HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վաղարշապատի համայնքապետի սկեսրայրի գազալցակայանում հրազենով մարդ է սպանվել

Մարտի 22-ին՝ կեսգիշերն անց, կրակոցներ են հնչել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրայրին՝ Աշոտ Միրզոյանին պատկանող գազալցակայանում: Հրազենային վիրավորում ստացած 36-ամյա Արթուր Պարոնյանը, «Էջմիածին» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է:

«Հետքի» տեղեկություններով, սպանություն կատարելու մեջ կասկածվում է «Ճապ» մականունով 33-ամյա տղամարդը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մի քանի ամիս առաջ Ա. Պարոնյանը վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչը խոր հետքեր է թողել:

Ներքին գործերի նախարարությունից «Հետքին» հայտնեցին, որ մարտի 22-ին՝ ժամը 02։08-ին, «Էջմիածին» բժշկական կենտրոնից Ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը ժամերի ընթացքում բացահայտվել է։

Նախնական տվյալներով, մարտի 22-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջև ծագած վիճաբանության ընթացքում 33-ամյա տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ, որը, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է: «Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ»,- հայտնեցին ոստիկանությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter