
Կառավարությունը կմարի «Էջմիածին» ՋՕ-ի՝ դատական գործընթացներով պայմանավորված 354 մլն դրամ վճարը
Կառավարությունը մարտի 20-ի նիստում որոշեց աջակցել «Էջմիածին» ջրօգտագործող ընկերությանը՝ ազատվելու դրամական միջոցների վրա կիրառված արգելանքից։
Ըստ կառավարության հիմնավորման՝ «Էջմիածին» ՋՕ ընկերության նկատմամբ հարուցվել է 7 դատական գործ 2020-2022թթ. գործունեության հետ կապված։
Տարբեր քաղաքացիների և կազմակերպությունների կողմից 2018-2022 թվականներին ընկերության նկատմամբ հարուցված 29 քաղաքացիական գործ կա, 4 գործ էլ՝ վճարման կարգադրության մասով։ Վճարման կարգադրության վերաբերյալ 752 գործ էլ կազմակերպությունն է ներկայացրել տարբեր անձանց դեմ։
2024թ. նոյեմբեր ամսից արգելանք է դրվել ընկերության գույքի և բանկային հաշիվների վրա, որն էլ, ըստ ՏԿԵՆ հիմնավորման, խաթարել է ընկերության բնականոն գործունեությունը։ Ընկերությունը չի կարողանում ապահովել 2025թ. ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորման և կազմակերպման գործընթացը։
Ընդհանուր պարտավորությունը 13.12.2024թ. դրությամբ կազմել է 282.5 մլն դրամ, իսկ 04.02.2025թ.՝ 354 մլն դրամ։
Ներկա պահին ընկերությունը չի վճարել աշխատակիցների 2024թ. դեկտեմբեր, 2025թ. հունվար և փետրվար ամիսների աշխատավարձերը, ինչպես նաև՝ հարկային պարտավորությունները, որը կազմում է 62.6 մլն դրամ։ Դադարեցվել է ընկերության հիդրոտեխնիկական կառուցվածքների, վարչական շենքերի էլեկտրամատակարարումը։ Պատճառը 2025թ. մարտի 1-ի դրությամբ ունեցած պարտքն է՝ շուրջ 40 մլն դրամ:
Կառավարության որոշումը պայմանավորված է 2025 թ. ոռոգման սեզոնի աշխատանքներն ապահովելով։
«Էջմիածին» ՋՕ ընկերությունը սպասարկում է Արմավիրի մարզի 6 խոշորացված համայնքների 43 բնակավայրերի շուրջ 7500 ջրօգտագործողների՝ ջրամատակարարում իրականացնելով 8400 հա ոռոգելի հողատարածքների վրա։
2025թ. մարտի 4-ի դրությամբ առանձին մշակաբույսերի տեսակներով արդեն ներկայացվել են ջրամատակարարման հայտեր:
Գործադիրն առաջարկում է մարել «Էջմիածին» ՋՕԸ-ի՝ դատական գործընթացներով պայմանավորված վճարումները, որի շնորհիվ կհանվի ընկերության դրամական միջոցների վրա կիրառված արգելանքը, և կվերականգնվի ընկերության բնականոն գործունեությունը։
Այս նախագծով՝ «Էջմիածին» ՋՕ ընկերության ֆինանսական կայունության և բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով առաջարկում են պահանջվող 354 մլն դրամ գումարը վերաբաշխել ՀՀ 2025 թվականի պետական բյուջեից որպես դրամաշնորհ։
Մեկնաբանել