HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտյոմ Ղարաղազարյան. «Գալիս ենք կառուցելու Ճիշտ Գյումրի»

Քաղաքական գովազդ

Զրուցում ենք Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանի հետ: 

Ծնվել է 1980թ․-ի հունիսի 28-ին, Լենինանական քաղաքում, շինարարի ընտանիքում: 1987-97թթ.-ին սովորել և ավարտել է Գյումրու թիվ 4 միջնակարգ դպրոցը: Բարձրագույն կրթությունը ստացել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում՝ 1997-2001թթ.-ին սովորել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի» բաժնում: 2016-2021թթ. եղել է Գյումրու ավագանու անդամ: 2020թ.-ից «Բնաքար» ՍՊԸ-ի տնօրենն է: 

Ամուսնացած է, ունի 4 երեխա, անկուսակցական է:

-Պարոն Ղարաղազարյան, զրույցը թերևս սկսենք Ձեր ազգանվան ստուգաբանումից: 

-Դրա համար պետք է բավական հետ գնանք՝ մինչև 20-րդ դարասկիզբ: Իմ արմատներն Արևմտյան Հայաստանի Երզնկա գավառից են: Պապս, իր 4 եղբայրների հետ, 1915թ․-ի ջարդերից հետո տեղափոխվել են ապրելու Արևելյան Հայաստանում: Եղբայրներից մեկը հաստատվել է Ջավախքի Կարծախ գյուղում, երեքը՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում, մեկն էլ հետո մեկնել է Ամերիկա: Մենք՝ Արթիկի Հոռոմ գյուղում հաստատված Գևորգ եղբոր ճյուղն ենք: Իրենց հողրեղբոր տղան՝ Ղազարը, կոխի վարպետ էր: Մի օր գյուղ համշենահայ փահլևաններ են եկել՝ մրցույթ կազմակեպելու համար: Հարցուփորձ են արել, Ղազարենց տունն են հարցրել: Բայց քանի որ գյուղում մի քանի հոգի են եղել այդ անունով՝ ճշտող հարցին, թե որ Ղազարի, պատասխանել են ՝ «ղ(կ)արա (թուրքերեն` սև) Ղազարի տունը գուզենք», այսինքն սև Ղազարի: Հետո էդ մականունը կպել, մնացել է ու ազգանունների ձևավորման ժամանակ դարձել է ազգանուն:

-Եղե՞լ է դեպք, որ Ձեր ազգանունը լավ կամ վատ ծառայություն մատուցած լինի Ձեզ:

- Եղել է, երբ շփոթել են Ղազարյանն ու Ղարաղազարյանը: Եթե հիշում եք, ոչ վաղ անցյալում ավագանու ընտրությունները կուսակցականացված չէին, ու ավագանու անդամներին ընտրում էին անհատապես: Ես այդ ընտրությունների ժամանակ ավագանի չեմ դարձել, քանի որ ցուցակում կար նաև Արտյոմ Ղազարյան անունով թեկնածու, իր ու իմ բյուլետենները խառնվել էին ու դրվել էին մեկ տեղ: Պատահականություն է եղել, թե դիտավորություն, չեմ կարող ասել, փաստն էն է, որ հանձնաժողովի անդամն ալարել էր կարդալուց ասի Ղարաղազարյան, մեկից ասել է՝ Ղազարյան՝ ավելի կարճացրած,- զրուցակիցս քմծիծաղ է տալիս,- հետո, երբ դա պարզվեց, փորձեցի բողոքարկել, բայց բողոքարկման ժամանակը բաց էի թողել: Էդ ժամանակ ավագանու անդամ չեմ եղել հենց էդ պատճառով: 

-Գյումրեցիները սիրում են մականուն տալ մարդուն, հիշենք թեկուզ Պոլոզ Մուկուչին ու Ծիտրո Ալեքին, որոնց ոչ ոք ազգանունով կամ պարզապես անունով չի ճանաչել: Իհարկե, սա չի նշանակում, թե գյումրեցիները բոլորը մականունավոր են, բայց դուք, ստացվել է այնպես, հենց այն մարդկանցից եք, ում ճանաչում են ոչ թե անունով, այլ մականունով՝ «Պոլիգոնցի Մուլտը»:

-Իմ մականունը՝ «Մուլտ», դեռ փոքրուց է կպել՝ բոյիս պատճառով: Ես շատ փոքր-մոքր էի, հեչ բոյ չէի քաշե: Դպրոցում, ֆիզկուլտուրայի ժամին որ շարվում էինք, ես միշտ վերջից երկրորդն էի,- Արտյոմը ծիծաղում է,- էդ հիմա է, որ բոյս 1 մետր 80 սմ է: Ամռանը՝ դպրոցական արձակուրդներին, հինգ թոռներով միշտ կմնայինք մորական պապիս տանը: Տատիս հորեղբոր տղան՝ Արեստակը, սովորություն ուներ հյուր գալու: Էս մարդը գուկար, սաղիս կսիրեր, կըսեր՝ «ա՜յ, Էմմա ջան, սաղ երեխեքը բոյ են քաշել, առաջ են եկել, էս մեր տղեն մնացել է նույնը, հեչ աճ չունի, 3 տարի էլ կնայեմ, օր ոչ բոյն է ելել, ոչ՝ քաշը»: Ավարտական դասարանում սկզբից բոյս ելավ, հետո՝ քաշս, էն դարդ էնողներն էլ հանգիստ շունչ քաշեցին, իրանց տղեն լավ առաջ եկավ միանգամից: Բայց դե մականունը մնաց: Մեր թաղում էնքան է եղել, եկել ինձ են հարցրել, անուն-ազգանունս են տվել, ասել են՝ ըստեղ ըդպես մարդ չի ապրի, բայց հենց կոնկրետացրել են, որ «Պոլիգոնների Մուլտ»-ն է իրենց պետք, ամեն ինչ ընկել է իր տեղը: 

-Իսկ սպորտն ինչո՞վ է ձեզ օգնել կյանքում:

-Կարգապահություն, նպատակին հասնելու կարողություն, համառություն՝ էս հատկություններն է ամրապնդել իմ մեջ: 90-ականներին կասետներով Բրուս Լիի, Ջեքի Չանի ու այլ հայտնի կարատեիստների մասնակցությամբ ֆիլմեր կնայեինք: Արևելյան մարտարվեստները նոր բան էին մեր իրականության մեջ, 80-ականներին կարատեն պադվալներում կպարապեին: Ինքը գրավիչ, արտասովոր սպորտաձև էր, ու բոլոր տղա երեխեքը կուզեին նմանվել Բրուս Լիին: Պատճառը սա էր, որ գնացել եմ կարատեի, 9 տարեկանից պարապել եմ: 1996-2000թթ․-ին եղել եմ Արթիկի ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, 2000-2001թթ-ին՝ Շիրակի մարզի ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, 2010-2020թթ. Հայաստանի ավանդական Ուշուի ֆեդերացիայի փոխնախագահն էի, մինչ այդ էլ,  2004-2010թթ․-ին ընտրվել էի նույն ֆեդերացիայի տեխնիկական խորհրդի ղեկավար: 

Ինձ մոտ զինվորական ծառայությունն էլ զինվորական ծառայության նման չի եղել: Տավուշի սահմանամերձ Չորաթան գյուղի միջնակարգ դպրոցում երկու տարի ֆիզկուլտուրայի ուսուցիչ եմ աշխատել: Հետո ծնվեց երկրորդ երեխաս՝ Հակոբս, ու ինձ ազատեցին զինվորական ծառայությունից: Այսինքն, Հակոբս ինձ տուն վերադարձրեց: Ես երեք տղա ունեմ, երեքն էլ տարբեր սպորտաձևերով պարապել են, մեծս՝ բռնցքամարտ, փոքր տղաներս՝ ձյուդո:

-Դուք բազմազավակ հայր եք, ունեք 4 երեխա՝ մեկ աղջիկ և երեք տղա: Ձեզ ինչպե՞ս կբնութագրեք, որպես ընտանիքի հայր:

-Ես պահպանողական եմ: Ինձ համար ընտանիք հասկացությունը կարևոր է ու առաջնահերթ: Աշխատում եմ պահպանել մեր ազգային արժեքներն ու փոխանցել երեխաներիս: Խիստ հավատացյալ եմ՝ մեր հայ առաքելական եկեղեցին ինձ համար առաջին տեղում է, իմ կրոնն ինձ համար առաջին տեղում է: Խիստ ամուսին եմ ու հայր, սակայն այս ամենի հետ, որոշումներ կայացնելիս աշխատում եմ հաշվի առնել նաև ընտանիքիս անդամների կարծիքը: Իմ ընտանիքն ավանդական ընտանիք է՝ բաղկացած կին, երեխաներ, տատիկ-պապիկից, բոլորս միասին ապրում ենք մեկ տան մեջ: Երեխաներիցս մեծը 21 տարեկան է, փոքրը՝ 9-ը: Աղջիկս ու մեծ տղաս ուսանող են, երկու փոքրը՝ դպրոցական: Անչափ կարևորում եմ ավանդական ընտանիքի մոդելը, նաև համարում եմ, որ պիտի շատ երեխաներ ծնվեն: Դա է մեր վաղվա լինելիության գրավականը՝ ամուր ընտանիք, շատ երեխաներ, ընտանիքի մեծերի նկատմամբ հարգանք ու սեր, ազգային արժեքների պահպանում:

-Մեր նախնական զրույցի ժամանակ նշել էիք,  որ գործարարի ջիղը ձեզ մոտ արտահայտվել է դեռևս մանկական տարիներից: Սա կատա՞կ է, թե՞ իրականություն: 

-Չէ, կատակ չէ, մաքուր իրականություն է: Էն որ ասում են՝ բոյին մի նայեք, արած գործերին նայեք, հենց ինձ համար էր երևի ասած: Իմ մանկությունը համընկել է անցած դարի 90-ականների դժվար տարիների հետ: Հատկապես հետաղետյան Գյումրիում մարդիկ ամեն ինչ անում էին, որ կարողանան ընտանիքները պահել: Մեր ընտանիքում երկու երեխա էինք՝ ես ու քույրս: Ես ամեն կերպ աշխատում էի օգտակար լինել ընտանիքիս: 10 տարեկան էի, ընկերոջս հետ` Սամվելի, ինքը հիմա չկա, մահացել է, որոշեցինք պաղպաղակ վաճառել,- Արտյոմը ծիծաղում է,- մեր տները կաթի գործարանի մոտ է: Գործարանում Գևորգ անունով մարդ կաշխատեր, գնացինք, ասինք՝ «ձյաձ Գևոր, մեզի մառոժնի տուր, տանինք, ծախենք»: Ձյաձ Գևորգը խնդաց, գիտեր ում երեխեքն ենք, բայց մառոժնին տվեց: Էսօրվա պես հիշում եմ, ես ու Սամոս էդ թերմոսով մառոժնին տարանք շուկա՝ Լաչինի միջանցքի մեջտեղը դրեցինք: Լրիվ ծախեցինք, առաջին հերթին ձյաձ Գևորգի փողը տվեցինք, աշխատածս փողով էլ ելակ ու գիլազ եմ առել տարել տուն: 

Ես, աշխատասիրությամբ քաշել եմ հորական պապիս՝ Ասքանազին: Պապիս հայրը գնացել է պատերազմ, հետ է եկել ու մահացել կույր աղու բորբոքումից: Տանը հոգսը ընկել է 15 տարեկան Ասքանազի ուսերին: Պապս դպրոցից դուրս է եկել, գնացել դարբնություն է սովորել, աշխատել է, որ ընտանիքը պահի: Պապիս դարբնի գործիքները մինչև հիմա կան, մենք դրանք սրբությամբ պահում ենք: Դե իսկ անհանգիստ բնավորությանս համար պարտական եմ մորական պապիս՝ «սզու» Ժոռային: Չեմ սիրում օրվա գործը թողնել վաղվա, պետք լինի գիշերն էլ կաշխատեմ, բայց սկսածս կվերջացնեմ:

-Տեսեք, ասացիք, որ բնավորությամբ անհանգիստ եք, գյումրեցու ասած՝ «սզու խասյաթ» ունեք:  Հնարավո՞ր է, որ դա լինի նաև պատճառներից մեկը քաղաքի կառավարումից անմասն չմնալու ձեր կայացրած որոշման:

-Չեմ բացառում, բայց եկեք չմոռանանք, որ ես նորելուկ չեմ այս ասպարեզում: 2016-2021թթ․-ին եղել եմ Գյումրու ավագանու անդամ: Արտահերթ ընտրություններին մասնակցելու և ցուցակը գլխավորելու առաջարկը ստացել եմ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցից: 

-Դուք Գյումրու արտահերթ ընտրություններին մասնակցում եք «Ճիշտ Գյումրի, ճիշտ քաղաք» կարգախոսով: Ի՞նչն եք ցանկանում փոխել Գյումրիում, ո՞րն է ըստ ձեզ սխալ, և ի՞նչն է, որ այդքան կարիք ունի ճշտումների:

-«Ճիշտ Գյումրի» կարգախոսը ենթադրում է քաղաքի ճիշտ կառավարում, եկամուտների հավաքագրում ու ճիշտ բաշխում, ոլորտային խնդիրների վերլուծություն և համակարգային լուծում: Չթերագնահատելով նախորդ քաղաքապետերի արածները, կարող եմ ասել, որ դեռ շտկելու բաներ կան, որովհետև ցանկացած բնակավայր զարգացող օրգանիզմի նման է: Մենք պիտի Գյումրուն վերաբերվենք ինչպես մեր սեփական ընտանիքին: Ես կարծում եմ, որ թերացումները սկսվում են էն պահից, երբ ղեկավարը դադարում է համայնքին նայել որպես ընտանիքի: 

«Ճիշտ Գյումրի» կարգախոսը ենթադրում է, որ նախընտրական այս փուլում, ես իմ ընտրողներին, մեր հայրենակիցներին տալու եմ միայն իրական խոստումներ: Անցած 30 տարիների մեր հիմնական պրոբլեմներից մեկն էլ սուտն ու կեղծիքը մեր իրականություն, քաղաքական միջավայր ներմուծելն է եղել: Կարող եմ վստահեցնել, որ ես ու մեր թիմը գալիս ենք արդարության դեֆիցիտը վերականգնելու:

 

Լուսանկարները՝ Վահրամ Համբարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter