HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանը աղմուկի մեջ․ ձայնային աղտոտումը՝ առողջական խնդիրների պատճառ

Քիչ անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպումը։ Սպորտային նման միջոցառումներն անաղմուկ չեն անցնում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ աղմուկի միջին մակարդակը մարզադաշտերում կարող է գերազանցել 100 դեցիբելը, ինչը լսողության համար վտանգավոր է։ 

Բնության մեջ աղմուկը տագնապ է առաջացնում, կենդանիները աղմուկի միջոցով իրար զգուշացնում ու վախեցնում են։ Միակ կենդանի էակը, որ չի խուսափում աղմուկից և իր համար աղմկոտ միջավայր է ստեղծում, մարդն է։ Այսպես է կարծում Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը: 

Այսօր՝ մարտի 20-ին, աղմուկի բժշկասոցիալական նշանակության թեմայով քննարկում էր Երևանի պետական բժշկական համալսարանում։ Ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ միջազգային հետազոտությունները փաստում են, որ քաղաքային աղմուկը ամեն տարի ավելանում է 0.5 դեցիբելով, և ավելի արդիական է դառնում դրա հետևանքների մասին խոսելը։ Նա ներկայացրեց աղմուկի տեսակները, որոնց առնչվում ենք։ Մարդու լսողության վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ և՛ փողոցային, և՛ անգամ համերգային աղմուկը։ 

85 դեցիբելից բարձր ցանկացած ձայն ժամանակի ընթացքում կարող է մշտական վնաս հասցնել ներքին ականջի զգայուն բջիջներին:

Որքան բարձր է աղմուկի մակարդակը, այնքան բարձր է ձայնը: Կարելի է լսել 70 դեցիբել կամ ավելի ցածր հնչյուններ այնքան ժամանակ, որքան ցանկանում եք: 85 դբ հնչյունները կարող են հանգեցնել լսողության կորստի, եթե դրանք լսում եք ավելի քան 8 ժամ անընդմեջ: 85 դբ-ից բարձր հնչյունները կարող են ավելի արագ վնասել ձեր լսողությունը։

Ռեկտորը նաև անդրադարձավ ականջակալների օգտագործմանը, որոնք հատկապես երիտասարդների շրջանում շատ տարածված են։ Ականջակալների ճիշտ կիրառման համար նա խորհուրդ է տալիս օգտվել 60-60-60 սկզբունքից։ Օգտագործել ականջակալները օրվա ընթացքում 60 րոպե, ձայնի 60% ուժգնությամբ և քնելուց 60 րոպե առաջ սահմանափակել ականջակալների կիրառությունը։

Բարձր աղմուկը բացասաբար է ազդում ոչ միայն լսողության, այլև նյարդային համակարգի վրա։ Այն կարող է առաջացնել սթրես, անքնություն, գլխացավեր, զարկերակային ճնշման տատանումներ։ Երկարատև աղմուկը կարող է ազդել նաև հիշողության և ուշադրության կենտրոնացման վրա։

Մուրադյանը խոսեց ԱՄՆ-ում 6-ից 19 տարեկանների շրջանում իրականացված հետազոտության մասին, որը ցույց է տվել, որ երեխաների 12%-ը՝ մոտ 5.2 միլիոնը, ավելորդ աղմուկի ազդեցության արդյունքում լսողության մշտական խանգարումներ ունի։

Ըստ բնապահպանական միջազգային չափորոշիչների՝ ամեն հինգ տարին մեկ պետք է թարմացնել քաղաքի աղմուկի քարտեզը։ Ինչպես նշում է Արմեն Մուրադյանը, Երևանում աղմուկի քարտեզագրումը վերջին անգամ իրականացվել է 1976 թվականին։ Վերջին հետազոտությունը վերաբերում է Երևանի կենտրոնին, որն արվել է 2018-ին։

Աղմուկի կանխարգելման համար, Մուրադյանի կարծիքով, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ինչպես անհատական, այնպես էլ պետական մակարդակներում։ 

Բարձր աղմուկից խուսափելուց բացի, պետությունը պետք է մշակի և իրականացնի աղմուկի դեմ պայքարի ծրագրեր, ինչպես նաև վերահսկի աղմուկի մակարդակը քաղաքային միջավայրում։

Աղմուկի նվազեցման համար «Հերացի վերլուծական» կենտրոնը առաջարկում է խիստ բնակեցված շրջաններում նվազեցնել տրանսպորտային հոսքերը, արգելել ձայնային ազդանշանների կիրառումը և ապահովել էլեկտրական սարքավորումների, օրինակ օդափոխության համակարգերի, տեղադրման համապատասխանությունը քաղաքաշինական նորմերին։ 

ԵՊԲՀ-ից հայտնում են, որ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լարիսա Ավետիսյանը Ազգային ժողովում կներկայացնի բժշկական համալսարանի տեսակետն աղմուկի հետ կապված օրենքի նախագծի քննարկման շրջանակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter