
«Տիգրան Ուլուբաբյանին ծեծած ոստիկանները դեռ հայտնի չեն». բողոքի ակցիա Քննչական կոմիտեի դիմաց
Այսօր երեկոյան Քննչական կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ քաղաքացիներ, իրավապաշտպաններ ու պատգամավորներ՝ ի պաշտպանություն 2025թ. մարտի 15-ին Ոստիկանության Վանաձորի բաժնում մոտ մեկ տասնյակ ոստիկանների կողմից ենթադրյալ ծեծի ենթարկված Տիգրան Ուլուբաբյանի: Վերջինս նույնպես Քննչական կոմիտեի դիմաց էր: Ակցիայի մասնակիցները փորձեցին նույնիսկ ճանապարհ փակել:
Տիգրանի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ հանդիպում են ունեցել Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Խոսակցությունից պարզ է դարձել, որ դեռ չեն պարզել, թե ովքեր են Տիգրանին ծեծող ոստիկանները: Ընդամենն առաջարկել են Տիգրանին լրացուցիչ հարցաքննել, սակայն մերժել են առաջարկը, որ դրա փոխարեն՝ Տիգրանը կարող է հերթով ցույց տալ ծեծող ոստիկաններին:
Տիգրան Ուլուբաբյանը նշեց, որ եթե իրեն բռնության ենթարկած ոստիկաններին չպատժեն, Վանաձոր քաղաքում արդեն վախի մեջ է ապրելու: Մտավախութուն ունի, որ այս դեպքից հետո դարձյալ կարող է իրեն հրավիրեն Ոստիկանության բաժին, ծեծեն: Նշեց, որ կյանքում Ոստիկանության հետ չի առնչվել, որպես օրինապահ քաղաքացի հանգիստ ապրել է:
«Ես առաջին անգամ եմ այդպես ծեծ կերել: Ասում էին՝ խոսա, պրիզնատ արի, որ դու ես արել, գործը փակենք, գնա»,- նշում է Տ. Ուլուբաբյանը, և հավելում, որ երեկ քննիչի հետ գնացել է դատաբժշկի մոտ, այնուհետև հարցաքննվել է:
«Հետքը» գրել էր, որ օրեր առաջ Տիգրանի բարեկամի բնակարանի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Դրանից հետո 29-ամյա Տիգրանին երկու օր՝ մարտի 14-ին և 15-ին, հրավիրել են Ոստիկանության բաժին, Քննչական կոմիտե՝ ասելով, թե կապ ունի ավազակային հարձակման հետ: Սակայն, վերջին այցի ժամանակ Ոստիկանության բաժնում ծեծել են Տիգրանին։
Տիգրանը «Հետքի» հետ զրույցում պատմել էր, որ բարեկամի տան վրա կատարված ավազակային հարձակման դեպքով մարտի 14-ի գիշերն են իրեն բռնել, տարել Ոստիկանություն, այնուհետև հաջորդ օրը՝ մարտի 15-ին ցերեկը՝ ժամը 15։30-ի սահմաններում, դարձյալ հրավիրել են Ոստիկանություն՝ «2 րոպե շփվելու» նպատակով։ Սակայն, 2 րոպեն ձգվել է մինչև ժամը 22։30-ը։
Տիգրանի պատմելով՝ երբ արդեն բաժնում է եղել, ոստիկաններն ասել են, որ հիմա իրեն «մշակելու» են, որ խոստովանի բարեկամի տան վրա կատարված ավազակային հարձակման մասնակից լինելու հանգամանքը։ Իսկ Ոստիկանության բաժնում «մշակելը» ծեծելն է։
«Ոստիկաններն ինձ 8 հոգով ծեծել են, 10 րոպեն մեկ մոտենում, ծեծում էին։ Որ դուրս եկա բաժնից, ինձ վատ էի զգում, գնացել եմ հիվանդանոց, գլուխս նկարել եմ, ասել են՝ սալջարդ է։ Հիմա դեղեր եմ քսում, որ ցավերս մի քիչ մեղմանան»,- ասում է Տիգրան Ուլուբաբյանը և հավելում, որ ավելի շատ վիրավորված է, որ իրեն փորձել են նվաստացնել հայհոյանքներով։
Տիգրանը Արցախից բռնի տեղահանվել է 2023թ․-ին։ Նրա եղբայրը զոհվել է 2017թ․-ին՝ Արցախում ադրբեջանցիների դիվերսիոն հարձակման ժամանակ։ Հայրը նույնպես զոհվել է, իսկ մայրը՝ մահացել: Նրանք հուղարկավորված են Արցախում։ Հայաստան է տեղափոխվել Արցախի բռնի տեղահանության ժամանակ և Վանաձորում ապրում է միայնակ՝ վարձով։ Տիգրան Ուլուբաբյանը ևս պատերազմի մասնակից է եղել:
Քննչական կոմիտեի շենքի մոտ հավաքվել էին նաև քաղաքացիներ, ովքեր ևս տուժել են ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցների գործողություններից:
Վանաձորցի Սցետլանա Մովսիսյանը լրագրողներին պատմեց, որ հունվարի 7-ին ոստիկանները հարևանի տանը հարձակվել են տղայի՝ Անդրանիկ Առաքելյանի վրա ու դաժանորեն ծեծել են իր աչքի առաջ: Տղայի ձեռքերն ու ոտքերը կապել են, ձեռքերին էլ ձեռնաշղթա են հագցրել ու ոտքերով խփել են տղայի գլխին, մարմնի տարբեր մասերին:
Սվետլանայի խոսքերով՝ իրեն նույնպես գցել են գետնին ու քարշ տալով հանել են դուրս, որ չտեսնի, սակայն մի քանիսի դեմքը հիշում է:
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ևս Քննչական կոմիտեի դիմաց էր: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում ժողովրդավարությունը մնացել է խորը անցյալում:
Պատգամավորը, թվարկելով մի քանի նմանատիպ դեպքեր, հայտարարեց, որ Հայաստանում խոշտանգումները կրում են համակարգված բնույթ և իշխանությունները հովանավորում են այդ ամենը՝ խոշտանգումը դարձնելով իրենց դեմքը:
Խոսելով Մարդու իրավուքնների պաշտպանի գործունեության մասին՝ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ վերջին ժամանակաշրջանում ՄԻՊ-ի գործունեությունն ու հայտարարությունները խիստ ձևական բնույթ են կրում: Ըստ նրա՝ ՄԻՊ-ն ակնհայտ սպասարկում է իշխանությունների շահերը: Առավելագույնը, ինչ անում է ՄԻՊ-ը կամ թույլատրված է նրան, այնպիսի հարցերում միջամտությունն է, որը հասարակական հնչեղության տեսանկյունից որևէ հետաքրքրություն չի ներկայացնում:
Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը նշեց, որ մինչ այս պահը հրապարակային տվյալներ չունեն, թե ովքեր են Տիգրանի նկատմամբ բռնություն գործադրել: Միայն իրենք են կարողացել պարզել երկուսի տվյալները՝ Լոռու մարզային վարչության պետ Խորեն Բարխոյանն ու «մշակող» ոստիկաններից ամենաակտիվը՝ Գոռ Խարաթյանը:
Փաստաբանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ պետք է փորձաքննության ենթարկվեն նաև ոստիկանները՝ պարզելու՝ արդյոք բռնության հետքեր կան նրանց ձեռքերի ու ոտքերի վրա։ Ըստ Ռ. Երիցյանի՝ մի քանի օրից այդ հետքերը վերանալու են, և հնարավոր չի լինի պարզել՝ նրանց ծեծի ենթարկե՞լ են, թե՞ ոչ: Միայն Տիգրանի նկատմամբ է փորձաքննություն նշանակվել, որի արդյունքները պարզ չեն:
Փաստաբանը Տիգրանի բռնության ու Նիկոլ Փաշինյանի վրա խնձոր նետելու դեպքերով զուգահեռներ տարավ՝ ասելով, որ խնձոր նետող քաղաքացու ընտանիքի անդամները մի քանի ժամ անց արդեն ոստիկանության բաժին էին տարվել, իսկ այս դեպքում՝ պասիվ քննություն է:
Մեկնաբանել