HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանին

2025 թվականի փետրվարի 14-ի նիստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել էր վարույթ հարուցել Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի նկատմամբ։ Վարույթ հարուցելու հիմքը «Հետքի»՝ «Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ» վերտառությամբ հրապարակումն է եղել։ 

Դեռևս նախորդ տարվա օգոստոսին «Հետքը» գրել էր, որ Ալավերդու համայնքապետարանը ընդհանուր 3.8 մլն դրամի երկու պայմանագիր էր կնքել Մանուշ Դալլաքյան ԱՁ-ի հետ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Դալլաքյանի մայրն է։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթի քննությունն ավարտել է փետրվարի 25-ին և որոշել տուգանել Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանին։ Տուգանքի չափը 300.000 դրամ է։

Հանձնաժողովը վարույթի քննության արդյունքում եզրակացրել է, որ Ալավերդու համայնքապետը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածը։ Այս հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման հանգեցնող գործողություններից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելուց կամ որոշում ընդունելուց: 

«Եթե պաշտոն զբաղեցնող անձի կողմից կամ նրա մասնակցությամբ իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին (եթե վերադաս կամ անմիջական ղեկավար ունի) ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին, որը ենթակա է քննարկման անհապաղ: Նախքան վերադասի կամ անմիջական ղեկավարի գրավոր համաձայնությունը ստանալը անձը պետք է ձեռնպահ մնա հարցի վերաբերյալ գործողություն կատարելուց կամ որոշում կայացնելուց»,- ասված է օրենքում:

Նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված իրավակարգավորման համաձայն՝ վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող պաշտոն զբաղեցնող անձը կարող է շահերի բախման առկայության մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր, այդ թվում՝ հանդես գալ կոնկրետ իրավիճակում շահերի առկայության մասին հայտարարությամբ: Դավիթ Ղումաշյանը սահմանված ժամկետում չի ներկայացրել շահեր բախման վերաբերյալ հայտարարությունը։ 

Դավիթ Ղումաշյանը ԿԿՀ-ի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ժամանակ հայտնել է, որ ինքը տեղյակ չի լինում, թե ում հետ է համայնքը կնքում պայմանագրեր։ Նա նաև ասել է, որ տեղյակ չէ օրենսդրական կարգավորումներից և չգիտի, թե ով է փոխկապակցված անձը։ Ղումաշյանը, սակայն, ընդունել է կատարած զանցանքը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս տարի ևս երկու վարույթ է հարուցել «Հետքի» հրապարակումների հիման վրա։ Վարույթներից մեկը վերաբերում է Տաշիր, մյուսը Ախուրյան համայնքի ղեկավարի կողմից շահերի բախման առկայության վերաբերյալ հայտարարություն չներկայացնելուն։ Նշված երկու վարույթները դեռևս քննվում են։

 

Գլխավոր նկարում ձախից՝ համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, աջից՝  ավագանու անդամ Արեն Դալլաքյանը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter