
Խնամքի կենտրոնը փոխում է հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը
Վահան Սոսիկյանը ծնվել և մեծացել է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո հիմնականում օգնել է ընտանիքին տնային գործերում, մինչեւ ընկերներից տեղեկացել է «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) մասին։
«Սկզբում դժվարանում էր հարմարվել նոր միջավայրին, բայց շուտով սովորեց ինքնուրույնություն ու նոր հմտություններ»,- ասում է կազմակերպության նախագահի տեղակալ, մ․գ․թ․ դոցենտ Սվետլանա Մուրադյանը։
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում արդեն հինգ տարի գործում է «Երջանկության ճանապարհ» հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոնը, որը նախատեսված է 18-65 տարեկան, մտավոր զարգացման խնդիրներ ունեցող անձանց համար։ Կենտրոնն օգնում է նրանց՝ հարմարվելու սոցիալական միջավայրին, մասնագիտական հմտություններ ուսուցանում՝ նպատակ ունենալով իր շահառուներին ինտեգրել հասարակություն։
Կենտրոնում Վահանի կյանքը զգալիորեն փոխվեց։ «Այստեղ ես ոչ միայն սովորեցի նոր հմտություններ, այլև դարձա ավելի ինքնուրույն։ Այժմ կարողանում եմ զբաղվել մաքրման աշխատանքներով, նկարում եմ, մասնակցում կարի դասընթացների և թատերական ներկայացումներին»,- ասում է նա։
Նրա խոսքով՝ հատկապես նկարչությունն ու կարի աշխատանքներն իրեն շատ են դուր գալիս։ «Նկարելը ինձ հանգստացնում է, իսկ կարի գործը մարտահրավեր է նետում, քանի որ ասեղից վախենում եմ, բայց ես փորձում եմ հաղթահարել այդ վախը»,- պատմում է նա։
Վահանն ընդգծում է, որ կենտրոնն իրեն օգնել է ոչ միայն նոր հմտություններ ձեռք բերելու, այլև նոր ընկերներ գտնելու հարցում։ «Այստեղ իմ լավագույն ընկերները Համլետն ու Ռուստամն են»,- ասում է նա։
Կենտրոնը գործում է բարեգործության շնորհիվ։ Ֆինանսավորումը հիմնականում ստացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ Համահայկական հիմնադրամի միջոցով։ Չնայած բազմիցս դիմել են ՀՀ կառավարությանը, սակայն պետական աջակցություն կենտրոնը չի ստանում։
Կազմակերպությունը նպատակ ունի ոչ միայն զբաղվածություն ստեղծել, այլև ապահովել իր ֆինանսական կայունությունը, որպեսզի հնարավոր լինի աջակցել շահառուներին։ Այդ նպատակով հիմնադրվել է սոցիալական ձեռնարկություն՝ հացաբուլկեղենի արտադրամաս, որտեղ աշխատում են մտավոր խնդիրներ ունեցող անձինք։ Արտադրանքը մատակարարվում է տարածքում գտնվող դպրոցների բուֆետներին, և այդ եկամուտն ուղղվում է արտադրամասում աշխատող կենտրոնի շահառուների աշխատավարձերին ու արտադրամասի զարգացմանը։
Սվետլանա Մուրադյանն ասում է, որ կենտրոնը ոչ միայն աշխատանքով է ապահովում իր շահառուներին, այլև սովորեցնում է խանութից գնումներ կատարել սոցմանկավարժի ուղեկցությամբ և ձեռք բերել ֆինանսական ինքնուրույնություն։ Շատ շահառուներ առաջին անգամ են ստանում աշխատավարձ և սովորում են տնօրինել իրենց գումարը։ Վահանը պատմում է, թե ինչպես է իր աշխատավարձը ամիսների ընթացքում հավաքել և որոշել ընտանիքի համար անհրաժեշտ իրեր գնել։ «Ես չէի պատկերացնում, որ իմ աշխատած գումարով կարող եմ ոչ միայն իմ, այլև ընտանիքիս կարիքները հոգալ։ Նոր տարվա համար գնումների և վառելիքի հարցը լուծեցինք իմ աշխատավարձով, ինչը ինձ շատ ոգևորեց»,- ասում է նա։
Ծրագրի ղեկավարները մտադիր են ընդլայնել արտադրամասի գործունեությունը և համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել տարբեր կազմակերպությունների հետ։ Նրանց նպատակն է ավելի շատ շահառուների ընդգրկել, ինչպես նաև ստեղծել նոր աշխատատեղեր՝ նպաստելով ներառական հասարակության զարգացմանը։
Սյուզի Խաչատրյան
Վ. Բրյուսովի անվ. պետհամալսարանի
Հանրային հաղորդակցության եւ սերվիսի ֆակուլտետի
Լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանող
Մեկնաբանել