
Մահացել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հայտնում է, որ կյանքից հեռացել է թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը:
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին: Վշտակցում ենք և սգում մեր սիրելի գործընկերոջ ցավալի կորուստը»,- նշված է թատրոնի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։
Կենսագրությունը
Ծնվել է 1965թ. փետրվարի 14-ին, Երևանում: 1982թ. ավարտել է Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին:
1987թ-ից խաղացել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում:
1991-92թթ աշխատել է «Թատրոն 13»-ում, որի հետ մեկնել է հյուրախաղերի Վորոնեժ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ և մասնակցել փառատոների, որտեղ «Չարլեի մորաքույրը» ներկայացման համար արժանացել է գլխավոր մրցանակի: 1992-97թթ բեմադրիչ Նարեկ Դուրյանի թատերախմբի հետ հյուրախաղեր է ունեցել եվրոպական մի շարք երկրներում:
1994-97թթ աշխատել է Երևանի պետական Համազգային թատրոնում: Այդ ժամանակահատվածում համագործակցել է «Գոյ» թատրոնի հետ: 1994թ. հրավիրվել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն։
2003թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի` Ֆ.Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» (Պինյոն) ներկայացման մեջ դերակատարման համար:
2007թ. արժանացել է «Արտիստ» թատերական մրցանակ` Ա.Չեխովի «Արջը» (Լոմով) և «Առաջարկություն» (Սմիռնով) ներկայացումների մեջ որպես գլխավոր դերի լավագույն կատարող:
2010 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։
Լուսանկարը՝ Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի
Մեկնաբանել