HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Հայաստանի հավաքականը 3 անպատասխան գնդակ ընդունեց Վրաստանից

Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆում Հայաստանի ազգային հավաքականը տանը 0-3 հաշվով պարտվեց հարևան Վրաստանի հավաքականին։ Հանդիպումը այսօր՝ մարտի 20-ին, տեղի ունեցավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Խաղի առաջին գոլը գրանցվեց 33-րդ րոպեին։ Վրաստանի կազմում աչքի ընկավ Գեորգի Կոչորաշվիլին։ Ընդամենը 4 րոպե անց իր թիմի առավելությունը կրկնապատկեց Ժորժ Միկաուտաձեն՝ գնդակն ուղարկելով Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը։

Մեր ընտրանին մրցակցի առաջին գոլից հետո առաջին հարվածը կատարեց դարպասի ուղղությամբ, սակայն Էդգար Սևիկյանի հարվածից հետո հաջող գործեց Վրաստանի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին։ 

Առաջին խաղակեսի վերջնամասում էլ Հայաստանի հավաքականը բավականին նպաստավոր դիրքում տուգանային հարվածի հնարավորություն ստացավ, սակայն Տիգրան Բարսեղյանի հարվածը շեղ էր։ Թիմերը ընդմիջման գնացին 0-2 հաշվով։

Երկրորդ խաղակեսը մեր հավաքականն ավելի ակտիվ սկսեց, սակայն գրոհները գոլով չավարտվեցին։ Փոխարենը խաղի 59-րդ րոպեին իր անվան դիմաց դուբլ գրանցեց վրացի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն՝ հաշիվը դարձնելով 0-3: Խաղի մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին:

Սա Հայաստանի ազգային հավաքականի առաջին խաղն էր նիդերլանդացի Ջոն վան'տ Սխիպի գլխավորությամբ։

Հիշեցնենք՝ խաղարկության խմբային փուլում Հայաստանի հավաքականը C լիգայի իր խմբում զբաղեցրել էր 2-րդ տեղը, իսկ Վրաստանը՝ B լիգայի իր խմբում 3-րդն էր, ինչից հետո թիմերը անցումային խաղեր անցկացնելու հնարավորություն էին ստացել: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Երկու խաղերի արդյունքներով հաղթողը Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկությունում հանդես կգա B լիգայում, իսկ պարտվողը՝ C լիգայում:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter