե այս երեք սկզբունքները պահում ենք, քաղաքացիական պայմանագրի պարտությունն անխուսափելի է:
Գլխավոր լուսանկարը՝ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել