
«Իրենց ուժերին վստահ կանայք պետք է համառ լինեն». խաչքարագործ Նարինե Փոլադյան
Նարինե Փոլադյանը լիբանանահայ խաչքարագործ է, 2018 թվականին վերաբնակվել է Հայաստանում` Գյումրի քաղաքում։ Նա սակավաթիվ կին խաչքարագործներից է Հայաստանում, կերտում է ավանդական խաչքարեր, ժամանակակից քանդակներ և նույնիսկ խաղեր՝ նպատակ ունենալով նոր սերնդին կապել հայկական մշակույթի հետ։
«Սկզբում շատ դժվար էր, բայց երբ սկսում ես քարի հետ աշխատել, սկսում ես նորովի հասկանալ մշակույթի ու արվեստի էությունը։ Դրա համար էլ ընտրեցի այս ոլորտը։ Իհարկե, տղամարդկանց համար աշխատանքը ավելի հեշտ է, կարելի է ասել` իրենց գործն է, ֆիզիկական ուժը նույնպես կարևոր է, բայց ես ցանկանում եմ, որ այն լինի իմ ձեռքով պատրաստված՝ սկսած առաջին հարվածից մինչև վերջնական արդյունքը։ Ինչպես ասում են՝ պետք է ավարտել այն, ինչ սկսել ենք»,- նշում է Նարինեն։
Ամեն տարի Գյումրիի իր արվեստանոցում Նարինեն մեծահասակների, երեխաների և զբոսաշրջիկների համար վարպետության դասեր է անցկացնում:
«Շատ կարևոր է հասանելի դարձնել մշակույթի պատմությունը՝ բոլորին ցույց տալ, թե ինչ կարևորություն ունի խաչքարը՝ ոչ միայն մշակութային, այլև հոգևոր արժեքի տեսանկյունից։ Բոլորը ասում են՝ «խաչքար-խաչքար», բայց ի՞նչ է դա իրականում։ Դրա համար ես փորձում եմ վարպետության դասերով ու խաղերով սովորեցնել՝ մեր սերնդին ներգրավելով այդ ամենի մեջ»,- նշում է նա։
Նարինեն քարի մշակման խաղեր է կազմակերպում՝ ներառելով դրանց մեջ նաև հայկական զարդանախշեր և QR կոդեր, որոնք հնարավորություն են տալիս հասկանալու՝ ինչպես է պատրաստում իր խաչքարերը։
Այն կանանց, ովքեր ցանկանում են հաջողության հասնել խաչքարագործության մեջ, Նարինեն խորհուրդ է տալիս. «Առաջինը` չլսեք կողքիններին, ովքեր հուսահատեցնում են։ Երբ ես սկսեցի զբաղվել խաչքարագործությամբ, առաջին զարմացածը մայրս էր։ Նա էլ չէր հավատում, որ կկարողանամ։ Բայց ես մինչ այսօր վստահ եմ իմ ուժերին և հասկացա, որ կարող եմ դա անել»,- նշում է նա։
Ասում է՝ իրենց ուժերին վստահ կանայք պետք է համառ լինեն՝ հետամուտ լինեն իրենց նպատակին և չթողնեն, որ խանգարողներն իրենց ճանապարհը կտրեն։ «Հավատացեք ձեզ ու աշխատեք ձեր երազանքներին հասնելու համար։ Մի օր ամեն ինչ կհաջողվի»,- եզրափակում է Նարինեն։
Էլեն Մինասյան
Վ. Բրյուսովի անվ. պետհամալսարանի
Հանրային հաղորդակցության եւ սերվիսի ֆակուլտետի
Լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանող
Մեկնաբանել