Խաղաղության կորպուսի նոր խմբի կամավորները երդվել են
Օգոստոսի 7-ին ՀՀ -ում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դանահյուն անցկացրեց Խաղաղության կորպուսի 42 կամավորի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ ԽԿ կամավորները դասընթացների ավարտից հետո կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ կապրեն երկու տարի և կաշխատեն ԽԿ–ի երկու ծրագրերի շրջանակներում՝ անգլերեն լեզվի ուսուցում և համայնքի ու երիտասարդության զարգացում։
Միջոցառումը անցկացվեց Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, որտեղ ներկա էին 250 հանդիսատես, այդ թվում՝ նախարարությունների ներկայացուցիչներ, մարզպետներ ու միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միջոցառումը նաև տոնում էր 11 շաբաթյա դասընթացի հաջող ավարտը, որի ընթացքում կամավորները նաև սովորել էին ինտենսիվ հայերեն։
Միջոցառման ժամանակ կամավորները ներկայացրեցին հայերեն երգ, և հյուրերի հետ կիսեցին Հայաստանից ստացած իրենց տպավորությունները։ Կամավորների այս նոր խումբը կհամալրի արդեն աշխատող կամավորների շարքերն ու Հայաստանի դպրոցներում, համալսարաններում և հասարակական կազմակերպություններում աշխատող կամավորների թիվը կհասնի մոտ 80-ի:
ԱՄՆ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961թ. ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի կողմից և այդ ժամանկից ի վեր ավելի քան 200 000 կամավոր է ծառայել ավելի քան 100 երկրում։ 1992թ–ից մինչ այսօր Հայաստանում աշխատել են Խաղաղության կորպուսի ավելի քան 750 կամավոր:
Խաղաղության կորպուսը ունի երեք նպատակ՝ մասնագիտական օգնություն ցուցաբերել հյուրընկալող երկրին, օգնել հյուրընկալող երկրի ժողովրդին ավելի լավ ճանաչել ամերիկյան ժողովրդին և օգնել ամերիկյան ժողովրդին ավելի լավ ճանաչել հյուրընկալող ժողովրդին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել