HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Վրաստան

Այսօր՝ 21:00-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության փլեյ-օֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Պատասխան մրցավեճը կկայանա ամսի 23-ին Թբիլիսիում:

Երկու խաղերի արդյունքներով հաղթողը 2026-2027 թթ. խաղարկությունում հանդես կգա Ազգերի լիգայի B լիգայում, իսկ պարտվողը՝ C լիգայում: Նկատենք, որ ներկա խաղարկության խմբային փուլում մեր թիմը C լիգայի իր խմբում զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ Վրաստանը՝ B լիգայի իր խմբում 3-րդ տեղը, ինչը նրանց անցումային խաղեր անցկացնելու հնարավորություն է տվել:

Երեկ կայացած մամուլի ասուլիսում մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը նշել է, որ թիմի հիմնական ու գլխավոր նպատակը աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլին (կկայանա այս տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին) նախապատրաստվելն է, իսկ կարճաժամկետը՝ Վրաստանի հետ առաջիկա երկու մրցավեճերում հնարավորինս լավ խաղ ցուցադրելը: 

Հայաստանն ու Վրաստանը ազգային հավաքականների մակարդակով անցկացրել են 7 խաղ, Հայաստանը հաղթել է 2 անգամ, 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 3 անգամ էլ հաղթել են վրացիները: Մերոնք այս հանդիպումներում խփել են 8 գոլ, բաց թողել 14-ը: 

Այսօրվա հանդիպումն սպասարկելու է ռումինական անձնակազմը: Խաղի մրցավար է նշանակվել Ռադու Պետրեսկուն, մրցավարի օգնականներ՝ Ռադու Ժինգուլյակը եւ Միրչա Գրիգորիուն: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Անդրեյ Չիվուլետեն: Իտալացի Ալեանդրո Դի Պաոլոն նշանակվել է VAR-ի մրցավար, VAR-ի մրցավարի օգնականը կլինի իտալացի Ֆեդերիկո Լա Պեննան:

ՀՖՖ-ն հրապարակել է մեր թիմի վերջնական հայտացուցակը: Մարզական հավաքին հրավիրված ֆուտբոլիստներից այս հայտացուցակում չեն ընդգրկվել Արթուր Սերոբյանն ու Արայիկ Էլոյանը: 

Թիմերն այսօր հանդես կգան իրենց ավանդական/տնային մարզազգեստով. հայերը՝ կարմիր գույնի, վրացիները՝ սպիտակ-կարմիր: 

Հիշեցնենք, որ ներկա պահին մեր ընտրանին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում 100-րդն է, իսկ Վրաստանը՝ 68-րդը:

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter